Գայանե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավելվածը ցույց ա տալիս, որ մեր տաքսին սպասում ա, ես արագ-արագ Իգրի մազերը մի ավել անգամ էլ եմ թսկացնում, տպտպացնում գլխին, որ տաքսիստի առաջին տպավորությամբ իբր կոկիկ ու խնամված տղա երևա, ու հետո դուրս գալիս դարպասից։
Մեր տան դիմացով բետոնապատ առու ա անցնում, հենց դուրս ենք գալիս, Իգրը մտնում ա առվի մեջ, սկսում սառույցները ջարդելով դանդաղ առաջ գնալ։ Դե քանի որ մեր «սեռիյ» Օպել Աստրան դեռ հեռվից նոր-նոր ա երևում, էդ պարզապես նախօրոք «սպասել» էր միացրել, որ հաշվիչը մի րոպեի համար 100 դրամ սպասելավարձ գումարի, դրա համար ըսկի չէի էլ շտապեցնում Իգրին, ոչինչ, թող մարմինների ֆիզիկական վիճակն ուսումնասիրի, սպասելավարձն էլ դառնա 200 դրամ, հիմա ոչ մեկ, բացի Մայր բնությունից, 200 դրամով ֆիզիկա չի սովորեցնում։ Վերջապես թողնում ենք մեր ուժի ազդեցության փորձերը, մոտենում տաքսիին, Իգրի համար բացում եմ դիմացի դուռն ու հանդիպում վարորդի փոխազդեցությանը.
– Լավ կլիներ հետևը` ձեր մոտ նստեցնեիք։
Ախր ի՞նչը էն չէր, է, սառույց ջարդե՞լը, թե՞ մազերը։
Արագ-արագ բացատրում եմ` ինքը հետևում չի նստում, որովհետև, դե ինքներդ եք տեսնում` հետևի նստարանից տեսադաշտ չկա, իսկ ինքը կլաուստրոֆոբիա ունի։ Ու համարելով, որ ամեն ինչ ասել եմ` փորձում եմ կապել ամրագոտին, ասում ա` չի աշխատում (նայում եմ, հա էլի, ամրացելու տեղը չկար, աչքիս «ռուչնոյին» խանգարել էր, հանել էին…)
Ասում եմ` ոչինչ, ես հետևից կբռնեմ (չկորցնեինք, էլի, էդ հմտությունը, որն ի դեպ, տաքսու վարորդի շնորհիվ ունենք)։ Շարժվում ենք, Իգրը ավանդույթի ուժով տաքացուցիչներն ա ուղղում, կողային հայելուն ծամածռություններ ա ցույց տալիս, տաքիստն էլ նենց ա նայում Իգրին, չգիտես` դեմքին զարմանք ա, թե վախ, ու ստիպված խնդրում եմ` մեզ մի 20 րոպե կհանդուրժե՞ք… Բան չի խոսում. կամ լուռ պայմանավորվեցինք, կամ էլ զգաց, որ մեզ հետ ամեն ինչ պարզ ա` միևնույն ա, մենք մեր գործողություններում ազատ ու անկաշկանդ ժողովուրդ ենք։
Իգրի աչքն ընկնում ա դիմացը դրված Օպելի էմբլեմայով «կովրիկին» փորձում ա վերցնի, վարորդը ձեռքից բռնում ա, կանխում դեպքը կովրիկը գցում բարդաչոկ (այ մարդ, թող մենք կբռնեինք էլի, ինչ ես վռազ իմ պարտականությունը դու անում), հետո պտտվում ա ինձ, գլխով Իգրին ցույց տալիս, թե` ասա` չանի (ասենք, ոնց որ ասեր` շանդ պահի, անցնում ենք)։
Մինչև մի ձեռքով (մյուսով ամրագոտին էի ձգած պահում հետևում) պայուսակիցս հանում եմ տենց դեպքերի համար մոտս եղած դրոշների քարտերը, որ Իգրի ձեռքերը դրանով զբաղեցնեմ, գլուխս բարձրացնում եմ ու ի՞նչ… Իգրը դեղին, կաշվե, մոտոցիկլիստի ձեռնոցներ էր հագած, վայ մամա ջան, էս որտեղի՞ց, վարորդն արդեն հարմարված տոնով, թե` «բարդաչոկից»։
