Գիտնականները բացահայտել են ժպիտի անսպասելի դերը մարդկանց խոսակցության մեջ
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացահայտել են ժպիտի անսպասելի դերը մարդկանց խոսակցության մեջ

Ժպիտը կարող է ավելի հարմարավետ դարձնել շփումը մեկ այլ անձի հետ, նվազեցնել վեճի լարվածությունը և հարգանք արտահայտել զրուցակցի հանդեպ: Սակայն նոր ուսումնասիրությունը պարզել է, որ այն նաև կարգավորում է մարդկանց միջև սինխրոնիզացումը և իրականում կարող է համարվել վարքի փոխադարձ տեսակ, հայտնում է naked-science.ru-ն։

Երբ մարդիկ փոխազդեցության մեջ են մտնում, ապա սինխրոնիզացվում են տարբեր մակարդակներում։ Օրինակ, եթե մի մարդ ինչ-որ բառեր է ասում, նրա զրուցակցի ուղեղը վերարտադրում է այն գործողությունը, որն անհրաժեշտ էր դրանք արտաբերելու համար։

Ֆուձիտայի առողջության և հիգիենայի պահպանման համալսարանի և Ճապոնիայի գիտության զարգացման աջակցության ընկերության (երկուսն էլ ՝ Ճապոնիայում) մասնագետները պարզել են, որ զրուցակիցներից մեկի ժպիտն ազդում է նրա վրա, թե որքան հաճախ և զրույցի որ պահին է ժպտում մյուսը:

Գիտնականները փորձ են անցկացրել 40 մարդու՝ 20 տղամարդու և 20 կնոջ մասնակցությամբ։ Նրանց խնդրել են զույգեր կազմել և դեմ առ դեմ զրուցել երեք րոպե՝ ժամանակ առ ժամանակ ժպտալով թեթև, չափավոր և լայն: Հետազոտողները հետևել են զրուցակիցների արձագանքին միմյանց ժպիտներին, ինչպես նաև չափել են ժպիտների հաճախականությունն ու ինտենսիվությունը ՝ հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ։

Խոսողներն ավելի շատ ժպտում էին, երբ տեսնում էին լսողների ժպիտները: Դա հատկապես ուժեղ է դրսևորվել այն զույգերի մոտ, որոնցում զրուցակիցները նույն սեռի էին։ Տղամարդկանց և կանանց փոխազդեցության ժամանակ հետազոտողները նման ազդեցություն չեն նշել, բայց արձանագրել են, որ նման զույգերով խոսողներն ավելի հաճախ են ժպտում, քան լսողները: Նրանք, հավանաբար, դա արել են կապ հաստատելու կամ այն ավելի ամուր դարձնելու նպատակով։

Գիտափորձի մասնակիցները հայտնել են, որ խոսակցությունից ավելի շատ հաճույք են ստացել, եթե իրենց զրուցակիցը (անկախ դերից) հաճախ է ժպտացել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ և՛ միասեռ, և՛ խառը զույգերում մարդիկ հակված են միաժամանակ ժպտալ: Սա նշանակում է, որ ժպիտը կարելի է համարել փոխադարձ վարք։

«Այս ուսումնասիրության հիմնական նպատակն էր մշակել դեմենցիայի ախտանիշների գնահատման մեթոդաբանություն՝ հաշվի առնելով, որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հակված են կորցնել դեմքի արտահայտությունները: Մենք նաև մտադիր ենք գնահատել այդ մարդկանց վերականգնման արդյունավետությունը», – պարզաբանել են աշխատանքի հեղինակները։

Դեմենցիայի ախտանիշները թուլացնելու պոտենցիալ օգուտից բացի ուսումնասիրությունը ցույց է տվել դեմքի արտահայտությունների կարևոր դերը ամենօրյա հաղորդակցության մեջ: Ժպիտը թույլ է տվել ոչ միայն բարելավել զրուցակցի տպավորությունը զրույցի մասին, այլև ավելի ամուր կապ հաստատել: