
Խելացի թավշե արջուկների գրեթե 800 հազար տերերի խոսակցությունների ձայնագրությունները հայտնվել են Համացանցում՝ բաց մուտքի հնարավորությամբ: Այս մասին հաղորդել է Motherboard հրատարակությունը:
Անվտանգության փորձագետները պարզել են, որ խելացի արջուկներ արտադրող CloudPets-ը ձայնագրությունները պահել է միակ սերվերում՝ առանց նշանաբառի: Դրա հետևանքով շուրջ երկու միլիոն աուդիոհաղորդումներ մատչելի են դարձել չարագործներին:
Մասնագետ Թրոյ Հանթն ուսումնասիրել է տվյալների պահոցը և արխիվում հայտնաբերել էլեկտրոնային փոստեր և օգտահաշիվների նշանաբառեր, որոնց տերերի մեծ մասը պաշտպանության համար օգտագործում է «123456» համակցությունը:
CloudPets ընկերության խելացի թավշե արջուկները հեռախոսին կամ պլանշետին են միանում Bluetooth-ի միջոցով: Խաղալիքի տերը պարտավոր է գրանցել օգտահաշիվը, ինչից հետո ձայնային հաղորդումներ ուղարկել կամ ստանալ արջուկի միջոցով: