«MetaGait»-ն աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է, որը ստեղծվել է Հայաստանում, հաշմանդամություն ունեցող հայ զինվորների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար։
Այն կանխում է չքայլելու հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ, որոշները՝ անգամ մահացու։ Սարքն իրականացնում է քայլի իմիտացիա։ Երբեմն էլ վերականգնվում է քայլը։
Նախագծի հեղինակները նշում են, որ հաշմանդամություն ունեցող 9000 հայ զինվորներից 350-ը տեղաշարժվում են սայլակով, 125-ի վիճակը ծանր է: Չքայլելու հետևանքով առաջանում են 30+ հիվանդություններ, որոշները՝ մահացու։ MetaGait-ը կանխարգելում է դրանք։
Չքայլելու հետևանքով կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ պառկելախոցը, սրտանոթային համակարգի դեգեներատիվ փոփոխությունները, օրթոստատիկ հիպոթենզիան, երակային կանգը, խորը երակային թրոմբոզը, թոքային էմբոլիան և այն։
MetaGait-ն աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքն է՝ համալրված վիրտուալ իրականությամբ։
MetaGait-ը ստեղծվել է Հայաստանում, հաշմանդամություն ունեցող հայ զինվորների համար և պատենտավորված է աշխարհի 156 երկրներում։
Սարքը հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս սենսորների միջոցով, վիրտուալ միջավայր է ստեղծում՝ մշտապես հարմարեցնելով բուժառուին, նոր նեյրոնային կապեր է ձևավորում ուղեղում՝ ակտիվացնելով մկանային հիշողությունը, սենսորի միջոցով բժշկին են փոխանցվում բուժառուի կատարած քայլերի, անցած ճանապարհի և ծախսած կալորիաների տվյալները։
Քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թ.-ից, կինեզիստ Դավիթ Արսենյանն ակտիվորեն սկսեց աշխատել վիրավոր զինվորների հետ՝ զուգահեռաբար մշակելով «MetaGait» սարքի նախնական տարբերակը։ Ապա հիմնելով «ՔայլՏեք» ընկերությունը՝ Դավիթն իր թիմի հետ տարիներ շարունակ ողջ ներուժը կենտրոնացրեց մեր մարտիկների խնդրին արժանի լուծում գտնելու համար։
Բոլոր փորձարկումները գրանցում էին դրական արդյունքներ։
Այս նորարարական լուծումը դրական արդյունքներ է գրանցել նաև մանկական ուղեղային կաթված ունեցող, գլխուղեղի և ողնուղեղի տրավմաներ ունեցող երեխաների քայլքի զարգացման գործում։
Երեխաներն ընդամենը մեկ ձեռքով շարժման մեջ են դնում սարքի բոլոր բաղադրիչները՝ միաժամանակ շարժման մեջ դնելով մարմնի բոլոր հատվածները։
Մի քանի կարևոր հարցեր՝ կապված սարքի հետ։
Ինչպե՞ս է «MetaGait»-ը նպաստում առողջական վիճակի բարելավմանը
Ունի դինամիկ ազդեցություն հենաշարժողական համակարգի վրա,
նվազեցնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը,
խթանում է շնչառական համակարգը,
բարելավում է արյան շրջանառությունը,
կանխարգելում է միզուղիների ինֆեկցիաները,
կանխում է ջիլերի, հոդերի աշխատանքի սահմանափակումը և դեգեներացիան,
բարելավում է հոգեբանական-հուզական վիճակը։
Ինչպե՞ս է կառավարվում «MetaGait»-ը
