Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված համանուն ֆիլմում:
Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է ամերիկացի կատարողը, երգը հասանելի է Apple Music հավելվածի կայքում: Նրա խոսքով` երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:
Հիշեցնենք, որ Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի, Քրիստիան Բեյլի, Ժան Ռենոյի, Անժելա Սարաֆյանի, մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին:
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերը Էրիկ Եսրայլյանը: Ինչպես հայտնի է, կինոնկարում հնչելու է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը: