Ծնող-դեռահաս փոխհարաբերությունները կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին: Բազմաթիվ ընտանիքներում դեռահասի հանդեպ վերաբերմունքը, պահանջները դեպի նա, խիստ տարբերվում են միմյանցից: Այն համապատասխանում է ծնողների արժեքային համակարգին, նրանց՝ կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներին: Մի ընտանիքում դեռահասը դիտվում է՝ որպես հասուն անձ, ով իրավունք ունի կառավարել իր կյանքը, սակայն չունի այն իրականացնելու հստակ գործիքներ, մյուս ընտանիքում դեռահասն այդպես էլ տասնյակ տարիներ մնում է «դեռահաս», ում փոխարեն ընդունում են որոշումներ, չնայած նրան, որ ինքը հստակ ունենալով կյանքում գործելու հիմնական գործիքներ՝ չունի դրանք օգտագործելու տարածք: Այս ամենը, սակայն, ունի հոգեբանական բնութագրական կողմ, որը պակաս կարևոր չէ` բացահայտելու համար նման փոխհարաբերությունների արդյունավետության և դեստրուկտիվության դրդապատճառները:
Դեռահասության տարիքը՝ որպես այդպիսին, համարվում է ճգնաժամային, և նրա դրսևորումները` վարքային, հուզական, վերբալ, առաջինը նկատում է ծնողը: Ծնողների սուբյեկտիվության գործոնը շատ դեպքերում խթան է հանդիսանում կոնֆլիկտների և փոխհասկացվածության բացակայության: Մինչդեռ այդ դրսևորումները հանդիսանում են ինքնարտահայտման ուրույն մոդել` նմանվելով չմշակված քարի, որն ունի հստակ արդյունավետություն, սակայն իր տեսանելի բովանդակությամբ անընդունելի է: Նման դեպքերն առավել են խոցում դեռահասին, քանի որ առաջին գնահատականը հասուն քայլերի նկատմամբ տալիս է ծնողը: Հենց նման հարաբերություններում է, որ արտահայտվում է առաջին հանդուրժողականության և էմպատիայի դրսևորումը: Որքան ընտանեկան փոխհարաբերությունները կայուն և գիտակցական մակարդակում կառուցվեն, այնքան անհատն ավելի քիչ կնկատի իր ճգնաժամային դրսևորումները, և կենսական բովանդակության, տարիքային հետաքրքրությունների բազան ավելի մեծ կլինի:
Մեր իրականությունը, ինչպես և յուրաքանչյուր երկրի իրականություն, զարգացում է ապրում՝ իրեն ներկայացված պահանջներին համապատասխան: Եվ նման փոփոխական սոցիալ-հասարակական միջավայրը բազմաթիվ, սակայն անհիմն ընտրողականություն է առաջարկում դեռահասին: Ընտրելը հեշտ է, սակայն պատասխանատվությունը՝ այդ ընտրության և նրա հետևանքների հետ կապված, շատ ավելի խորհելիք է, քանի որ այդ ընտրողականությունը բաց է ոչ միայն դեռահասի, այլև ամբողջ հասարակության համար, իսկ արդյունքը՝ ամուսնալուծությունների կտրուկ աճ, չմտածված քայլերի հատուցում՝ ինքնասպանությամբ, կյանքում ինքն իր առաքելությունը փնտրող 30-ամյա «դեռահաս», որն այդպես էլ չի հասունացել: Եվ սա այն ամենաթույլատրելիության սինդրոմն է, որով վարակված է մեր հասարակությունը: Իսկ վարակը բերում է կոնֆլիկտի, կոնֆլիկտ՝ հանուն այն գաղափարի, որը մակաբույծի նման մտնում է հասարակության գիտակցության մեջ և գոյատևման պայքար մղում: Դեռահասը փորձում է բացատրել ծնողին, որ ներկա ժամանակները փոխվել են, իր ընկերներն այլ կերպ են ապրում, ինչը հիմա առավել արդիական է, և պայքարում է այդ անտեսանելի հիմքերով պարուրված արդիականության համար: Շատ հաճախ ծնողն իր անզորությունը հասկանալով՝ միակողմանի հակագրոհ է կատարում՝ բացառելով սեփական երեխայի ինքնարտահայտումը, և իր ծնողական դիրքորոշումը կնիքում է որպես միակ ճշմարտություն՝ ստեղծելով մի մեծ անդունդ իր և երեխայի միջև: Երկխոսությունն ուղղակի անհրաժեշտություն է. Յուրաքանչյուր վեճ բերում է էվոլյուցիայի, յուրաքանչյուր էվոլյուցիա՝ արդյունքների տեսողական գնահատման: Երեխան խոսքով կարող է սահմանը հատել, սակայն սահմանի ռիսկը գնահատելով՝ ծնողն արգելափակում է այն մեծ պայթյունը, որը կարող է իրականացվել, եթե նա մինչև վերջ թույլ չտա արտահայտվել երեխային:
Իրականում դեռահասներն ինքնարտահայտման կարիք ունեն, ինչպես ցանկացած անձ, որը մի հասունացման փուլից անցում է կատարում մյուսին: Նա ունի վարքային մոդելների ընդօրինակման պահանջ: Քննադատելու փոխարեն՝ յուրաքանչյուրն իր պարտքը պետք է համարի, եթե նույնիսկ՝ ոչ խոսքով, ապա՝ գոնե իր ապրելակերպով, իր արժեքներով՝ սեփական դեռահասի համար այդքան պահանջված մոդելը հանդիսանալ: Սա այն տարիքն է, երբ խրատական քարոզներն այնքան չեն ընդունվում, որքան իրական տեսանելի, ցուցադրված ճշմարիտ քայլերը:
Հիշեք, լսելը գիտակցական և ճշմարիտ որոշման հիմքն է, իսկ ծնողը երեխայի աչքերում ճշմարտության էտալոն է: Փորձեք պահպանել ձեր «ճշմարիտ» ծնողի կարգավիճակը և այդ կտրուկ անվան ներքո եղեք անսահման հանդուրժող և համբերատար:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան