«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Թուրքիան իր ձգտումները երբեք չի թաքցրել, բայց երբևէ Հայաստանի որևէ իշխանության հետ Թուրքիան հիմնարար փաստաթուղթ՝ Սահմանադրություն փոխելու կամ այլ դետալիզացված բացահայտ պահանջներով հանդես չի եկել։ Հայաստանի նախկին որևէ իշխանության հետ Թուրքիան երբևէ, անգամ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում, նման տոնով չի խոսել: Թուրքիայից կամ որևէ այլ երկրից հարաբերություններ հաստատելիս նախկինում Հայաստանի իշխանություններին երբևէ Անկախության հռչակագրի դրույթները որպես փաստարկ չեն բերել։
Մեր անկախության Հռչակագրի նախաբանում գրված է, որ հիմք է ընդունվում մի կողմից՝ Առաջին Հանրապետության ժողովրդավարության ավանդույթները, մյուս կողմից՝ Խորհրդային Հայաստանի շարունակությունն է այդպիսով ֆիքսվում, բայց նաև շատ կարևոր դրույթ կա՝ մեջբերում ենք. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև՝ համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:
Եվ հիմա սա մեր հարևանները ֆիքսում են՝ որպես ծավալապաշտական նկրտում, որ օկուպանտ ենք, և այլն:
Երբևէ, այդ թվում՝ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը, նման բառապաշար, բառամթերք, մոտեցում չի եղել Թուրքիայի կամ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի կողմից, որևէ մեկն Անկախության հռչակագրի մեզ համար կարևոր այդ դրույթները երբևէ չի քննարկել:
Այլ երկրներ էլ կսկսեն օգտվել այդ իրավիճակից, իրենք էլ իրենց պահանջները ներկայացնեն: Եթե հետևեիք, թե ռուս վերլուծաբանների շրջանակներում արդեն ինչեր էին խոսում, օրինակ, ասում էին՝ Բելովեժսկի համաձայնագիրը երեք սլավոնական պետություններով են որոշել՝ Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, իսկ Հայաստանն այդ գործընթացին չի մասնակցել, հետո է օգտվել, Ալմա Աթայի ժամանակ են նոր բարձրացրել հարցը: Այսինքն՝ իրենք փորձում են, պատմականության դաշտի էքսպերտները, ինչ-որ տեսակետ առաջարկել, որով կստացվի, որ, օրինակ, Հայաստանի՝ Անկախության հռչակագրով, անգամ այդ գործընթացին չմասնակցած երկրների համար խնդրահարույց է: Սա շատ վատ միտում է մեզ համար, արհեստական շատ վտանգավոր նախադեպ ենք ստեղծում: Թուրքիայի էքսպերտական հանրույթում էլ շրջանառում էին, որ՝ այ, տեսեք՝ եթե 2019-ին Ուկրաինայում Սահմանադրությունը փոխելու ժամանակ ֆիքսեցին ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ որպես նպատակ, Ռուսաստանը դա 2022 թվականին հիմնավորումների մեջ էր բերում (եթե հիշեք՝ ՌԴ նախագահի ելույթներից մեկում հնչեցված դրույթը դա էր, որ եթե մեր հարևանն իր Սահմանադրության մեջ նման փոփոխություն է կատարել, որ ինքը ռազմաքաղաքական դաշինքի անդամակցությունը համարում է պետության ազգային գերակա նպատակ, ապա դա մեզ համար մարտահրավեր է, և մենք դրա համար պատերազմ ենք սկսում: Այսինքն՝ նշում էր՝ որպես Ուկրաինայի դեմ պատերազմելու պատճառներից մեկը): Եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա