Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ «օդից ավիավառելիք» արտահայտությունը ֆանտազիայից վերածվել է իրականության։ Ինքնաթիռների համար էկոլոգիապես մաքուր վառելիքի մշակմամբ զբաղվող ամերիկյան Air Company ընկերությունը Պենտագոնի հետ 65 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ օդից կորզված CO2-ի հիման վրա վառելիք արտադրելու համար:
Ըստ Air Company-ի՝ վառելիքը կարտադրվի Fischer-Tropsch քիմիական ռեակցիայի միջոցով, որի ժամանակ ածխածնի մոնօքսիդը (CO) և ջրածինը H2-ը կատալիզատորի միջոցով վերածվում են տարբեր հեղուկ ածխաջրածինների։ Թորումից հետո առաջացած բաղադրիչներն առանձնացվում են։ Դրանք հետո կարող են օգտագործվել, օրինակ՝ օղու, օծանելիքի և ախտահանիչ նյութերի արտադրության մեջ։
Առայժմ ընկերության՝ էկոլոգիապես մաքուր նոր վառելիք արտադրելու նախագիծը չի կարող ազդել CO2-ի համաշխարհային մակարդակի վրա։ Այնուամենայնիվ, ըստ Air Company-ի գործադիր տնօրեն Գրեգորի Կոնստանտինի, եթե այլ խոշոր արտադրողները ևս ավիավառելիքի արտադրության մեջ օգտագործեն այս տեխնոլոգիան, CO2-ի արտանետումները մոտ ապագայում կարող են կրճատվել 10%-ով:
Նոր վառելիքի արդյունավետությունն արդեն հաստատվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և հոլանդական KLM ավիաընկերության կողմից իրականացված փորձարկումներից հետո, իսկ երեք այլ ավիաընկերություններ (Boom, JetBlue և Virgin Atlantic) երկարաժամկետ պայմանագրեր են կնքել դրա մատակարարման համար։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը