Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի «Embodied» ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասի CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխությունում «Արհեստական բանականություն» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied, Inc. ընկերության կողմից:
Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները:
Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։
Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին»,-ասված է հայտարարության մեջ։