Վարորդի զսպված զայրույթը թափ ա հավաքում ու սլանում ենք, մի պահ ինձ թվում ա, թե ավտոյում ես եմ, Իգրն ա ու Սամի Նասերին։ Գիտեմ, էդ արագությունը հանդուրժողականության նյարդն ա, շարքի միջից դուրս ա ընկել, ավտոյի հախից ա գալիս։ Հենց էդ թարս պահին մի «Նիսան Տիդա» աջ ա մտնում` առանց թարթիչը միացնելու։ Մեր վարորդը երկար սիգնալ, Նիսանի վարորդը երկար սիգնալ, հետո մերը 2 հատ կարճ, հետո Նիսանինը 3 հատ կարճ, տենց էնքան արեցին, մինչև Իգրի նյարդը շարքից դուրս ընկավ, սկսեց անհանգիստ ձեներ հանել, որովհետև դե գիտի, որ էդ «սիգնալային համերգը» վարորդների մոտ «մեժդու սաբոյ» հայհոյանք ա, իսկ ինքը կռիվ-մռիվ չի սիրում ( եթե աղմուկ, ուրեմն՝ իրա սարքածը)։
– Աղջիկ ջան, հա բայց ո՞ւր ենք գնում։
– Կներեք, նշել եմ, երևի էսօր լավ տրամադրություն չունեք, չեք նկատել😊-, ես էլ իրեն եմ հանդուրժում ։
– Էհ, այ բալա ջան, բա սաղ կյանք էրեխուդ պահես, մեծացնես, էսօր մի չուժոյ աղջիկ` իրա հոր տանը բան չտեսած, գա, տղուդ գլուխն ուտի, քո դեմ հանի՞… (մի նախադասությամբ համ արդարացավ, սամ սաղ կյանքը պատմեց)
Իմացեք, մարդիկ, տաքսիստներն էլ ընտանիք ունեն, իրենք էլ են տան կոնֆլիկտը հետները գործի բերում, մենակ տնօրենները չեն։
Վերջ, խոսեց խնդրից, խնդիրն անցավ, բարեկամացանք, ձեռքը դրեց Իգրի ուսին` ախպերս, երգ-երաժշտություն սիրո՞ւմ ես… հա, իհարկե` ես եմ պատասխանում
– Բայց ես իրեն եմ հարցնում։
– Ինքը չի խոսում։
– Քանի՞ տարեկան ա։
Ասում եմ` 15 ու… մարդը երկար նայում ա իրա կողքի մարդուն, նայում ա ու չի հասկանում, հետո նայում ա ոտից գլուխ, գլուխը թափ ա տալիս, հետո լուռ նայում ա իրա ներսը, մտքում հաշտվում հարսի հետ, ներում տղային, գնահատում կնոջն ու սիրում իր ապրածը, բայց ցավում կողքին նստածի համար…
Զեյթունի Սիթի խաչմերուկում լուսաֆորի տակ կանգնում ենք, ես մտքերիս հետ եմ` այ թե էնպես լիներ, մի աղջիկ գար, տղայիս գլուխն ուտեր, մեզնից տաներ… Իգրի ծափերի ձենից եմ սթափվում. հենց մեր մեքենայի առաջ մեկը ժանգլյորություն էր անում։ Ավարտեց, խոնարհվեց Իգրի` միակ հիացած ու իր ելույթը գնահատած հանդիսատեսի առաջ, երկու ձեռքը պինդ սեղմելով` մոտիվացված գնաց։ Մեր վարորդն էլ նայեց Իգրին, մազերը շոյեց ու թե` այ տղա, սրան մենակ դու ես ծափ տալիս, դրա համար ա ուրախացել, հետո էլ պտտվեց ինձ, թե` մազերը լավն են, չկտրեք։
– 😊։
Հասնում ենք սննդի կետի կրպակին։ Վարորդը դանդաղում ա, գլուխը ավտոյից հանում, փոքր պատուհանից նայող վաճառողին թե` կոֆե ունե՞ս, վաճառողն էլ 2 բառից կազմված նախադասություն ա ասում, վարորդը գլուխը ներս ա բերում, թե` ղարաբաղցի էր։
Հա, ո՞նց իմացավ, բայց էդ 2 բառից։ Ախր ճիշտ ա ասում. ես էդտեղից լահմաջո եմ առնում։ (Մի օր հերթի մեջ էի, ինձնից առաջ 2 աղջիկ էին, մեկը դանդաղեցված կադրով ծամոն էր ծամում, ու տենց ծույլ-ծույլ էլ վաճառող տղային հարցնում էր` Արցախի ո՞ր մասից եք, էդ տղան կամ սիրտ չուներ, կամ դե էդ ի՞նչ կարևոր ա հիմա …
