«Ճիշտն ասած, այս սիթքոմի գաղափարն ունեի դեռևս 2013-ին, ավելին՝ այն ժամանակ գրեցի անգամ առաջին սերիայի սցենարը, բայց հետո ընթացք չտրվեց, քանի որ այլ աշխատանքներով էի զբաղված: Այս գաղափարից չորս տարի անց՝ 2016-ին, կյանքի կոչվեց մեր նախատեսած նախագիծը: Նկարահանումները սկսեցինք նախորդ տարվա դեկտեմբերին, այս ընթացքում էլ, բնականաբար, շարունակում ենք աշխատանքներն ու արդեն մարտից մեր սիթքոմը կարող են դիտել «Շանթ Պրեմիումի» հեռւոստադիտողները»,- պատմեց սցենարի հեղինակը:
Ի դեպ՝ սիթքոմի հերոսների մեծ մասը հեռուստադիտողին ծանոթ չեն: Մեր նկատառամանը, թե այս առումով կազմակերպիչները մտավախություն չունեն արդյոք, քանի որ շատ ժամանակ այս կամ այն նախագիծը հաջողում է նաև սիրված դերասանների շնորհիվ, պատասխանեց. «Այո, մի քանի դերասաններն են միայն ծանոթ հեռուստադիտողին, իսկ մնացածը պրոֆեսիոնալ պարողներ են: Նախևառաջ, մենք ունեինք խնդիր՝ պետք է մասնակից դերասանները անթերի պարեին, իսկ պրոֆեսիոնալ պարողներից ավելի լավ, ոչ մեկ չէր կարողանա: Մեր խնդիրը կրկնակի դժվար էր, քանի որ պետք է ընտրեինք լավ պարողների, ովքեր նաև լավ խաղում են, իսկ դա միշտ չէ, որ հնարավոր է: Բավականին երկարատև ու դժվար քասթինգ ենք ունեցել, մինչև կայացրեցինք դերասանների ընտրությունը: Ինչ վերաբերվում է դերասանների՝ անհայտ լինելու խնդրին, ինչ խոսք, կա նման բան, երբ սիրված դերասանը հաջողություն է բերում նախագծին, բայց դերասանի սիրված լինելը ևս հարաբերական է: Բացի դա էլ, գոնե ինձ համար հաճելի է տեսնել նոր մարդկանց: Ճիշտ է՝ արդեն հայտնի դերասանները ևս լավն են, բայց թարմություն տեսնելը շատ հաճելի է: Հետո հներից գիտես, թե ինչ սպասես, իսկ նորեկները նաև նոր բնավորություն ու խաղ են բերում եթեր»:
«OutDance»-ը կտարբերվի դաշտում գործող սիթքոմներից իր թեմատիկայով: Այս առումով ևս, սցենարիստը թարմության կարիք էր զգում. «Իրականում սյուժեն զարգանում է երեք տղաների շուրջ, ովքեր վարձակալությամբ են ապրում: Նրանցից մեկը պարող է, իսկ մյուսը սիրահարվում է մի պարուհու, ում կողքին գտնվելու համար ստիպված է լինում ինքը ևս սովորել պարել: Թե նրան կհաջողի հասնել այդ աղջկա ուշադրությանն ու տիրապետել պարարվեստի հմտություններին, ցույց կտա ժամանակը: Զարգացումները իրականում շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ են լինելու: Ինքս բավականին խորն եմ ուսումնասիրել պարարվեստը ու փորձել եմ այս ոլորտի հետ կապված հետաքրքիր իրավիճակներ ներառել սցենարում, օրինակ, ներկայացնում ենք, թե ինչ դիետաներ են պահում պարուհիները, որպեսզի պահպանեն անհրաժեշտ կազմավածքը»:
«OutDance»-ը ընտանեկան սիթքոմ է, նախատեսված 6+ հեռուստադիտողի համար. «Սիթքոմում արծարծվող հումորները գռեհիկ չեն անգամ ենթատեքստում: Մենք փորձել ենք ստեղծել հետաքրքիր ու ընտանեկան դիտման համար նախատեսված աշխատանք: Սա նախատեսված չէ միայն պարողների համար, մենք ներկայացնում ենք սեր, ընկերություն ու մարդկային այլ հատկանիշներ»,- հավելեց նա:
Անդրանիկ Իսահակյանը տարիներ առաջ գրել է նաև «Բանակում»-ի և «Քաղաքում»-ի սցենարները, որոնք մեծ հաջողություն ունեցան: Հարցին, թե հաջող փորձերը սցենարիստին վստահություն, թե պատասխանատվություն են տալիս, պատասխանեց. «Թերևս և մեկը, և մյուսը: Ամեն դեպքում, կարծում եմ, կրկին հաջող նախագիծ կլինի: Եթե ներքին զգացողություն չունենայի, հաստատ չէի սկսի այս գործը: Ես ու մեր ողջ թիմը ներդրել է մեր ողջ ուժերը, որպեսզի լավ ու հաջող աշխատանք ստեղծենք»: