Նախիջևանը՝ որպես Երևանի նահանգի մաս. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախիջևանը՝ որպես Երևանի նահանգի մաս. armeniasputnik.am

Երբ 1828 թվականին Ռուսական կայսրության կազմում ստեղծվեց Հայկական մարզը, ապա այդ զուտ հայկական վարչատարածքային միավորման մեջ, բնականաբար, ընդգրկվեց նաև Նախիջևանի երկրամասը: Այնուհետև, 1849-ից մինչև 1917-ի վերջը՝ Նախիջևանը Երևանի նահանգի անբաժան մասն էր կազմում:

Այս առումով ներկայացնենք «Ռուսական կայսրության նահանգները» աշխարհագրական երկերեսանի քարտերի շարքը, որը տպագրվել է 1856 թվականին Սանկտ Պետերբուրգում: Այն բաղկացած է 82 նկարազարդված քարտերից, որոնց նպատակն է եղել հակիրճ և հանրամատչելի ձևով ամենատարբեր բնույթի տեղեկություններ տրամադրել Ռուսական կայսրության նահանգների (գուբերնիաների) վերաբերյալ:

Երևանի նահանգին վերաբերող քարտի վրա որպես նահանգի ազգաբնակչություն նշված են հայերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները՝ պարսիկներ և լեզգիներ: Իսկ ահա «Քաղաքներ» հատվածում նահանգի 5 քաղաքները տրված են այսպիսի հերթականությամբ և Նախիջևանի մասով ուշագրավ մակագրությամբ. «Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), Նախիջևան՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք, Օրդուբադ, Նոր Բայազետ (այժմ ՝ Գավառ)»: Նշենք նաև, որ Երևանի նահանգի քարտեզի մեջ է ներառված նաև Սուրմալու (Իգդիր) հայկական գավառը, որը Թուրքիային անցավ 1921 թվականին:

1918-1920 թթ. Նախիջևանի երկրամասն արդեն Հայաստանի առաջին Հանրապետության մասն էր կազմում: Սակայն, դժբախտաբար, տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը, կապված խորհրդա-քեմալական մերձեցման հետ, անբարենպաստ անդրադարձավ նաև Նախիջևանի ճակատագրի վրա, և 1923 թվականին հայկական այդ երկրամասը ինքնավարության կարգավիճակով հայտնվեց նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի կազմում: