Պետգանձարանի մարգարիտները հանվելու են աճուրդի. որտեղի՞ց են դրանք, ի՞նչ արժեն և ո՞վ կարող է գնել. newmag.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պետգանձարանի մարգարիտները հանվելու են աճուրդի. որտեղի՞ց են դրանք, ի՞նչ արժեն և ո՞վ կարող է գնել. newmag.am

Գանձարանի բունկերում պահվող մարգարիտներն աճեցված կամ կուլտիվացված են: Դրանք պահվում են` կայուն` +17, 18 ջերմաստիճանում: Մարգարիտներն արևի լույս չպետք է տեսնեն:Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման դժվարության պատճառով դարեր շարունակ մարգարիտները դասվում են թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում են զարդերի մեջ։

Հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար մարգարիտներն ամենանախընտրելի քարերից են: Մարգարիտի որսը շատ ծանր և վտանգավոր զբաղմունք է։ «Որսորդները դրանք ձեռք բերելու համար նախ ծովերի հատակներից հավաքում են փափկամորթներին, և միայն ափին բացում են դրանց խեցիները։ Սովորաբար 30-40 խեցիներից միայն մեկում է մարգարիտ լինում։

Մարգարիտները, սակայն, տարիների ընթացքում քայքայվում, չորանում և փչանում են: Դրանց պահպանման համար մեծ ծախսեր են պահանջվում: Դա է պատճառը, որ կառավարությունը որոշեց աճուրդի հանել գանձարանի մարգարիտները: Գանձարանի պետն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում`գանձարանից մեկ հատիկ գանձ դուրս չի եկել ու չի վաճառվել: Մեր գանձարանում պահպանվող մարգարիտները 90-ականներին ինչ-որ մեկը ցանկացել է Հայաստան ներմուծել մաքսանենգ ճանապարհով : Պետությունը բռնագրավել է դրանք, ուղարկել` պետական գանձարան:

Արհեստական աճեցված մարգարիտների վաճառքի մեկնարկային արժեքը մեկ գրամի համար սկսվում է 60 դրամից:Հայաստանի պետական գանձարանում մոտ 102 կիլոգրամ մարգարիտ կա, որի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն. 200 հազար դրամ, կամ`13 հազար դոլար: «Շատ ավելի խելամիտ է, որ այդ մարգարիտները օտարվեն, գումարը մուտքագրվի բյուջե, կամ ինչ որ գանձ ձեռք բերվի, որը անհրաժեշտ կլինի պետության համար: 102 կիլոգրամի մարգարիտի համար չես կարող 500 մարդ պահել, որպեսզի յուրաքանչյուր մարգարիտի համար ինքը հոգ տանի», –  ասում է մեր երկրի ֆինանսների նախարարը:

Գանձարանի արհեստական մարգարիտները դրվելու են աճուրդի, ընդ որում դրանց վաճառքը լինելու է ամբողջությամբ թափանցիկ: Պետական գույքի կառավարման վարչության հետ պայմանավորվածությունը կա: Մարգարիտների վաճառքը հնարավոր է, որ հենց այդ կառույցն իրականացնի:

Աշխարհում մարգարիտների 99 տոկոսը արհեստական ձևով է աճեցվում: Մարգարիտը համարվում է ամենահարգի զարդի վերածված կենդանի էակ: Այն պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում: Սակայն, ճիշտ խնամքի դեպքում մարգարտի կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի: Մարգարիտը պետք է անընդհատ կրել, այդպես քարերի կյանքն ավելի է երկարում: Այն պետք է շփվի մարմնի հետ:

Մարգարտային վերջին բումը 90-ականներին էր: Հենց այս տարիներին ամերիկացի երգիչ և երաժիշտ Պրինսը թողարկեց իր 13-րդ ալբոմը , որը կոչվեց «Diamonds and Pearls»: 21-րդ դարում մարգարիտը սեքս-խորհրդանիշ դարձրեց Սքարլեթ Յոհանսոնին` «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմի դերակատարուհուն: Ընդհանրապես մարգարիտը` ապրում է իր տիրոջ, ավելի ճիշտ` տիրուհու կյանքով` փայլում է նրա առողջությամբ, գունատվում` նրա տկարության դեպքում, և կիսում նրա փառքը: Շուտով ավելի քան 20 տարի միայնության մեջ մնացած մարգարիտները կունենան նոր խնամք ու նոր պարանոցներ` հպվելու և փայլելու համար:

newmag.am