Google-ը արբանյակ կուղարկի Երկրի ցածր ուղեծիր՝ վնասակար արտանետումները վերահսկելու համար: Այս մասին հաղորդվում է ամերիկյան կորպորացիայի պաշտոնական բլոգում։
Աշխատանքներն իրականացվում են Environmental Defense Fund (EDF) բնապահպանական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Մեթանի արտահոսքը հայտնաբերելու համար ընկերության մասնագետները Հարվարդի և Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականների հետ միասին մշակել են Google Cloud-ի վրա հիմնված ալգորիթմներ։ Արհեստական ինտելեկտը հնարավորություն կտա ավտոմատ կերպով հայտնաբերել տիեզերքից նավթի և գազի ենթակառուցվածքի օբյեկտները՝ խողովակաշարերն ու ջրամբարները։ Տեխնոլոգիան կօգնի պարզել, թե որ հանգույցներում են առավել հաճախ տեղի ունենում ջերմոցային գազերի արտանետումները:
Արբանյակի արձակումը նախատեսված է 2024 թվականի մարտին։ Այն տիեզերք կհասցվի SpaceX Falcon 9 հրթիռի միջոցով: Համակարգը կչափի մեթանի մակարդակը աշխարհի խոշորագույն նավթագազային շրջաններում օրական 15 անգամ: Մոնիտորինգի արդյունքները կներկայացվեն հանրությանը: