Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում հայտարարել է, որը իր հիմնադրած Neuralink ընկերությունը մշակում է ուղեղի իմպլանտ, որը կկարողանա վերականգնել մարդկանց տեսողությունը։
«Blindsight-ը Neuralink-ի հաջորդ արտադրանքն է Telepathy-ից հետո… Նույնիսկ եթե ինչ-որ մեկը երբեք չի տեսել կամ կույր է ծնվել, մենք հավատում ենք, որ կարող ենք վերականգնել տեսողությունը»,- գրել է Մասկը։
Ձեռնարկատերը պարզաբանել է, որ իմպլանտն արդեն փորձարկվում է կապիկների վրա, որոնք, ինչպես ընդգծել է նա, փորձերի ժամանակ չեն տուժել։
Նա նաև բացատրել է, որ պատկերի լուծաչափը սկզբում կարող է ցածր լինել, «ինչպես Nintendo-ի վաղ շրջանի կոնսոլների» դեպքում, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է որակը հասցնել մարդկային նորմալ տեսողության մակարդակի:
Նշենք, որ Neuralink-ն արդեն հաջողությամբ կատարել է մարդու գլխուղեղում իմպլանտի տեղադրման վիրահատություն, որը ձեռքերը շարժել չկարողացող մարդուն օգնում է մտքի ուժով կառավարել համակարգիչը։ Իմպլանտն ստացած առաջին բուժառուն արդեն կարողանում է համակարգչով շախմատ խաղալ։