Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն Սպիտակ տանն աշխատող լրագրողներին սուրճի մեքենա է ուղարկել՝ քաջալերական գրությամբ, տեղեկացնում է BBC-ին:
«Սպիտակ տան մամուլի կորպուսին: Շարունակե՛ք պայքարը հանուն ճշմարտության, արդարության և ամերիկյան ուղու: Հատկապես հանուն ճշմարտության»,- ասված է Հենքսի գրության մեջ, որը տպված է գրամեքենայով:
Սուրճի մեքենայի և գրության լուսանկարները հայտնվել են ամերիկացի մի քանի լրագրողների Twitter-ում, որոնք դերասանին շնորհակալություն են հայտնել աջակցության համար:
2004 թվականին Հենքս արդեն համանման նվեր է ուղարկել լրագրողներին: Նա պարզաբանել է, որ դա արել է, երբ իմացել է, որ ԶԼՄ-ների՝ Սպիտակ տանն աշխատող լրագրողները սուրճ են խմում ավտոմատից:
«Հուսով եմ, որ այս մեքենան նորությունների 24-ժամյա ցիկլը փոքր-ինչ ավելի հաճելի կդարձնի»,- այն ժամանակ հայտարարել էր դերասանը: