Ալկոհոլային ըմպելիքների բոլոր տեսակները կապված են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թերապևտ Օքսանա Դրապկինային։ Ընդ որում՝ տվյալ պարագայում ալկոհոլի որակը որևէ նշանակություն չունի, քանի որ հավասարապես վտանգված են ինչպես բարձրորակ ոգելից խմիչքներ օգտագործողները, այնպես էլ էժանագին ալկոհոլ խմողները։
Միևնույն ժամանակ նշանակություն ունի օգտագործվող ալկոհոլի ծավալը, քանի որ որքան շատ ալկոհոլ է մարդն օգտագործում, այնքան մեծ է լինում քաղցկեղի զարգացման վտանգը։
Փորձագետը նաև հիշեցրել է, որ քաղցկեղի հնարավոր զարգացումից բացի, ոգելից խմիչքների գործածությունը կարող է հանգեցնել նաև այլ վտանգավոր հիվանդության զարգացման, քանի որ տոքսիկ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ընդ որում, նման հիվանդությունների թիվը գերազանցում է 200-ը և դրանց շարքին են դասվում մարսողական համակարգի լուրջ հիվանդությունները, սրտանոթային հիվանդություններն ու անգամ հոգեկան խանգարումները։