«Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ, վտանգավոր է». Վազաշենի մաթեմատիկայի ուսուցչուհի. hetq.am
Advertisement 1000 x 90

«Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ, վտանգավոր է». Վազաշենի մաթեմատիկայի ուսուցչուհի. hetq.am

«Գիտեմ, թե երեխաներն ինչքան են վախենում մաթեմատիկայից: Ասում են՝ չենք կարող սովորել և հաճախ անհաղորդ են մնում այդ գեղեցկությանը, որովհետև չեն ունենում ուսուցիչ, որը կարողանա նրանց պատմել այդ մասին: Իմ նպատակն է ցույց տալ, որ ոչ միայն գրականությունը, բանաստեղծությունը, երաժշտությունն են գեղեցիկ, այլև մաթեմատիկան ևս գեղեցիկ է: Ուզում եմ մաթեմատիկայի հանդեպ իմ սերը փոխանցել երեխաներին»,- պատմում է սահմանամերձ Վազաշեն համայնք տեղափոխված ուսուցչուհի Սաթենիկ Պետրոսյանը, հետո ավելացնում, որ հանրակրթական դպրոցի ծրագրերը բարդ են ու հաճախ հասու չեն աշակերտներին։

«Շատ հաճախ չեն հասկանում, թե ինչ են սովորում, սկսում են չսիրել առարկան»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկ Պետրոսյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, մասնակցել «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, դասընթացներին և սեմինարներին մասնակցելուց հետո տեղափոխվել սահմանամերձ Վազաշեն գյուղ ու աշխատանքը սկսել տեղի միջնակարգ դպրոցում: Դասավանդում է մաթեմատիկա 5-12-րդ դասարաններում:

««Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասին լսեցի ընկերներիցս: Ցանկանում էի Արցախի բնությանը մոտ մի տեղ գտնել, գնալ. հոգնել էի Երևանից, աղմուկից, Արցախը ծրագրում ներառված չէր: Մանկավարժական կրթություն չունեմ, փորձ չեմ ունեցել: Մտածում էի` ի՞նչ պիտի անեմ, ո՞նց պիտի դասավանդեմ ծրագրի շրջանակում, իսկ հիմա գիտեմ, թե դասին ինչ մեթոդներ է պետք կիրառել»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկը ծնվել ու մեծացել է Երևանում, արդեն ութ ամիս ապրում է Վազաշենում` տանտիրուհի Զինայի և «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից Էսթերի հետ:

«Երբեք գյուղում չեմ ապրել: Գյուղ տեղափոխվելն ինձ համար էկզոտիկ էր: Գյուղի կենտրոնում ենք բնակվում` գյուղապետարանի շենքի մոտ: Տունը բարձրադիր է և ադրբեջանական դիրքերից լավ երևում է: Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ. վտանգավոր է»:

25-ամյա ուսուցչուհին ասում է, որ աչք է փակում դժվարությունների վրա։

«Ապրելու պայմաններն են բարդ, որովհետև նման պայմաններ իմ կյանքում չէի տեսել, թեև մինչև գյուղ գալը պատկերացնում էի դժվարությունները: Երբ ջուր եմ խմում, աչքերս փակում եմ, որ գույնը չտեսնեմ, հետո հիշում, որ նույն ջրից խմում են նաև աշակերտներս: Իրենք եթե ապրում են, սովորում են այդ պայմաններում, ես էլ եմ հարմարվում: Կրակոցների ձայներ լսելուց հետո էլ շարունակում ենք դասը` փորձելով չկենտրոնանալ դրանց վրա»,- պատմում է Սաթենիկ Պետրսյանը:

Սաթենիկ Պետրոսյանն իր աշակերտների մասին ոգևորությամբ է պատմում և նշում, որ նրանք տարբեր են՝ իրենց երազանքներով ու ցանկություններով: Ասում է, որ փոքրերի հետ ավելի հեշտ է, քանի որ նրանք սովորելու ցանկություն ու հետաքրքրասիրություն ունեն, իսկ ավագ դասաարաններում սովորելու ցանկությունը գնալով պակասում է: Սաթենիկը նկատել է նաև, որ գյուղի երեխաները նույնիսկ երազանքներով տարբերվում են քաղաքում ապրող իրենց հասակակիցներից:

«Իմ աշակերտները յուրօրինակ են: Առաջին օրը, երբ դասարան մտա, մտածում էի` էս երեխեքն ինչո՞ւ են այսքան տխուր: Իմ հիմնական նպատակը հիմա նրանց ուրախացնելն է: Մեկ-մեկ մտածում եմ` ծաղրածու չեմ, բայց ինքս ինձ ասում եմ` ոչինչ, թող ծիծաղեն, ուրախանան, խոսեն, աղմուկ լինի: Նրանք խոսելու, բացվելու պահանջ շատ ունեն: Փոքրերի մեջ ըմբոստ աշակերտներ ունեմ, հետաքրքրասեր են, ուզում են ամեն ինչ իմանալ: Բարձր դասարաններում ապագայի հարցն է բացվում: Գյուղի երեխաները փակ են, նույնիսկ վախենում են երազել, ցածր դասարանի երեխաներին երբ հարցնում ես նպատակներից, խոսում են շատ մանր բաների մասին: Նրանք իրենց թույլ չեն տալիս երազել»,- ասում է Սաթենիկը։

Ամալյա Մարգարյան

Ամբողջությամբ՝ hetq.am