Սմարթֆոնների և խելացի բարձրախոսների ձայնային օգնականները կարող են գաղտնալսել օգտատերերին և հավաքել տեղեկություններ, որոնց հիման վրա օգտատերին համացանցում կառաջարկվի գովազդ, որը կհամապատասխանի նրանց հետաքրքրություններին: Այս երևույթը կոչվում է գովազդային պրոֆիլավորում։
«Եթե ունեք խելացի բարձրախոսներ, կամ եթե ձեր հեռախոսում ակտիվացրել եք խոշոր ընկերությունների ձայնային օգնականը և ինչ-որ բանի մասին եք խոսում նրանց ներկայությամբ, դուք պրոֆիլավորված կլինեք»,- ասել է վերլուծաբան Էլդար Մուրթազինը։
Պրոֆիլավորումը, ինչպես բացատրել է վերլուծաբանը, ներառում է գովազդատուի համար օգտատիրոջ «դիմանկարի» պատրաստումը: Այս պրոֆիլը կազմվում է բանալի բառերի և արտահայտությունների հիման վրա, որոնք ձայնային օգնականները դուրս են բերում օգտատիրոջ խոսքից:
Հետաքրքիր է, որ նման տվյալները համարվում են անձնական, սակայն դրանց հավաքումը օրինական է: Ընդ որում, գաղտնալսման ու պրոֆիլավորման գործընթացն իրականացվում է ոչ թե մարդկանց, այլ արհեստական բանականության միջոցով։
«Օրինակ՝ եթե քննարկում եք զբոսանավ գնելու թեման, ապա մեկ-երկու կամ երեք ժամից ձեզ կցուցադրվի համատեքստային գովազդ զբոսանավերի վաճառքի, ծովի, հարակից ապրանքների և այլնի մասին», նշել է մասնագետը։