
Լյուքս դասի նորաձևության ամենահայտնի տներից մեկը՝ իտալական Prada-ն, ներկայացրել է տիեզերական հանդերձանքը` նախատեսված ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Արտեմիս 3» լուսնային առաքելության համար: Այս մասին գրում CNN-ը:
Նմուշը, որը ստեղծվել է Axiom Space կոմերցիոն տիեզերական ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացվել է Միլանում: Այն կրելու են ՆԱՍԱ-ի լուսնային առաքելության տիեզերագնացները:
Հանդերձանքները պատրաստվելու են սպիտակ նյութից, որը կարող է արտացոլել ջերմությունը՝ պաշտպանելով չափազանց բարձր ջերմաստիճանից և լուսնային փոշուց:
«Շարժունակությունը նույնպես բարելավվել է. տեքստիլի արտադրության և կարի տեխնիկայի վերաբերյալ Prada-ի խորը գիտելիքներն օգնել են կամրջել ֆունկցիոնալության և ոճի միջև եղած բացը», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Արտեմիս 3» լուսնային առաքելությունը ծրագրված է 2026 թվականի երկրորդ կեսին. այն նախատեսում է տիեզերագնացների վայրէջքը Լուսնի վրա: