ԱՄՆ Տեխասի համալսարանին կից դեմքի ցավի ուսումնասիրման եւ քնի բժշկության կլինիկական կենտրոնի տնօրեն Սթիվեն Բենդերը The Conversation-ին պատմել է, որ կարճ ցերեկային քունը բարձրացնում է մտավոր գործունեության արդյունավետությունը, այն դեպքում, երբ երկարատեւը (ավելի քան 30 րոպե) կարող է խախտել ցիրկադային ռիթմերը եւ վատացնել կոգնիտիվ գործառույթները։
Բենդերը նշել է, որ ցերեկվա կարճ քնի օգուտը պարզվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Ցերեկային քունը (20 րոպե) կարող է բարելավել ուշադրությունն ու հիշողությոնը, ինչպես նաեւ բարձրացնել զգոնությունն ու ռեակցիայի արագությունը։ Նշվել է նաեւ, որ այս ձեւաչափով հանգիստը հարաբերակցվում է ստեղծարար մտածողության զարգացման հետ։
Բացի այդ, ցերեկվա քունը կարող է նպաստել նոր շարժողական հմտությունների յուրացմանը, ինչպիսին է երաժշտական գործիք նվագելը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նման ակտիվության շրջանակներն ամրապնդվում են ուղեղում քնի ժամանակ։
Քնի բժշկության ոլորտի մասնագետն ավելացրել է, որ այդ առավելությունները կարող է ապահովել կարճատեւ քունը։ Դրա հետ միաժամանակ, երկարատեւ ցերեկային քնից հետո (ավելի քան 30 րոպե) մարդը կարող է հոգնածություն զգալ, ապակողմնորոշվածության եւ մտավոր աշխատունակության զգացողություն ունենալ հետագա ժամանակի ընթացքում։
Երկարատեւ ցերեկային քունը կարող է նաեւ «խանգարել» գիշերվա քնին՝ հանգեցնելով քնելու հետ կապված դժվարությունների կամ անքնության։ Քնի եւ արթուն լինելու ցիկլի նման խանգարումները կարող են ընդհանուր քնատության պատճառ դառնալ, որը կարող է զգալի վնաս հասցնել առողջությանը։ Քնի անբավարարության բացասական հետեւանքներից է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ հիպերխոլեստերինեմիայի առաջացման վտանգը։