Կառավարվում է «ՔայլՏեք» ընկերության կողմից նախագծվող անկյան սենսորներով, կառավարման վահանակներով և «Oculus Quest 2» սարքով։
Արդյո՞ք «MetaGait»-ը նորարարություն է համաշխարհային բժշկության ոլորտում
Այո, քանի որ դրա միջոցով իրականացվում է հեռավար նեյրոռեաբիլիտացիա՝ հնարավորություն տալով հաշվել և գրանցել բուժառուի քայլերը, անցած ճանապարհը և ծախսած կալորիաները։
Հնարավորություն է տալիս համատեղել բուժումը խաղերի հետ` խաղացողների միջև ստեղծելով թիմեր՝ նպաստելով նյարդային կենտրոնների վերականգնմանը, նոր կենտրոնների ու նեյրոնային կապերի ձևավորմանը։
Ինչպե՞ս են օգնում վիրտուալ խաղերը բուժման ընթացքին
Մարզման ընթացքում ապահովում է հետաքրքիր ժամանց։
Վիրտուալ խաղերի միջոցով ակտիվացնում է ուղեղի մկանային հիշողությունը, վերականգնում նյարդային կենտրոնները և ձևավորում նոր նեյրոնային կապեր։
Խաղերի տեսարանները և ռելիեֆն ադապտացվում են՝ կախված, թե բուժառուի որ մկանն է անհրաժեշտ զարգացնել:
Խաղերի միջոցով հնարավորություն է ընձեռվում տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը։
Ի՞նչ խաղեր են հասանելի VR ակնոցով։
«MetaGait» դահուկասահք
Խաղը նախատեսված է մեծահասակների և երեխաների համար։ Այն էքստրեմալ սպորտաձև է, որի միջոցով բուժառուի մոտ էքստրիմի, էմոցիաների շնորհիվ իրականացվում է խաղային վերականգնողական թերապիա։
Կիբերտուրիզմ
Այստեղ ներկայացվում են մեր մշակութային տարբեր վայրերը, որտեղ բուժառուն հնարավորություն ունի զբոսնելու, ծանոթանալու միջավայրին և իրականացնելու վիրտուալ տուր։
«MetaGait»-ը նաև քայլելու հնարավորություն է տալիս։
Օրինակ, Դավիթ Մելիքբեկյանն արդեն քայլում է։
Դավիթ վիրավորում է ստացել 2019 թվականի դեկտեմբերի 2-ին՝ մարտական գործողությունների ընթացքում, Մարտակերտ քաղաքում, որի հետևանքով ձեռք է բերել 1-ին կարգի հաշմանդամություն, սակայն 2021 թվականի մայիսից սկսած՝ ստանալով իր Քայլաբեր սարքը՝ «MetaGait» սարքի նախատիպը, ու մշտապես օգտագործելով այն, 8 ամիս անց նա կարողացել է առաջին քայլերն անել։
44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանն էլ է ստացել իր «MetaGait»-ը։
Այն հարցին, թե ինչպես է իրեն տեսնում ապագայում, Սեյրանը պատասխանեց.
– Իմ ներկան ինձ դուր է գալիս։ Իսկ իմ ապագան ստեղծում եմ՝ ներկայում ապրելով:
Երկրորդ «MetaGait»-ը հանձնվեց քառօրյա պատերազմի մասնակից Նորայր Ավագյանին։
Նորայրն ապագայում իրեն տեսնում է առողջ, նկարչությամբ զբաղվելիս ու փայտից փորագրված իրեր պատրաստելիս.
«Այսօրվանից շա՜տ ինտենսիվ պարապելու եմ։ Մյուս տղաների հետ էլ միասին պարբերաբար կմարզվենք»։
«MetaGait»-ի արժեքը 3,000,000 դրամ է, սակայն Դավիթն ու իր թիմը պատրաստ են արտադրել սարքերն իրենց ինքնարժեքով՝ հանուն մեր զինվորների և երեխաների առողջության։ Այս պահին reArmenia հարթակում շարունակվում է սարքի արտադրման համար նախատեսված դրամահավաքը։ Ներառված են նաև արտադրման, տեղափոխման և ընթացիկ սպասարկման ծախսերը։
Սիրարփի Աղաբաբյան