Ստեղծվել է Մարսի ինտերակտիվ քարտեզ, որի վրա յուրաքանչյուրը կարող է գտնել ժայռեր և փոթորիկների հետքեր
Advertisement 1000 x 90

Ստեղծվել է Մարսի ինտերակտիվ քարտեզ, որի վրա յուրաքանչյուրը կարող է գտնել ժայռեր և փոթորիկների հետքեր

Համացանցում Մարսի նոր ինտերակտիվ քարտեզ է հրապարակվել, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել ժայռեր, հարվածային խառնարաններ և փոթորիկների հետքեր՝ զարմանալի մանրամասներով։

Քարտեզը կազմվել է NASA-ի Mars Reconnaissance Orbiter ուղեծրային սարքի (MRO) սև-սպիտակ համատեքստային տեսախցիկի (CTX) կողմից արված 110,000 նկարների հիման վրա:

Սա ամենամանրամասն քարտեզն է երբևէ ստեղծված ամենաբարձր լուծաչափով (25 քմ մակերես մեկ պիքսելում): Այն ստեղծել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Բրյուս Մյուրեյի անվան մոլորակային վիզուալիզացիայի լաբորատորիայի աշխատկիցները վեց տարվա ընթացքում։

Քարտեզը ստեղծելու համար թիմը մշակել է ալգորիթմ, որն ավտոմատ կերպով միավորել է լուսանկարները՝ հիմնվելով դրանց վրա պատկերված մակերեսի մանրամասների վրա: Այնուամենայնիվ, 13,000 լուսանկար, որոնք ալգորիթմը չի կարողացել մշակել, մասնագետներն ստիպված են եղել ձեռքով կցել քարտեզին։

Քարտեզն այնքան մանրամասն է, որ այն արդեն մեջբերվել է ավելի քան 120 գրախոսվող գիտական ​​հոդվածներում: Միևնույն ժամանակ, քարտեզն այնքան պարզ է, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, թե ինչպես օգտագործել այն:

Նոր քարտեզի տակ կան կոճակներ, որոնք թույլ են տալիս արագ գտնել այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Գեյլի խառնարանը և Ջեզերոյի խառնարանը, որոնք ուսումնասիրում են NASA-ի Curiosity և Perseverance մարսագնացներ: Կարելի է նաև ձեռքով պտտել մոլորակի 3D պատկերը և դիտել հետաքրքրող կետերը:

Այնուամենայնիվ, քարտեզի վրա կան բացեր. դրանք մոլորակի այն մասերն են, որոնք CTX-ի կողմից չեն նկարահանվել, երբ արդեն մեկնարկել էին այս նախագծի վրա աշխատանքները։ Քարտեզի վրա տեսանելի չեն նաև ամպերով կամ փոշով ծածկված տարածքները:

news.am