Զարդերի հավաքածուն, որը արքայադուստր Դիանան կրել է մահից որոշ ժամանակ առաջ, կվաճառվի Guernsey’s աճուրդի տան կողմից։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Խոսքն այն վզնոցի մասին է, որը արքայադուստր Դիանան կրել է 1997 թվականի հունիսի 3-ին Լոնդոնի Royal Albert Hall-ում՝ «Կարապի լիճ» բալետ այցելության ժամանակ։ Զարդերը ստեղծվել են բրիտանական Garrard ոսկերչական տան կողմից՝ արքայադուստր Դիանայի սեփական էսքիզով։ Վզնոցը ստեղծելու համար ոսկերիչներն օգտագործել են 178 ադամանդ՝ 51 կարատ ընդհանուր քաշով եւ 7 միանման 12 մմ Հարավային ծովի մարգարիտ։ Այն կրելուց հետո վզնոցը վերադարձվել է Garrard, որպեսզի տան ոսկերիչները դրա համար ականջօղեր ստեղծեն։ Երբ հավաքածուն պատրաստ է եղել, Ուելսի արքայադուստրը մահացել էր ավտովթարից:
«Բոլոր զարդերը, որ կրում էր Դիանան, նրան թագուհին է տվել կամ պատկանել է թագին։ Նա կրում էր շատ տարբեր զարդեր, բայց սովորաբար դրանք իրենը չէին»,- WWD-ին ասել է Guernsey’s-ի նախագահ Արլան Էթինգերը։
Նրա կարծիքով՝ մարգարիտների եւ ադամանդների հավաքածուն, որը հետագայում կոչվեց «Կարապի լճի սյուիտ», կարող էր Դիանային նվեր լինել նրա սիրելիի՝ Harrods-ի ժառանգ Դոդի Ֆայեդի կողմից։