Ռիո դե Ժանեյրոյի CLINIMEX սպորտային բժշկության կլինիկայի հետազոտողները հայտնաբերել են, որ եթե 50-70 տարեկանում մարդիկ կարող են տասը վայրկյան պահել հավասարակշռությունը մեկ ոտքի վրա, նրանք իրենց հասակակիցներից ավելի երկար ապրելու հնարավորություն ունեն։
British Journal of Sports Medicine (BJSM) ամսագրում հրապարակված նյութը դարձել է այն հետազոտության արդյունքը, որին մասնակցել է մոտ 1 700 մարդ։ Փորձն իրականացնողները առաջարկել են փորձարկվողներին տասը վայրկյան կանգնել մեկ ոտքի վրա, իսկ երկրորդ խմբի մասնակիցները պետք է ծալեին ծունկը եւ հետ ուղղեին այն։
Առաջարկվում էր ձեռքերը իջեցնել եւ պահել մարմնի երկայնքով։ Մասնակիցների ընդհանուր թվից 348 մարդ՝ մոտ 20 տոկոս, չի կարողացել պահել մարմնի հավասարակշռությունը նշված ժամանակում։ Փորձից հետո մասնակիցներին հետեւել են յոթ տարի։
Այդ ընթացքում մահացել է 123 մարդ։ Ընդ որում՝ նրանք, ովքեր հավասարակշռությունը պահել չեն կարողացել, մահացածների մեջ երեք անգամ ավելին են եղել, քան փորձությունը հաղթահարածները։
Ծերացումն անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական կեցվածքի աստիճանական վատացման, ինչը դրսեւորվում է այնպիսի ցուցանիշների վատթարացմամբ, ինչպիսին են ուժը, ճկունությունը եւ հավասարակշռությունը։ Տարիքն ուղեկցվում է նաեւ մկանային զանգվածի նվազմամբ՝ ճարպայինի ավելացմանը զուգընթաց։