թուրքական փորձագիտական հանրույթը կարող է նախապատրաստել իրենց պետության համար շատ վատ մի բան, որը քաղաքագիտության մեջ կոչվում է կազուս բելլի՝ պատերազմի շարժառիթ: Այսպես շարունակելու դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը սա օգտագործելու է մեր դեմ՝ որպես պատերազմ սկսելու շարժառիթ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ վտանգավոր հարցեր են առաջ գալու: Մեզ թվում է՝ ինչ-որ թղթի՝ սովորական ինչ-որ բառից են խոսում, բայց իրականում իրենք փորձում են ինչ-որ նախահիմքեր ստեղծել, որպեսզի ինչ-ինչ գործընթացների փակուղի մտնելու դեպքում մեր դեմ ինչ-ինչ գործողություններ իրականացնեն: Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած ճշնման գործիք օգտագործում են մեր դեմ՝ մեր վերացման համար իրենց ցանկալի որևէ սցենարի իրագործման համար:
Հատկապես Արցախի զավթումից հետո Թուրքիան և Ադրբեջանն այդպիսով փորձում են ցանկացած հնարավորություն կանխել, որ Արցախը երբևէ կարող է դառնալ ոչ միայն հայկական, այլև լինել հայկական պետականության դաշտում: Այդպիսով նրանք փորձում են դա արմատախիլ անել:
ՀՀ գործող իշխանությունների կողմից դրսի թելադրանքով Հայաստանն արտադաշինքային, չեզոք երկիր դարձնելու մասին. երբ ՀՀ իշխանությունները դա փաթեթավորում են «ինքնիշխանության» անվան տակ, ապա նրանց պետք է հարցնել՝ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից, Թուրքիան ինքնիշխան չէ՞: Կամ, եթե, օրինակ, Ֆրանսիան ի սկզբանե ՆԱՏՕ-ի հիմնադիր կազմում է, ուրեմն ՀՀ իշխանությունների տրամաբանությամբ՝ Ֆրանսիան ինքնիշխան պետություն չէ՞: Կամ, Ֆրանսիան պակաս ինքնիշխա՞ն է, քան Ադրբեջանը, որը որևէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ֆորմալ առումով չի մտնում: Բայց Ադրբեջանն ունի Թուրքիա: Հետևաբար, եթե իշխանությունների տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվի՝ Ադրբեջանը շատ ավելի ինքնիշխան է, ավելի անկախ է, քան Թուրքիա՞ն: Իհարկե այդպես չէ: Ադրբեջանի վրա Թուրքիայի լուրջ ազդեցությունը ոչ միայն կա, այլև 2020 և 2023թթ. իրադարձությունների ֆոնին ավելի է մեծացել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Ավելին, ոչ միայն ազդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի, այլև զինված ուժերի, ամբողջ կառավարման վրա: Ադրբեջանական բանակի ղեկավար կազմում թուրքական ռազմական կրթություն ունեցող ղեկավարներ են։
ՀՀ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից արտադաշինքային, չեզոք երկրի կարգավիճակի ֆիքսումը, վերանայումը հարցեր է առաջացնելու Հայաստանի մյուս գործընկերների մոտ՝ Ռուսաստանի և Իրանի:
Պատմությունը շատ դաժան օրինակներ ունի այն մասին, թե ինչ են անում այն պետությունների հետ, ովքեր ավելի շատ արտատարածաշրջանային հարաբերություններ են ստեղծում, քան տարածաշրջանի ներսում։
Եթե կարդաք Ադրբեջանի անկախության հռչակագիրը, այն ծայրից ծայր ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ Ռուսաստանն Ադրբեջանին ասեր՝ մի հատ վերանայեք ձեր անկախության հռչակագիրը, նոր կխոսենք ձեզ հետ դիվանագիտական կամ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելու մասին։ Որևէ մեկը կարդացե՞լ է Թուրքիայի հիմնի բառերը․ այնտեղ Արևմուտքը թշնամի է հռչակվում, սակայն հիմա Թուրքիան ընդգրկված է արևմտյան կառույցների կազմում։
Մենք խոսեցինք Հայաստանի Անկախության հռչակագրից, բայց պարտավոր ենք ֆիքսել նաև Ադրբեջանի անկախության հռչակագիրը: Իրենց անկախության հռչակագիրը պաշտոնապես կոչվում է պետական ինքնիշխանության վերականգնման մասին հռչակագիր: Այդպես էին անվանել, որովհետև Ադրբեջանը վերականգնում էր իրենց առաջին հանրապետությունը Մուսաֆաթական Ադրբեջանը՝ ըստ այդ փաստաթղթի: Դա ինքնին արդեն նշանակում էր Արցախից հրաժարում, որովհետև Խորհրդային Ադրբեջանի կազմում էր ներառվել Արցախը՝ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, 1921թ. հուլիսի 5-ին: Եթե դուք կարդաք Ադրբեջանի անկախության հռչակագիրը, դա ծայրից ծայր ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի դեմ: Դրա և՛ նախաբանը, և՛ բուն տեքստն ունեն դրույթներ, որոնք ծայրից ծայր հակառուսական են:
Ես մի քանի օրինակ բերեմ: Այնտեղ ֆիքսվում է, որ Ռուսաստանն «անեքսիայի» է ենթարկել Ադրբեջանի տարածքը: Սա չակերտներում ասենք, որովհետև այն ժամանակ՝ 19-րդ դարի սկզբին, Ադրբեջանի տարածք չի եղել: Եվ հասկանում ես, որ խոսքը գնում է ռուս-պարսկական երկու պատերազմների մասին, և իրենք ներկայացնում են, իբր այդ ժամանակ Ադրբեջանը զավթվել է:
Այդ ժամանակ Ադրբեջան պետություն չի եղել: Պարսկաստանից ռուսական կողմը պատերազմների արդյունքում ձեռք է բերել խանություններ, և դրանց ադրբեջանական պետություն ասելը ուղղակի չգիտեմ՝ ինչ է: Դա ֆիքսել են: Հաջորդը ֆիքսել են, թե իբր Ռուսաստանը 1920թ. ապրիլին, հակառակ ադրբեջանական ժողովրդի կամքի, օկուպացրել է իրենց առաջին հանրապետությունը և պարտադրել է խորհրդային կարգեր: Ու հիմա իրենք դրանից ձերբազատվում են:
Այսինքն՝ իրենք կիրառել են միջազգային իրավունքի բառամթերք՝ անեքսիայի ենթարկել, զավթել, պարտադրել: Իրենք տարել են շատ հստակ գիծ, որով օտարվում են ցանկացած ռուսական պրոյեկտից:
Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստան-Ադրբեջան միջպետական հարաբերություններում հետո, երբ հարաբերությունները շատ թե քիչ լավացել են, Ռուսաստանը պնդեր, ասեր՝ ձեր անկախության հռչակագրի այ էս տողերը մի հատ վերանայեք հլը, հետո նոր մենք ձեզ հետ առևտրատնտեսական պայմանագրեր կկնքենք կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց առաջ մի հատ հլը էս տեքստը փոխեք:
Մեր որոշ չգիտեմ ինչ էքսպերտներ խոսում են մեր գերբից։ Ի՞նչ է՝ գերբի վրայի առյուծի եղունգները պիտի խարտեն, որ բոլորի համար ընդունելի՞ լինի։
Մենք հասել ենք խիստ ճգնաժամային փուլ, բայց սա վերջը չէ։ Ո՞վ կմտածեր, որ ցեղասպանությունից 3 տարի անց մենք պետություն կունենանք, բայց ունեցանք։ Հաջողության օրինակները մեր պատմության մեջ բազմաթիվ են։