Հետո աղջիկը թե` 90-ականների հաղթանակից հետո առաջինը պապաս ա Բէ-ԷՄ-ՊԷ-ով մտել Ստեփանակերտ… ու մի պահ ինքն ու ծամոնը բերանի մի անկյունում լռում են, որ տղայի ռեակցիան հասկանան, բայց տղան շաուրմա ա սարքում, դատարկ բաների ժամանակ չունի, աղջկան թվում ա` չի լսվել, գլուխը ներս ա տանում էդ փոքրիկ պատուհանից, նորից մի տոն բարձր` առաջինը պապաս ա… ու… թևերը կախվում են։ Նույն վայրկյանին ինքն ինձ համար առանձնանում ա ամբոխից, թվում ա վեհ, չշոշափելի, որովհետև գուցե դա իր միակ թանկ հիշողությունն էր պապայի մասին, որ ուզում էր մենք էլ իմանայինք, գուցե կողքից մեկն էլ կասի, որ հիշում է իր պապային ու մի ավել բան կպատմի … Մենք չենք լսում մարդկանց ցավը` (աղջկա) խոսքերի արանքում, (տղայի) լռության մեջ… (((( )
Մի րոպեից տեղ ենք հասնում, ամրագոտին բաց եմ թողնում, դեղին ձեռնոցները դնում եմ տեղում, հարցնում գումարի չափը, վարորդը թե` աղջիկս, ոչ մի բան, տղայիդ մի բան կառնես, ասում եմ՝ չէ, վերցրեք, որ էս «ռեմենը» սարքեք։ Ժպտում ենք, համաձայնվում ա։ Իգրի հետ մտնում ենք շենք, Իգրին հանձնում եմ պարապող մասնագետին, դուրս գալիս, տեսնում դիմացս մեր վարորդն ա` Օպելի էմբլեմայով կովրիկը ձեռքին։
– Սա կտաս տղայիդ, թող ուրախանա։
Չվերցնել չկարողացա, որովհետև մարդը անկեղծ էր։ Շնորհակալ եմ անկեղծ մարդկանց։
– Աստված տա` բուժվի տղեդ,- գոռում ա արդեն ավտոն նստելուց ու քշում-գնում։
Էհ, հոպար ջան, Աստված չի տվել, որ հետո բուժի, տվել ա, որ մենք բուժվենք։
Գնում եմ լահմաջոյի հետևից, արցախցի տղան ժպիտով հարցնում ա` 3 հա՞տ։ Մշտական հաճախորդի հարազատությամբ ես էլ եմ ժպտում եմ` իհարկե, 4 հատ։ Վերցնում եմ լահմաջոներն ու էդպես` ժպիտը դեռ դեմքիս, անցնում կրպակների մոտով։ Էդ հատվածում միշտ մի պապիկ ա նստած, լուցկի ա վաճառում, ամեն անցնելուց զգում եմ ուղեկցող հայացքը։ Հավասարվեցի իրեն, կամաց ձայնով ասում ա՝ լուցկիներ, ռուսական, լավ որակի լուցկիներ, դե պարզ ա, որ ինձ էր ասում։ Հարցնում եմ` ի՞նչ արժե, կտա՞ք մի հատ, ասում ա` եթե իրոք պետք չի, մի առեք, հոգատար ժպտում եմ՝ չէ, իրոք պետք ա։ Տալիս եմ գումարը։
– Բայց մի բան ասեմ, հետո կտամ լուցկին. դուք միշտ ժպտում եք, ապրեք։ Ապրեք, որ գնահատում եք կյանքը։
Ուզում եմ ասել` հա, պապի ջան, ուրախանում եմ, որ կարող եմ ինքս լուցկի գնել, որ տղայիս հետ ժամերով չեմ սպասում, թե երբ ա մեկն անցնելու պատուհանի տակով, որ խնդրեմ հետ գալուց իմ լուցկին կամ տոմատը ինքն առնի։
Բայց ուղղակի ասում եմ` ի հեճուկ, պապի ջան, ի հեճուկս էս կյանքի եմ ժպտում։
Հ.Գ. Զավեշտի մասին.
Երեկոյան հիշել էի պապիին, գնացի, որ լուցկին բերեմ պայուսակիցս… պայուսակս դատարկ էր🤦♀️։ Հիշեցի, որ գումարը վճարել էի, լուցկին չէի վերցրել։ 😊»։