Չինական ընկերությունն ստեղծել է մոդուլային երկոտանի ռոբոտ․ ինչի՞ համար է այն
Advertisement 1000 x 90

Չինական ընկերությունն ստեղծել է մոդուլային երկոտանի ռոբոտ․ ինչի՞ համար է այն

Չինական LimX Dynamics ընկերությունը ներկայացրել է «աշխարհի առաջին մոդուլային երկոտանի ռոբոտը»` Tron 1-ը: Ռոբոտի բարձրությունն ընդամենը 85 սմ է։ Քայլող ռոբոտի վերջույթները կարող են փոփոխվել շարժման տարբեր եղանակների համար՝ մարդու քայլվածքի նմանակումից մինչև անիվների վրա շարժվելը: Այս ռոբոտը, որն արժե 15,000 դոլար, իսկական գտածո է ռոբոտաշինության ոլորտում ուսումնասիրելու և զարգանալու համար, տեղեկացնում է New Atlas-ը։

Ռոբոտը կարողանում է հանգիստ բարձրանալ աստիճանները, ցատկեր կատարել, ինչպես նաև պտտվել տեղում։ Ոտքերը փոխելն ու դրանց փոխարեն անիվներ տեղադրելն ընդամենը մի քանի րոպեի աշխատանք է։

LimX Dynamics ընկերությունը նախկինում ցուցադրել է մարդակերպ ռոբոտներ և չորքոտանի ռոբոտ շներ: Tron 1 ռոբոտն ինչ-որ առումով փոխզիջումային է՝ այն չունի իրան կամ ձեռքեր, ինչպես նաև զրկված է երկրորդ զույգ ոտքերից: Բայց սա հարմար և համեմատաբար մատչելի հարթակ է ուսանողների և մասնագետների համար՝ ուսումնասիրելու ուղղաձիգ ռոբոտների հնարավորությունները և հմտություններ ձեռք բերելու ռոբոտաշինության ոլորտում։

Ռոբոտն արդեն ունի կայունության ապահովման հիմնական ծրագիր, ներառյալ հավասարակշռությունը, եթե դրան հրում կամ հարվածում են: Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է տեղադրված վերջույթների տեսակը՝ ներբաններ, կլոր ծայրեր կամ անիվներ, և շարժվում է՝ կախված տեղադրված տեսակից: Ռոբոտը կարող է կառավարվել նաև հեռակառավարման վահանակի միջոցով: Կա նաև լրացուցիչ սարքերի տեղադրման հնարավորություն՝ լիդարներից մինչև մանիպուլյատորներ:

Tron 1 ռոբոտը պատրաստված է ալյումինից և պլաստիկից և կշռում է մոտ 20 կգ։ Այն հիմնված է 12-րդ սերնդի Intel Core i3 պրոցեսորի վրա։ Լիովին լիցքավորված մարտկոցի դեպքում ռոբոտը կարող է աշխատել մոտ երկու ժամ։ Դրա համար սահմանված 15,000 դոլար գինը որոշ ժամանակ անց կփոխվի։

tech.news.am