Սամվել Թադևոսյանի, Մարիա Ախմեդիանովայի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Արման Նավասարդյանի, Վրեժ Հակոբյանի, Արման Կարախանյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Լևոն Մինասյանի նկարահանած ֆիլմի առաջին գնահատողները լրագրողներն էին։ Tert.am Life–ը ներկայացնում է փակ ցուցադրությանը հաջորդած մամուլի ասուլիսի մանրամասները։
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Լևոն Մինասյանն ասաց, որ այն չարի և բարու պայքարի մասին է։ «Արվեստը մարդկանց քնած վիճակից դուրս բերելու լավագույն տարբերակներից մեկն է։ Հերոսը շատ փխրուն երիտասարդ էր, որը դարձավ հերոս։ Ես ցանկացել եմ փոխանցել այն ուղերձը, որ յուրաքանչյուրս ուժ ունենք դիմակայելու այն դժվարություններին, անօրինականություններին, որ գոյություն ունեն մեր կյանքում։ Այս պայքարի մասին ցանկանում էի խոսել հումորով, քանի որ հումորով շատ ավելի հեշտ է բարձրաձայնել բարդ պատմություններ։ Ցանկացա ներկայացնել մի պատմություն, որն ունի և՛ հումոր, և՛ էմոցիաներ, և՛ էքշն նկարահանումներ, որպեսզի կարողանանք գրավել հանդիսատեսին»,– ասաց Լևոն Մինասյանը։
Փարիզաբնակ հայ ռեժիսորը նշեց, որ այսօր Հայաստանում կարելի է նկարահանել տեխնիկական տեսանկյունից շատ բարդ ֆիլմեր, մի բան, որ տասը տարի առաջ հնարավոր չէր։
Ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղ արտարդրություն է։ Հայկական կողմից պրոդյուսինգով զբաղվել է Հրաչ Քեշիշյանի «HK» կինոարտադրող ընկերությունը։ Նա նշեց, որ ֆիլմի բյուջեն կազմել է 1 մլն, 200 հազար եվրո։ «Իմ կարծիքով՝ սա ամենամեծ բյուջեով ֆիլմն է Հայաստանում։ Գոնե իմ արտադրած ֆիլմերից ամենամեծ բյուջեն է ունեցել»,– ասաց Հրաչ Քեշիշյանը։
Անդրադառնալով հարցին՝ կկարողանան ֆիլմի վաճառքով հետ բերել ծախսված գումարները, պրոդյուսերը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ պրոդյուսերներս կկարողանանք աշխատել այնքան գումար, որ դա մեզ մոտիվացնի նկարահանել հաջորդ ֆիլմը, բայց երբ խոսքը ստեղծագործության և արվեստի մասին է, միշտ չէ, որ տեղին է դա վերածել հաշվարկների։ Յուրաքանչյուր գեղարվեստական ստեղծագործություն, ֆիլմ ունի իր ճակատագիրը՝ կշահե՞ս, թե՞ տանուլ կտաս, նշանակություն չունի։ Կարևորը ֆիլմը տպավորի մարդկանց և ցանկանան կրկին դիտել այն։
Անդրադառնալով դերասանական քասթինգին՝ Հրաչ Քեշիշյանը նշեց, որ Լևոնը բավականին բծախնդիր էր։ Իր հերթին՝ ռեժիսորը նկատեց, որ դերասաններին ընտրել է՝ հաշվի առնելով ինչպես տաղանդի, այնպես էլ արտաքին տվյալները, քանի որ իրենց հատուկ տեսակ էր պետք։
Ֆիլմի նկարահանումները տևել են 36 օր։ Դերասան Սամվել Թադևոսյանի համար «Բրավո՛, վիրտուոզը» դեբյուտային ֆիլմ էր, թեև մինչ ֆիլմն արտարդրական փուլում էր, լույս տեսավ «Կյանք ու կռիվը», որով էլ հանդիսատեսը ճանաչեց նրան։ Ֆիլմում դասական երաժիշտի մարմնավորելու համար նա կլառնետ նվագել է սովորել։ Նրա հակահերոսին՝ ռաբիս երաժշտին մարմնավորող Արման Նավասարդյանը դասընթացի կարիք չի ունեցել, քանի որ նվագել գիտեր։
Ամբողջությամբ՝ life.tert.am