Ռուս հանրահայտ բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում բացատրել է՝ ինչով է պայմանավորված, որ տղամարդիկ ավելի խոցելի են սթրեսի նկատմամբ։
«Կանացի մարմինն ավելի սովոր է սթրեսին։ Էստրոգենը, որը դուք ունեք, պարզապես սթրեսից պաշտպանող բնական մեխանիզմ է, մենք այն չունենք»,- նշել է հեռուստահաղորդավարը։ Նրա խոսքով՝ տղամարդկանց համար սթրեսը մարտահրավեր է, մինչդեռ կանայք պաշտպանված են դրանից։
Սթրեսի մակարդակը նվազեցնելու համար Մյասնիկովը խորհուրդ է տվել պահպանել առօրյա ռեժիմն ու քնի հիգիենան, մեդիտացիա անել, մարզվել ու զտել տեղեկատվական դաշտը։ Բացի այդ, հարկավոր է նաև բարձրացնել էնդորֆինների մակարդակը, իսկ այս հարցում հիանալի օգնական կլինեն, օրինակ, երաժշտությունը, ընթերցանությունը, մտերիմների հետ շփումը կամ մերսումը։
Բժիշկը նախազգուշացրել է, որ բոլոր հիվանդություններն այս կամ այն կերպ կապված են սթրեսի հետ։ Օրինակ՝ չափազանց մեծ հոգեհուզական ծանրաբեռնվածության ֆոնին կարող են զարգանալ զարկերակային գերճնշում, գաստրիտ, ընկճախտ, միգրեն, պսորիազ ու ռևմատոիդ արթրիտ։