Իրինա Ղափլանյան. «Ինձ համար գլխավորը երազանքի իրագործումն է». womennet.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրինա Ղափլանյան. «Ինձ համար գլխավորը երազանքի իրագործումն է». womennet.am

Իրինա Ղափլանյանն այն կանանցից է, ովքեր  անհաջողությանը չեն հավատում և դրանով իսկ այն վանում են: Այսպես նրան դաստիարակել են մանկուց. մայրը միշտ ասել է` կանանց համար չկա անհնարին ոչինչ, պետք է ուղղակի տղամարդկանցից շատ աշխատել ու առավել նպատակասլաց լինել: Այսպիսի ուղենշով Իրինան ապրում է մինչ օրս` երբևէ թույլ չտալով թերագնահատել իրեն…

Իրինան սեփական փորձով է համոզվել` եթե կինը ցանկանում է հաջողության հասնել Հայաստանում, ստիպված է կրկնակի շատ աշխատել և բազմապատիկ լավ կրթվել, քանի որ կինը, որշակի մշակութային-կարծրատիպային պատճառներով` չի ընկալվում որպես լիիրավ մասնագետ կամ անձ:

Ահռելի աշխատասիրությունն ու նպատակասլացությունն Իրինային հասցրեցին Լոնդոն, որտեղ ապրեց ու սովորեց, քաղաքագետ-միջազգայնագետի կրթություն ստացավ, այսօր էլ զբաղված է  հետխորհրդային Հայաստանի քաղաքական զարգացումների վերաբերյալ գրքի հրատարակման աշխատանքներով: Բայց դա միակ բնագավառը  չէ, որտեղ նա հաջողության է հասել:  Ուսման ընթացքում նաև բազմաթիվ հմտություններ ձեռք բերեց:   Բազմամշակութային քաղաքը Իրինային սովորեցրեց լսել ուրիշներին  և խոսել ուրիշների  հետ: Հենց այս հմտությունն էլ հետագայում օգնեց նրան SEMINA խորհրդատվական ընկերության հիմնադրման գործում:

«Մեր ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում գինու արտադրության հիմնադրման, դրա զարգացման, վաճառքի, մարքետինգի և բրենդի առաջխաղացման հարցում, այսինքն` գինու արտադրության ողջ գործընթացի համար` սկսած խաղողի այգիների տնկումից` մինչև բրենդի ձևավորում և վաճառք: Ցավով եմ ուզում արձանագրել, որ մեր ընկերության հաճախորդները, հիմնականում, արտասահմանյան, եվրոպական ընկերություններ են, գիտահետազոտական ինստիտուտներ և այլն: Հայաստանում դեռևս չի ձևավորվել բիզնես խորհրդատվության ինստիտուտը. շատ գործարարներ, որոշումներ կայացնողներ դեռ համոզված են, որ իրենք մասնագիտական խորհրդի կարիք չունեն: Այնպես որ` աշխատում ենք դրսի ընկերությունների հետ»,- բացատրում է Իրինան:

Արտասահմանում կրթություն ստանալուց հետո Ի. Ղափլանյանը վերադարձավ Հայաստան: Կարճ ժամանակահատվածում բազմաթիվ նախաձեռնություններում ընդգրկվեց` սկսած քաղաքացիական հասարակությունից, մինչև կրթական և բիզնես միջավայր: Մասնավոր սեկտոր մուտք գործեց միտումնավոր` ուզում էր ներսից հասկանալ ոլորտի բացերն ու առաջընթացի հիմնական խոչընդոտները: Դրանից առաջ, որպես քաղաքագետ, իհարկե, որոշակի պատկերացումներ ուներ հայաստանյան իրողությունների վերաբերյալ, բայց տեսական գիտելիքներն ու պատկերացումներն այլևս չէին բավարարում երիտասարդ կնոջը: Ժամանակն էր գործնականում հասկանալ` ինչ է կատարվում հայրենիքում:

«Մասնավոր սեկտորում իմ գործունեության առաջին փորձը The Green Bean սրճարանն էր, որն արդեն 15 տարեկան է: Ըստ էության, մենք ցանկանում էինք փոխել Երևանի սրճարանային մշակույթը և այլընտրանքային ժամանցի վայր առաջարկել, որտեղ ոչ միայն առողջ սնունդ են մատուցում` հիմնականում օրգանիկ մթերքներից, այլև առողջ միջավայր. Մեզ մոտ արգելվում է ծխելը և մատուցվում է սուրճ և գինիներ, որոնք պատրաստվում են որակապես շատ լավ, օրգանական հումքից: Կարելի է ասել, որ The Green Bean-ի Երևանում նման կոնցեպտով աշխատող առաջին սրճարանն էր»,- ասում է նա:

Իրինան այսօր էլ շարունակում է որոշակիորեն ներգրավված լինել մասնավոր սեկտորում, սակայն նախընտրում է կենտրոնանալ կրթական, խորհրդատվական գործունեության վրա: Դասավանդում է Ամերիկյան համալսարանում և աշխատում գրքի վրա, որն այս տարի լույս կտեսնի Անգլիայում: Բացի այդ,  զբաղված է սեփական բրենդի զարգացման ու առաջխաղացման գործով:

«Զաբելը» գինու անվանումն է, որի ստեղծման համար հումքը գնում են Վայոց ձորից և Արցախից: Արտադրությունը մեծածավալ չէ, Իրինան նախընտրում է, որպեսզի այն մնա բուտիկային արտադրության ձևաչափում:

««Զաբելի» ստեղծման գաղափարը ծագեց շատ տարիներ առաջ: Միշտ եմ սիրել գինի, ծնողներս նաև բավականին լավ մառան ունեն, որտեղ հավաքում են տարբեր տեսակի գինիներ: Լոնդոնում ուսանելու տարիներին աշխատում էի որպես մատուցող` տարբեր ռեստորաններում, որտեղ բախտ վիճակվեց տարբեր տեսակի գինիներ համտեսել, և հենց այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի գինիների աշխարհը: Սկսեցի մասնագիտական դասընթացների գնալ` կապված գինու ստեղծման և արտադրության հետ: Նոր գիտելիքներն ու ռոմանտիկ տարիքս նպաստեցին սեփական լեյբլ ունենալու մասին երազանքիս: Այսպես ծնվեց «Զաբելի» ստեղծման գաղափարը»,- պատմում է Իրինան:

«Զաբելն» արտադրվում է բավականին փոքր քանակով, արտադրությունը շատ մեծացնելու մասին Իրինան չի մտածում: Այս հարցում իր համար գլխավորը ոչ թե ֆինանսական եկամուտ ստանալն է, այլ երազանքի իրագործումը: Այդ պատճառով էլ Իրինա  Ղափլանյանն ուզում է, որ «Զաբելը» մնա որպես բուտիկային նախագիծ.

«Գինին սկսում է արևից, հողից ու խաղողից: «Զաբելը» սովորական արտադրություն չէ. Այն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Թերևս այդ պատճառով էլ չեմ ցանկանում այն առավել մասսայական դարձնել»,- բացատրում է նա:

Կանանց համար Ի. Ղափլանյանը մեկ  խորհուրդ ունի` կրթվել, շատ ու անընդհատ: Դառնալ այնպիսի մասնագետ, որի հետ հաշվի չնստել չեն կարող: Դառնալ այնպիսին, ում թերագնահատելն այլևս անհնար կլինի:

«Կանայք ահռելի ավանդ ունեն Հայաստանի կայացման գործում, սակայն, երբ հերթը հասնում է նրանց հաջողությունների մասին բարձրաձայնելուն, չգիտես ինչու, դա արվում է ինչ-որ նեղ, խիստ որոշակի միջավայրում: Մինչդեռ ես կուզենայի, որ կանանց  հաջողությունների մասին խոսվեր ավելի լայն հարթակներում` դրանք առավել լսելի և քննարկելի դարձնելու համար»,- ասում է Իրինան:

womennet.am