Տհաճ է, երբ քթները մտցում են մեքենադ. Վարորդների մի մասը դեմ է կողային ապակիների թաղանթապատումը հեռացնելու որոշմանը
Advertisement 1000 x 90

Տհաճ է, երբ քթները մտցում են մեքենադ. Վարորդների մի մասը դեմ է կողային ապակիների թաղանթապատումը հեռացնելու որոշմանը

Հունիսի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցների վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ներքին գործերի նախարարությունը վարորդներին կոչ է արել հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։ Կոչին, սակայն, վարորդների մեծ մասը հետևում է, մի մասն էլ մտածում է, որ անգամ կարելի է բողոքի ակցիա կազմակերպել ու հայտնել դժգոհությունը:

«Իմ մեքենայի ապակիները թաղանթապատ են, ու տհաճ է, երբ քթները մտցում են մեքենադ՝ տեսնեն՝ ով կա մեջը, հետո շոգ եղանակին արևահարվում ենք, դրա համար ես դեմ եմ այս որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ, սակայն, չի հասկանում այս «ըմբոստության» պատճառը:

«Դե, որ լավ տղա են, թող Վրաստան մտնելուց չպոկեն ու թաղանթապատ ապակիներով վարեն այնտեղ: Թե չէ գնում են Վրաստան, գալիս են ու ասում՝ օրենքի երկիր է»,- նշեց նա:

Մեկ ուրիշ վարորդ էլ կարևորեց ապակիների լուսաթափանցելիության չափման սարքի ստույգ արդյունքը ներկայացնելը:

«Պարեկներն ապակիների լուսաթափանցելիության չափումն իրականացնում են այս սարքերով, որոնք իբր Չափագրման կենտրոնի կողմից անցել են ստուգաչափում, բայց տվյալ սարքերի մասին ինֆորմացիա փնտրելիս պարզ է դառնում, որ արտադրողի փոխանցմամբ՝ այն կարող է ունենալ 2 տոկոս շեղում: Համացանցում կարդացի, որ երեկվա ստուգումների արդյունքում նույն մեքենան մի քանի անգամ չափելիս ցույց է տվել այդ տոկոսից ավել շեղում: Կարծում եմ, պետք է պարտադիր պահանջ լինի, որ չափեն 3 անգամ, և լինի շեղման հնարավոր չափ, ու նոր դրանից հետո, եթե բոլոր արդյունքներն էլ գերազանցեն նորման՝ տուգանեն»,- եզրափակեց վարորդը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