Մեր տոնացույցում համաքրիստոնեական տոներ կան, սակայն դրանց մեջ ազգային ենթաշերտերն ակնհայտ են։ Օրինակ՝ Խաչվերացի տոնը, երբ 7-րդ դարում Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն խաչափայտից մասունք են տվել։ Այստեղ նաև կնոջ դերի բարձրացում կա, կնոջ, որը կյանք է խորհրդանշում։
Սիմվոլների տոտալ ջարդը, որ մենք տեսնում ենք այսօր, շատ վտանգավոր է: Երբ սիմվոլը հանում ես, տեղը վակուում է առաջանում: Նպատակն ակնհայտ է՝ ջարդել մեր սիմվոլները, վակուում առաջացնել: Իսկ երբ մեր սիմվոլները ջարդեն, դրանից հետո պատմական վերածնունդ չի լինելու։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում պատմական տարբեր իրողություններ են եղել, բայց սիմվոլները միշտ պահպանվել են։ Սիմվոլների վակուում չպիտի լինի։ Իսկ մտածե՞լ եք՝ ինչով է այդ վակուումը լցվելու:
Արագած լեռը ո՞ր նահանգի մեջ է մտնում. Այրարատ նահանգի: Արարատ սարը հանելու այս քարոզչությունը լրջագույն վտանգներ է պարունակում: Արարատ լեռան նկատմամբ ոտնձգությունը՝ ոտնձգություն է ընդհանուր Այրարատի կոնցեպցիայի վրա:
Թուրքիայում Ուրարտուի հետ կապված՝ 1920-ական թվականներին կոնցեպցիաներ են մշակված եղել: Նպատակը՝ Ուրարտուն յուրացնել, ուրարտացիներին համարել նախաթուրքեր:
Հիմա թուրքերն ասում են՝ հայեր, եթե դուք Ուրարտուից հրաժարվում եք, ուրեմն մերն է:
Չեզոք, արտադաշինքային պետություն դարձնելու գաղափարն այս իշխանությունները մարդկանց ներկայացնում են՝ որպես ունիվերսալ բան: Իսկ եթե հետագայում մեզ ասեն, որ այդ կարգավիճակը ենթադրում է հետագայում զինված ուժեր չունենա՞լ: Հայաստանը չպե՞տք է ունենա զինված ուժեր: Պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանը լինի ապառազմականացված պետություն, մեզ հետ ինչ կլինի: Մի քիչ ոչ կոռեկտ, բայց դիպուկ օրինակ բերեմ. պատկերացրեք՝ փշոտ ոզնուն փորձում է անակոնդան ուտել: Դոկումենտալ կադրերում տեսել եք՝ երբ փորձում է ուտել, ոզնին իր փշերը ցույց է տալիս, և նրան չի հաջողվում ուտել: Պարզ է, չէ՞, որ ոզնին չի կարող անակոնդային ուտել, կտրտել մասերի, և այլն, բայց իր փշերով անակոնդայի բերանի խոռոչը այնպես է վնասում, որ անակոնդան, ստիպված, հետ է քաշվում: Հիմա պատկերացրեք՝ ոզնու այդ փշերի շերտը խուզենք և բաց թողնենք, ասենք՝ այ հիմա ոզնին պուպուշ է, փշեր չունի… Ի՞նչ կլինի, անակոնդան ոզնուն մի ակնթարթում առնետի պետ կուտի:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Էրատո թագուհու անունով էր կոչել իր «ջոկատը»: Էրատոն Արտաշեսյան արքայատոհմի՝ Տիգրան Մեծի սերունդների շղթայի մեջ վերջին ներկայացուցիչն էր: Նրանից հետո 50 տարի Հայաստանում իշխանության ճգնաժամ է եղել: Դրանով ավարտվեց աշխարհակալ տերությունը և նաև շարունակությունը: Էրատոյի այդ սիմվոլը, փաստորեն, 44-օրյա պատերազմի օրերին պատահական չէր ընտրված:
Էրատոյի անունը 44-օրյա պատերազմում դրել էին Աննա Հակոբյանի ղեկավարած կանանց ջոկատի անուն՝ որպես մեսիջ: Վատ մեսիջ էր. դա ավարտվող պետության սիգնալ էր:
Եթե անգամ ընդունենք նման սիմվոլի ընտրությունը, առնվազն պետք էր ներողություն խնդրել: Ինչ է, դրսում այդ սիմվոլիկան չե՞ն հասկանում:
Ես կարող եմ օբյեկտիվ մտահոգություն ունենալ, որ Արարատ լեռան նկատմամբ հարձակումները՝ հարձակում են ընդհանուր Արարատյան կոնցեպտի վրա։ Ոմանք սա կարող են ցնդաբանություն համարել։ Իսկ որ Էրդողանը Օսմանյան պետության քարտեզները դնում է իր տակ, հետո նոր է որոշումներ ստորագրում, դա է՞լ է ցնդաբանություն։ Բա ինչո՞ւ են թուրքերը սիմվոլները պահում։
Ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանությունները վերացնում «Հայոց պատմություն» անվանումը: «Հայոց պատմություն» նշանակում է նաև թագավորների, պետականության պատմություն: Ժամանակին դա Մովսես Խորենացու կոնցեպտով էր մատուցվում: Նրա այդ երկը մեր թագավորության պատմությունն էր՝ սկսած Հայկ Նահապետից: «Հայոց պատմություն» ձևակերպումը գրաբարյան «Պատմություն հայոց» նույն ձևակերպումն է, որն իր մեջ պարունակում է և պետականությունը, և մեր ազգն ամբողջությամբ: Խորենացին նկատի ուներ և մեր ամբողջ պետականությունը, և մեր ամբողջ ազգին: Դրա համար էլ Խորենացին այն ավարտեց 428 թվականով, երբ կորցրեցինք մեր պետականությունը: Նա ապրել է հետագայում, սակայն չի շարունակել իր պատմությունը: Դրանով Խորենացին մեսիջ էր ուղարկում՝ պետք է վերականգնել թագավորությունը: Մարդկանց ուղերձ էր հասցնում դրանով՝ պետականությունը վերականգնե՛ք:
Չգիտես՝ ինչո՞ւ, մեզ մոտ միտում կա պատմական հարցերը չքաղաքականացնելու, բայց մեր հարևանը դրանք միջազգային հարթակներում առաջ է մղում իր քաղաքական նպատակներով։
Ցավոք, մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի՝ այն իմաստով, որ հիմա մեզ վրա փորձարկումներ են անում դրսից։
Եթե մենք շարունակում ենք զուգահեռներ տանել ու ասել՝ պատմության ընթացքում ամեն ինչ կրկնվում է, դա մոլորություն է ու որոշակի միտումներ ունի։ Միտումն ու հեռահար նպատակն այն է, որ ասեն՝ Առաջին Հանրապետությունը ձախողվել է, դե հիմա սա էլ կարող է ձախողվել։ Առաջին Հանրապետության ղեկավարները ներկայումս քաղաքական դաշտում դերակատարում ունեցող քաղաքական ուժից էին։ Խոսքը ՀՅԴ-ի մասին է, որը թե ներսում, թե դրսում Հայաստանի գործող իշխանություններին մրցակից է։ Էդքան զուգահեռներ որ տանում ենք 1920թ.-ի հետ, իսկ մենք որևէ բան արե՞լ ենք, որ ամեն ինչ այդ ուղղությամբ չընթանար 2020թ.-ին։
Եթե Լեռնային Ղարաբաղը չունենար ինքնավար մարզի կարգավիճակ, Արցախյան շարժման մեկնարկը չէր կարող լինել այնպիսին, ինչպիսին եղավ։ Արցախում այդ ժամանակ պետական իշխանություն կար, ինչն էլ նպաստեց, որ շարժումն ինստիտուցիոնալ հիմքեր ունենա։
Թուրք-ադրբեջանական համագործակցությունը միտված է նրան, որ իրենց տարբեր կոնցեպցիաները դարձնեն իրականություն։
Այսօր մեր ազգը ենթարկվում է քարոզչական բավական մեծ և վտանգավոր ալիքի, և այդ ալիքը փորձում է մարդկանց համոզել, որ մենք լավը չենք, որ մենք մշտական ձախողակ ենք, որ մենք թույլ ենք՝ այն իմաստով, որ, իբր՝ ի՞նչ ենք մենք ստեղծել պատմականորեն… անընդհատ դա եմ լսում, այդ հեգնանքը՝ մեր ազգի, մեր պատմության նկատմամբ: Ու կապ չունի՝ դա ով է ասում՝ քաղաքական գործիչը, հանրային այլ ոլորտի ներկայացուցիչը, փորձագետը, հոգևորականը, լրագրողը կամ թե ուսուցիչը: Նման բառամթերքով մեր ազգի, ձեռքբերումների, պատմության մասին խոսելը, նախևառաջ՝ բարոյական տեսանկյունից, որևէ մեկին թույլ տրված չէ, այն իմաստով, որ ինքն էլ է դրա մասը և ինքը չի կարող պատմական այդ զարգացմանը, բոլոր այդ անհատներին, բոլոր կառույցներին, պետականության մոդելներին, ամեն ինչին ասի՝ դուք ի՞նչ եք արել, ձեր գործունեության արդյունքում ենք հասել այսօրվա հանգրվանին:
Մենք անցել ենք պատմական զարգացման հսկայական ընթացք, և մեզ զուգահեռ եղել են այլ ազգեր, այլ քաղաքակրթություններ, որոնք չեն հասել այս օրվան, վերացել են: Հետևաբար, եթե բոլորը բոլոր ժամանակներում վատ արած լինեին, մենք՝ որպես ազգ, այսօր պարզապես չէինք լինի: Հիմա մենք հասել ենք այսօր խիստ ճգնաժամային մի փուլի, որ, այո, պետք է չխուսափել դրանից և ասել, որ Հայաստանի ներկա իշխանությունների գործողությունները կարող են բերել մի սցենարի, որ մենք՝ որպես պետություն, չլինենք: Գլենդելում, Սոչիում, այլուր կլինենք, բայց որպես պետություն, այս տարածքում ապրող հանրույթ՝ կարող է չլինենք: Այդպիսի սցենար հնարավո՞ր է: Այո՛, այս իշխանությունների նման գործողությունների, այս ճգնաժամի պայմաններում այդ ծայրահեղ սցենարը հնարավոր է: Իսկ հնարավո՞ր է կասեցնել: Իհա՛րկե հնարավոր է, և մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք կարողացել ենք դժվարին իրավիճակներում դուրս գալ ճգնաժամից: Երբ թվացել է՝ ամեն ինչ ավարտված է, մենք հաղթահարել ենք և մեր պատմության մեջ ունենք հաջողության դրվագներ և սցենարներ:
Երբ հարցնում եք՝ աշխարհը մեզ ինչպե՞ս է ընկալում, ապա աշխարհն առաջին հերթին փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս է հայ ժողովուրդն այսքան հազար տարիներ անցել արհավիրքների միջով և հասել մեր օրեր: Ինչպե՞ս կարող էր հայ ժողովուրդն այսքան փորձություններով անցնել և գոյություն ունենալ: Ամենակատաստրոֆիկ բանը՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս հայ ժողովուրդը կարողացավ ոչ միայն վերապրել, այլև կարճ ժամանակ անց՝ 3 տարի հետո, պետություն ունենալ: Ընդ որում, 2018 թվականը և՛ կորուստների, և՛ հնարավորությունների ժամանակաշրջան էր:
Պատասխանատվությունն էլիտաներինն է: Էլիտա ասելով՝ միայն քաղաքական էլիտային նկատի չունեմ, այլ բոլորին՝ մտավոր, հոգևոր, և այլն: Ներկա իրավիճակի համար պատասխանատվությունը քաղաքական, մտավոր ու կրթական էլիտայինն է։
Ես սարսափում եմ, երբ այսօր ինչ-որ բժիշկ աշխարհաքաղաքական վերլուծություններ է անում, ու դա նայում է 200.000 հոգի… Ինչպե՞ս կվերաբերվեիք, օրինակ, եթե ես՝ լինելով պատմաբան, նստեի լուրջ դեմքով վերլուծություններ անեի բժշկության, վիրաբուժության մասին:
ՀՀ գործող իշխանությունների միտումը պարզ է՝ ներկայացնել մեզ անօգնական, անկարող, թույլ վիճակում, մարդկանց համոզել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ են։
Ո՞նց էր հնարավոր պատկերացնել, որ երբևէ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ կունենա այն հարաբերությունները, որը հիմա ունի։ Կամ, որ ԱՄՆ-ը՝ Իսրայելի բացառիկ դաշնակիցը, պետքարտուղարի խոսնակի մակարդակով կասի, որ Գազայի ամբողջական նվաճում թույլ չեն տալու… Սա խոսում է այն մասին, որ ժամանակակից աշխարհում դաշինքների մեջ գտնվող պետությունները կարող են սերտ հարաբերություններ հաստատել այդ դաշինքից դուրս գտնվող պետության հետ, եթե ինչ-որ կետում իրենց շահերը համընկնում են։
Մենք պետք է օբյեկտից դառնանք սուբյեկտ, ունենանք ներքին օրակարգ, նոր հետո մտածենք արտաքին օրակարգի մասին։
Այսօր անելիք ունեն հատկապես քաղաքական էլիտաները, ուժերը: Եթե քաղաքական էլիտաները պետք է ժողովրդին բացատրելով զբաղվեն, կներեք, էքսպերտներից ինչո՞վ են տարբերվում։ Ի՞նչ է նշանակում՝ բացատրում ենք՝ մարդիկ չեն հասկանում։ Ես հեռու եմ այն մտքից, որ ժողովուրդը հիմար է։ Չի կարելի պրիմիտիվացնել։ Դրանք թեզեր են, որոնք մեր հարևաններին շատ ձեռնտու են։ …Եթե իմ աշակերտը 4 տարի իմ աշակերտը լինելուց հետո կարող է ասել՝ Արցախը հայկական չէ, ուրեմն ինչ-որ բանում ես եմ թերացել։
Ստեփանակերտը վերցնելուց հետո ադրբեջանցիներն առաջինը հանել են Ստեփան Շահումյանի արձանը։ Ինչո՞ւ: Թվում է՝ բոլշևիկ գործիչ է, ազգային կոնցեպտի հետ կապ չպետք է ունենա, բայց ադրբեջանցիները վերացրել են սիմվոլը՝ Ստեփան և կերտ-կերտել։ Ստեփանակերտ է, Ստեփանաբադ չէ։
Այն, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմը՝ որպես Ռուսաստանի տարածք, դա պրոուկրաինական քայլ չէ, այլ պրոթուրքական, որովհետև Թուրքիան Ղրիմը ճանաչում է՝ որպես թուրքական տարածք։
Թուրքիայի կողմից պահվում-պահպանվում, փայփայվում է մի նախագիծ, որը կոչվում է Ղրիմի թաթարների մեջլիս: Նրա գործունեությունը Ռուսաստանում արգելված է, բայց նրանք ունեն նախկին անդամ, որն Ուկրաինայի Ռադայի անդամ է նույնիսկ ընտրվել և փորձում էր Ղրիմի թաթարների շահը իբրև թե ներկայացնել Ռադայում՝ Ուկրաինայի օրենսդիր մարմնում: Թվում է, թե շատ անմեղ կառույց էր, բայց նա իր մեջ պահպանում էր Օսմանյան անցյալի մասին վերհուշը: Թուրքիան դրա վրա հսկայական գումարներ էր ծախսում: Նույնիսկ տարիներ էին եղել, որ փորձագետները նրա բյուջեն 2 միլիարդից ավել են գնահատել, իսկ դա մոտավորապես ստացվում է մեր պետական բյուջեի չափ:
Ղրիմի թաթարների պատկերած քարտեզներում, թե ինչ են նրանք ուզում ստանալ, ոչ միայն Ղրիմի թերակղզին է: Դրա մեջ մտնում է Զապորոժիեն, Դոնբասի մի մասը, Խերսոնի մարզի մի մասը, և եթե շատ ավելի գլոբալ ձևակերպենք, դա Ղրիմի խանության տարածքն է: Իրենց մոտ չի հեռացել այն գաղափարը, որ Ղրիմի խանությունն ու Ղրիմը՝ իր հարակից տարածքներով, թուրքական տարածքներ են, իսկ մեր շատ փորձագետներ, ովքեր խնդրին նայում են զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից, կոնֆլիկտում տեսնում են երկու շերտ՝ արևմտյան և ռուսական: Այնինչ այդպես չէ, որովհետև ուկրաինական կոնֆլիկտը խորքում իր մեջ ունի ինքնության հետ կապված խնդիր, իսկ ինքնությունը կապված է պատմության հետ: Պատմությունն ի սկզբանե Ուկրաինայի տարածքում 3 շերտ է ֆիքսում՝ ռուսաստանյան կամ ուղղափառ շերտ՝ արևելասլավոնական շերտը, մյուսը լեհական կաթոլիկ շերտն է, որին գումարվում է կրկին կաթոլիկ ավստրո-հունգարական շերտը, և պատահական չէ, որ Ուկրաինայի բնակչության 14 տոկոսը կաթոլիկ է, և կա 3-րդ շերտը հարավում. Դա, այսպես ասած, Ղրիմի թաթարների և Օսմանյան շերտն է, որովհետև Ղրիմի խանության խանը Օսմանյան սուլթանի վասալն էր, և դա այդպես էր 1470-ական թվականներից:
Ամբողջ Սև ծովը թուրքերի համար դարձել էր լիճ, և հանկարծ Ռուսաստանը 17-րդ դարի վերջից սկսում է դուրս գալ Սև ծով: Պյոտրի ժամանակ կոնկրետ ջանքեր են լինում, իսկ Եկատերինա 2-րդի ժամանակ՝ արդեն Ռուսաստանը վերցնում է Կուբանի գոտու Ազովի ծովի առափնյա շրջանները՝ Ղրիմով, Զապորոժիեով, Դոնբասով, ու դուրս գալիս մինչև Օդեսայի տարածք: Այդտեղ Իզմայիլ թուրքական ամրոցը հսկայական գարնիզոն ուներ՝ մինչև 40 000-ի հասնող ուժերով: Ռուսներն էլ հատուկ դա դարձրին իրենց ամենամեծ զորակայանը: Բերեցին, Օդեսան կառուցեցին, այդտեղ սարքեցին՝ ի հակադրումն. Սիմվոլների պայքար էր: Եկատերինան հատուկ քաղաքների անունները դնում էր պսևդո հունական տարբերակով՝ Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ, վերականգնում երբեմնի բյուզանդական աշխարհը, որովհետև դրանք դարերով նախ եղել են հունական տարածքներ, հետո՝ բյուզանդական: Իբրև վերականգնում էր մշակութային շերտը:
Ինչո՞ւ եմ ես սա ասում: Երբ Էրդողանը չի ճանաչում Ուկրաինայից Ղրիմի տարածքի անցումը Ռուսաստանին, դա ոչ թե պրոուկրաինական քայլ է, ինչպես մեր փորձագիտական հանրույթը տեսնում է, այլև դա պրոթուրքական քայլ էր, որովհետև իր պատկերացումներով և Ղրիմի թաթարների մեջլիսի դիրքը պահպանելով՝ ինքը կարծում էր, որ դա պետք է լինի թուրքական տարածք: Պիտի այնտեղ լինի Ղրիմի թաթարների պետություն, և դա էլ, բնականաբար, պետք է լինի թուրքական պրոյեկտի շրջանակներում: Թուրքիան ո՛չ Ուկրաինայի հետ է, ո՛չ Ռուսաստանի. Նա ինքն իր հետ է: Դրա համար Ուկրաինայի համար կսարքի դրոնների գործարան, կտրամադրի այլ կարգի ռազմական օգնություն, կբացի նեղուցները, որ ռազմական օգնությունը գնա-հասնի Օդեսայի և Իզմայիլի ռազմական բազաներ, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանին հնարավորություն կտա, որ նա սանկցիաները շրջանցող գործարքներ անի, որի արդյունքում իր բանկային համակարգը գերշահույթ կստանա: Հո ռուսների համա՞ր չեն անում դա:
Որևէ մեկն իրավունք չունի թաղել ազգային գաղափարը։ Ես շատ ուրախ եմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձում խոսվում էր այն մասին, որ Արցախի լինելիության գաղափարը պահպանվելու է գոնե թեմի տեսքով։
Մանրամասները՝ տեսանյութում։