Կուբայի հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի: Այդ ուղևորության մեջ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, բայց ոչ նրա համար: 1960թ. փետրվարին Հավանայում Խաչատրյանը ներկայացրեց իր Երկրորդ սիմֆոնիան: Նա նաև խմբավարն էր: Ելույթի հաջողությունը մեծ էր:
Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց հայ երգահանին, իսկ դահլիճից ստացած բազում երկտողերի թվում կար նաև այս մեկը. «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը Ձեր սիմֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»: Երկտողի հեղինակն աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի կինն էր` Մերի Ուելշը:
Հեմինգուեյի գրչով հիացած և նրա ստեղծագործություններին լավ ծանոթ կոմպոզիտորի համար նման մեկից գովասանքի խոսքեր լսելը պիտի որ կրկնակի հաճելի լիներ: Սակայն ամենամեծ անակնկալը` արվեստի երկու հզոր ներկայացուցիչների հանդիպումը, դեռ առջևում էր:
Պետք է ենթադրել, որ հենց Մերիի նախաձեռնությամբ էլ հնարավոր է դարձել Խաչատրյանի, նրա կնոջ` Նինա Մարկովնայի և Հեմինգուեյի տեսակցությունը: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև նշանավոր խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին` Սերգոն, ով նույնպես այդ օրերին հոր հետ գտնվում էր Կուբայում: Իր հուշերում գրում է. «…Այլ նվերների շարքում մենք Հեմինգուեյին տարել էինք նաև մի շիշ ռուսական օղի: Եվ զարմանքով նրա սեղանին նկատեցինք ճիշտ այդպիսի մի շիշ, բայց արդեն բացված:
— Մի քանի օր առաջ ես իմացա, որ Հավանայում է գտնվում հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը,- ասաց նա:- Մենք նրան հրավիրեցինք մեզ մոտ: Ճաշի սեղանի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա և իր կինը մեզ շատ դուր եկան: Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ ինձ թողեց այս շիշը»:
Հիշյալ հանդիպման ականատեսներից մեկն էլ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևն էր: Հեմինգուեյին հյուրընկալելիս նա ընկերացել է Խաչատրյանին:
Այդ տարիներին ամերիկացի գրողը բնակվում էր Հավանայից ոչ հեռու գտնվող «Լա Վիխիա» առանձնատանը: Այստեղ էր նա ընդունում հազարավոր երկրպագուների, որոնք ժամանում էին աշխարհի տարբեր անկյուններից: Խաչատրյանի հյուրընկալումն առավել քան ջերմ էր: Սկզբում, համաձայն ամերիկյան ավանդույթի, տանտերերը նրանց ուղեկցել են եռահարկ շինության բոլոր հարկաբաժիներով: Կուզմիշևն իր հուշերում պատմում է. «Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»: Սակայն սա դեռ բոլորը չէր: Պարզվել է, որ Հեմինգուեյն ունեցել է Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների հավաքածու` շուրջ 15 ձայնասկավառակներ ու մագնիտոֆոնային ժապավեններ:
«Հեմինգուեյը բառացիորեն ցնցեց Արամ Իլյիչին, երբ առանձնակի բարեկամական և հարգալից շարժումով հյուրասենյակի պահարաններից մեկում ցույց տվեց մագնիտոֆոնային ձայներիզները և ասաց. «Սրանք Ձեր երաժշտություններն են, մաեստրո»:
— Իսկ ինչու՞ են դրանք այստեղ,- ակնհայտորեն հանկարծակիի եկած այն փաստից, որ Հեմենգուեյի մոտ կան իր ստեղծագործությունների ձայնագրությունները, շփոթված հարցրեց Խաչատրյանը:
Բոլորը, բացի կոմպոզիտորից, բնականաբար, ծիծաղեցին: Իսկ նա, շարունակելով տարակուսել, երկու-երեք անգամ հարցրեց. «Այստեղ ի՞նչ կա ծիծաղելի: Ինչո՞ւ եք ծիծաղում»: Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը` հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. «Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:
Երկու մեծերի հանդիպման մասին կա ևս մի վկայություն, որը գրառել է հայազգի ճանաչված գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը: Նա իր «Սոլո ունդերվունդի համար» ստեղծագործության մեջ մի այսպիսի դրվագ է նկարագրել. «Խաչատրյանը եկավ Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել: Խաչատրյանն անգլերենով ինչ-որ բան ասաց: Հեմինգուեյը հարցրեց.
— Դուք խոսու՞մ եք անգլերեն:
Խաչատրյանը պատասխանեց.
— Մի քիչ:
— Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը»:
Հետաքրքրական է, որ նույն Սերգո Միկոյանը պնդում է, թե այս երկխոսությունը տեղի է ունեցել իր հետ, մինչդեռ Դովլաթովն առանց հիմքի այն վերագրել է Խաչատրյանին:
Ամեն դեպքում, անկախ այն բանից, թե ում անգլերենի իմացության մասին է խոսել Հեմինգուեյը, դա չի խանգարել անկեղծ ու անմիջական երկխոսությանը: Ներկաների վկայության համաձայն, ճաշի ժամանակ նրանք զրուցում էին գրականության, երաժշտության, Կուբայի, Ռուսաստանի և Իսպանիայի` Հեմինգուեյի հավերժական սիրո մասին: Հաճելի էր փաստելը, որ բազմաթիվ հարցերում նրանք համակարծիք էին: Եվ դա զարմանալի չէր: Երկուսի համար էլ գնահատելին համամարդկային արժեքներն էին, որոնք չեն ճանաչում սահմաններ, ժամանակ և քաղաքականություն:
Որպես հիշատակ իրենց առաջին հանդիպումից, նրանք լուսանկարվել են առանձնատան բակում աճող նշանավոր սեյբա ծառի մոտ: Իսկ հրաժեշտի ժամանակ տանտերն առաջնորդվել է կուբայական ավանդույթներով, որտեղ տղամարդիկ երկար իրար ձեռք են թոթվում, իսկ կանայք ողջագուրվում են:
Ասում է, որ երբ մեկ ամիս անց Հեմինգուեյին այցելել են խորհրդային մեկ այլ պատվիրակության անդամներ, գրողը նրանց հյուրասիրել է Խաչատրյանի նվիրած հայկական կոնյակով և հիշել, որ Խաչատրյանն այն հանձնելիս առանձնակի հպարտությամբ շեշտել էր. «Երևանից է»:
Դժվար էր հավատալ, որ այս հանդիպումից մեկ տարի անց ամուր, կենսախինդ, նորանոր ծրագրեր նախագծող Էռնեստ Հեմինգուեյը պիտի ինքնասպան լիներ․․․
Աղբյուրը՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