Հայազգի Րաֆֆի Գրիգորյանը հեռացել է Uber ընկերությունից, որտեղ զբաղեցնում էր առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի պաշտոնը:
Recode-ը հայտնում է, որ Uber-ն այդպիսով կորցնում է իր հերթական բարձրակարգ ինժեներին:
Գրիգորյանը միացել էր Uber-ի թիմին 5 տարի Twitter սոցիալական կայքում աշխատելուց հետո: Twitter-ի նախկին փոխնախագահը միացել էր Uber-ի թիմին 2015 թվականի մարտին, որպեսզի ընկերության հետ իրականացնի 50-ից ավելի նախագծեր: Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի՝ Փիթսբուրգի բաժնի ղեկավարն էր:
Րաֆֆի Գրիգորյանն էլեկտրոնային հաղորդագրություն է փոխանցել իր աշխատակիցներին, որտեղ նշել է, որ հեռանում է իր պաշտոնից, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր ընտանիքի վրա, որը տեղափոխվել է Կալիֆոռնիա:
Գրիգորյանը նշել է նաև, որ չի բացառում իր վերադարձը, սակայն, եթե վերադառնա, դժվար թե զբաղեցնի իր նախկին պաշտոնը: Գրիգորյանը գրում է, որ, երբ վերադառնա, այդ ժամանակ էլ կհասկանա՝ ինչպես կարող է արդյունավետ օգնել առաջատար տեխնոլոգիաների կենտրոնին:
Գրիգորյանի որոշումից հետո ընկերությունը փնտրում է նոր բարձրակարգ ինժեների, ով կկարողանա փոխարինել նրան: Իր հաղորդագրության մեջ Րաֆֆի Գրիգորյանը նշել է, որ իր կիսատ թողած գործերն առայժմ ավարտին կհասցնի Դեյվիդ Սթագերը (David Stager):
Աղբյուրը նշում է, որ Գրիգորյանի՝ թիմից հեռանալը շարունակական գործընթացի մի մաս է: Ավելի վաղ Uber-ը լքել էին նաև այլ առաջատար մասնագետներ, ընկերության մասնաբաժինների ղեկավարներ: Ըստ աղբյուրի՝ խնդիրները սկսեցին այն ժամանակից, երբ Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը սկսեց համագործակցությունը Otto-ի հետ:
Սիրարփի Աղաբաբյան