14-ամյա տղան ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն երիտասարդ գիտնական՝ մաշկի քաղցկեղը բուժող օճառ ստեղծելու համար: Վիրջինիա նահանգի Անանդեյլ քաղաքի W.T. Woodson ավագ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Հեման Բեկելեն 2023 թվականի 3M Young Scientists Challenge-ում հաղթել է ինը այլ մասնակցի և շահել 25,000 դոլար գլխավոր մրցանակը, գրում է Daily Mail-ը:
Բեկելեն պատրաստել է քաղցկեղի դեմ պայքարող օճառ՝ բժշկական օճառին հավելացնելով երեք բաղադրիչ (սալիցիլաթթու, գլիկոլաթթու, տրտինոին), որոնք վերաակտիվացնում են դենդրիտային բջիջները, որոնք էլ իրենց հերթին իմունային պատասխան են առաջացնում քաղցկեղի դեմ պայքարում:
Դեռահասի ստեղծած օճառը ոչ միայն օգնում է պայքարել մաշկի քաղցկեղի դեմ, այլև բավականին մատչելի է. մեկ օճառն արժե ընդամենը 0,50 դոլար: Հաջորդ հինգ տարվա ընթացքում Բեկելեն հույս ունի կատարելագործել այս գյուտը և ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ այս մատչելի լուծումը կարիքավոր համայնքներին բաժանելու համար:
«Մաշկի քաղցկեղը հիմնականում հանդիպում է զարգացող երկրներում ապրող մարդկանց մոտ: Բայց վիրահատության միջին գինը 40,000 դոլար է: Ես ցնցված էի այն փաստից, որ մարդիկ ընտրում են բուժման և իրենց ընտանիքներին կերակրելու միջև: Այնքան շատ են մահերը, որոնք հնարավոր էր կանխարգելել», – ասել է Բեկելեն: