Մարդու ուղեղն անդադար փոփոխվում է՝ հարմարվելով կյանքի տարբեր իրավիճակներին: Ամենատարածված օրինակներից մեկը լոնդոնյան տաքսիստներն են, որոնք ստիպված են մտապահել Լոնդոնի քարտեզը. սրա հաշվին տաքսիստների մոտ մեծանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատվություն է կրում տարածության մեջ կողմնորոշվելու համար: Մեկ այլ օրինակ է տղամարդու հայր դառնալը: Երեխայի լույս աշխարհ գալը, բառի բուն իմաստով, փոփոխում է տղամարդու ուղեղը՝ կնոջ ուղեղի նմանությամբ:
Ակնհայտ է, որ նման փոփոխության հարցում մեծ դերակատարում ունեն հորմոնները. մարդու ուղեղն ուղղակիորեն կապված է էնդոկրին համակարգի հետ, այնպես որ, հորմոններն ազդում են նաև նյարդային համակարգի աշխատանքի վրա, և՝ հակառակը: Ամենակարևոր հորմոնային գործընթացներից մեկը կնոջ ամսական ցիկլն է: Ցիկլի ժամանակ արյան մեջ փոփոխվում է էստրոգենի մակարդակը, և, ինչպես ցույց են տվել Մաքս Պլանկի՝ մարդու ուղեղի և գիտակցության հասարակագիտական ինստիտուտի պրոֆեսոր Յուլիա Զահերի և իր կոլեգաների անցկացրած հետազոտությունների արդյունքները, էստրոգեն հորմոնի փոփոխությունն ուղղակիորեն ազդում է ուղեղի կամ դրա որոշ հատվածների վրա:
Հետազոտության ընթացքում 32-ամյա մի կնոջ կանոնավոր կերպով ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա էին անում՝ համեմատելով տվյալներն արյան մեջ էստրոգենի մակարդակի հետ: Ինչպես գրում է Scientific Reports-ը՝ հորմոնի բարձր մակարդակը համընկնում էր հիպոկամպի մեծացման հետ:
Հիպոկամպը, ինչպես հայտնի է, ուղեղում հիշողության կենտրոնն է համարվում, ինչպես նաև մասնակցում է էմոցիաների կազմավորմանը: Կանանց մոտ կանոնավոր կերպով փոփոխվում է տրամադրությունը, որոնց ամենածանր վիճակը համարվում է տրամադրության նախացիկլային փոփոխությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը