Կոլումբիացի ռեժիսոր Սերխիո Կաբրերան պրոդյուսեր Ուգո Լեոն Ֆերերի հետ համահեղինակությամբ ներկայացրել են լեգենդար գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին հեռուստասերիալի առաջին մասը: Այդ մասին մարտի 2-ին գրել է կոլումբիական El Tiempo թերթը:
«Սա հեռուստանախագծի առաջին սերիան է, որը հագեցած կլինի գործողություններով, լարվածությամբ ու կրքերով, ինչպես նաև ավելի վաղ անհայտ անեկդոտներ կպատմի Գաբոյի (այսպես են գրողին անվանում Կոլումբիայում) կյանքից, որոնք կապված են սնոտիապաշտություններին նրա հավատալու հետ»,- հրատարակությունը մեջբերում է սերիալի ստեղծողի խոսքը:
Սյուժեի հիմքում ընկած են Մարկեսի բազմաթիվ կենսագրությունները և նրա մտերիմ մարդկանց հիշողությունները: Նկարահանումներն սկսվել են դեռ 2015 թվականին. ընդամենը կստեղծվի յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ 13 սերիայից բաղկացած երեք եթերաշրջան:
Այժմ կինոնախագծի հեղինակները ֆինանսավորում են փնտրում նկարահանումները շարունակելու համար և ակնկալում են նախագծի իրավունքը վաճառել HBO ամերիկյան հեռուստատեսային ցանցին, որն ստեղծել է այնպիսի նշանավոր սերիալներ, ինչպիսիք են՝ «Գահերի խաղը», «Ընդհատակյա կայսրությունը» և «Սոպրանո կլանը»:
Մեծ գրողի կյանքի մասին հեռուստանովելի հնարավոր գնորդ կարող է լինել նաև Netflix ամերիկյան տեսածառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: