Ժամանակակից բանաստեղծն ինքնին հետաքրքրական երևույթ է: Նույն քաղաքում կողքիդ պատահաբար կարող են հայտնվել այնպիսի մարդիկ, ովքեր «կարճում են վախի հետ հանդիպման ճամփաները» և ներդաշնակելով լույսն ու ստվերը՝ բառերով ստեղծում են պատկերներ: Այդ մարդկանցից մեկը հայ ժամանակակից բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն է: Բնույթով ինքն իրեն որպես մենակյաց բնորոշող Հասմիկը հեղինակել է երկու ժողովածու («Լուսնոտ բառեր», 2005թ. և «Թափթփված սենյակներ», 2010թ.), արժանացել է գրական մի շարք պարգևների ու մրցանակների:
Հասմիկին անհնար է պատկերացնել առանց իր «hs-poetry» բլոգի. բացառիկ մի վայր, որտեղ կարող եք հանդիպել ինչպես՝ հայ, այնպես էլ՝ օտարազգի գրողների ստեղծագործությունների:
Ձեզ ենք ներկայացնում բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ մեր զրույցը:
– Հասմիկ, գրելու գործընթացում ո՞ր հատվածն է Ձեզ համար ամենագրավիչը:
– Գրելու գործընթացն առանձնապես գրավիչ չի, որ հնարավոր լինի որևէ մասն էլ առանձնացնել: Դա սևագործ աշխատանք է, որ մեծ լարում ու կենտրոնացում է պահանջում: Գրավիչը միֆ է: Ընթերցելն է հաճույք, որովհետև սխալվելու տեղ չկա: Իսկ գրել, նշանակում է՝ անընդհատ սխալվել, անընդհատ ձախողվել և անընդհատ կանգնել ու շարունակել:
– Այդ դեպքում կարո՞ղ եք ապրելն ու գրելը միմյանցից առանձնացնել: Կարծես ապրելիս էլ Ձեր նշած գործողություններն անընդհատ իրար են հաջորդում:
– Գրելն անընդհատ մտածված սխալն ինչ-որ մի կետում իրար գլխի հավաքելն է, իմ դեպքում՝ բանաստեղծության մեջ ռեալիզացնելը, քանդակագործի դեպքում՝ քարի մեջ սխալվելն է, նյութի հետ ներդաշն լինելով, նյութը սիրելով՝ սխալվելը, և նույն նյութից, բայց նյութից տարբեր, մի ուրիշ բան ստեղծելը: Ապրելու դեպքում փորձում ես նկատի ունենալ, որ հանրույթի մաս ես և կանոնարկում ես շատ բաներ: Մի խոսքով, ապրելն ու գրելը թարս բաներ են, և փոխլրացնելով իրար՝ միշտ իրար խանգարում են:
– Ստեղծագործելիս այդ սխալները զգալու ու հետո բառերով պատկերելու մեջ կա՞ն նրբերանգներ, որոնք հատուկ են միայն կնոջը:
– Եթե մարդը ստեղծագործում է, արդեն մի քիչ կին է, իսկ մնացածը որոշակի հմտության հարց է, փորձի ու համառության:
– Այսինքն՝ տղամարդիկ նո՞ւյնպես:
– Հենց տղամարդիկ:
– Ստեղծագործելը չափազանց կանացի՞ է:
– Ծնելը կնոջ ֆիզիոլոգիայի մի մասն է: Ստեղծագործելով կամ ստեղծելով՝ տղամարդն իր ու կնոջ միջև հավասարության նշան է դնում, հասկացումի քայլ կատարում իրենից տարբեր մեկը: Ստեղծագործելը, թերևս, հենց սա է՝ փորձել հասկանալ դիմացինին: Ժամանակի ընթացքում կինն ու տղամարդն իրարից տարբեր բաներ են սովորել ու փոխառել: Օրինակ՝ ավելի վաղ շրջանում զարդարվում էր տղամարդը, որ որսորդ էր և պետք ուներ նույնանալու բնությանը, չտարբերվելու և հաջող որս անելու: Ավելի ուշ զարդարվում էր կինը, միայն թե որսի նպատակը տղամարդն էր: Այսօր արդեն նկատում ենք, որ տղամարդիկ կրկին սկսել են զարդարվել: Եվ ուրեմն, ենթադրում եմ, որ, եթե ստեղծելը հատուկ է կնոջը, ապա ստեղծագործելը համընդհանուր է, անչափ մարդկային:
– Կարո՞ղ ենք ասել, որ գրողներին հատուկ է կերպարանափոխությունը, և, որ կինը գրելու միջոցով կարող է անել այնպիսի բաներ (գուցե՝ նաև տղամարդկային), որ իրական կյանքում երբեք չէր անի:
– Կարծում եմ՝ վաղուց արդեն չկան այնպիսի տղամարդկային գործեր, որ կինը չի կարողանում անել: Մեկ-երկու դար առաջ գուցե նման խնդիր կար, բայց ոչ այսօր: Չասեմ, որ գրելու տարածքն էլ անիմաստ պայքարի գոտի չի, թե՝ եկեք տեսնենք՝ ով ինչ կարող է անել, ինչ՝ ոչ: Գրականությունը շատ ավելի հետաքրքիր տեղ է:
– Ձեր ուսուցիչներից մեկը եղել է Հովհաննես Գրիգորյանը: Արդյո՞ք ստեղծագործելիս զգում եք տղամարդ գրողի ազդեցությունը:
– Ինչպես նշեցիք՝ եղել է: Այսօր ավելի շատ իմ ուսուցիչը Սոնթագն է ու Փլաթը, մի քիչ՝ Ներուդան, մի քիչ՝ Տիգրան Չերազը: Եվ հետո, ի՞նչ է նշանակում՝ տղամարդ գրողի ազդեցություն: Վուլֆի ազդեցությունը տղամարդկայի՞ն է, թե՞ կանացի: Գրողները սեռի օրիենտացիան հաղթահարած մարդիկ են, այդ թվում և՝ Հովհաննես Գրիգորյանը: Օրինակ՝ «Նամակը, որ քեզ չի հասնելու երբեք» բանաստեղծության մեջ Հովհաննես Գրիգորյանն ասում է.
«Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը` օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ»:
Եվ կամ Մարինե Պետրոսյանի վաղ շրջանի այս բանաստեղծությունը.
«Դու հիշո՞ւմ ես տարին այն, երբ ծառերը բոլոր կտրեցին,
Հետո անձրևները՝ ամիսներ, ամիսներ շարունակ,
Մեր զորքերն արդեն վերցրել էին Քարվաճառը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը:
Ես հիշում եմ տարին այդ՝ հստակ, ինչպես իմ անունը,
Մայիսյան առավոտն այդ, երբ դանդաղ գրվեցին այս տողերը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը,
Հայաստանը մեկ տարեկան էր»:
Ես գիտեմ, թե այս երկու բանաստեղծներից ով է կին, ով՝ տղամարդ, բայց ասել, թե այս երկու բանաստեղծություններից որ մեկն է տղամարդկային, որ մեկը՝ կանացի, ոչ միայն բարդ է, այլև՝ մի քիչ անհեթեթ:
– Իսկ ընթերցողը հաղթահարե՞լ է արվեստը սեռային սահմանափակման մեջ չդնելու բարդույթը, և արդյո՞ք հայաստանյան միջավայրը, հասարակությունը կին գրողին ինչ–որ կարծրատիպային շրջանակների մեջ չի դիտարկում:
– Իհա՛րկե չի հաղթահարել: Անջրպետները մեծ են, բայց մենք արհեստի մասին չենք խոսում, այլ՝ արվեստի: Հասարակությունը ոչ միայն կնոջն է կարծրատիպերով ընկալում, այլ նաև՝ տղամարդուն: Տղամարդը մեզանում իրավունք չունի նուրբ, խնամված ու քաղաքավարության բոլոր կանոններով ապրելու, իսկույն թուլության նշան է համարվում, կասկածի տակ է առնվում տղամարդկությունը, և այլն: Նկատած կլինեք՝ տղամարդիկ եթե ցանկություն ունեն օգտվելու մատնահարդարի կամ դիմահարդարի ծառայությունից, ապա նախապես պայմանավորվում են ու գնում այն ժամերին, երբ սալոնը համարվում է փակ, և կին այցելուների չեն կարող հանդիպել: Բնական է, որ այս նույն տղամարդիկ, որ չեն հաղթահարել խնամված լինելու իրենց իրավունքը, հաջորդ օրն իրենք են այլ կարծրատիպեր պարտադրելու, դրանով իսկ՝ ընդգծելու, և այդպիսով՝ լեգիտիմացնելու իրենց տղամարդկությունը: Տրվել այս և մնացած կարծրատիպերին, նշանակում է՝ լինել հաջորդողը, կեղծիքը շարունակողը, ստողը: Գրականությունը նման բաներ չի հանդուրժում: Նման մարդիկ անգամ ընթերցող լինելու շռայլությունը չունեն: Որովհետև իսկապես շռայլություն է՝ լինել լավ ընթերցող:
– Կարծրատիպերից խուսափելու ճանապարհին մենության հետ հանդիպելու հավանականություն կա՞:
– Ես բնույթով մենակյաց մարդ եմ ու կարող եմ փաստել, որ այսօր ամենադժվար բանը մենության հետ, թեկուզ՝ կարճատև, բայց հանդիպումն է: Իսկ եթե խոսքը խիզախումի ճանապարհով ձեռք բերած մենակությունն է, ապա ես, օրինակ, դա լավագույն նվերը կհամարեի: Շատ քանակը որակի հետ կապ չունի, և տասնյակ ընկերները, որոնց հետ խոսելիք չունես, չարժեն այն մեկ կամ երկու մտերիմ մարդը, ում հետ կարելի է անգամ լռելով զրուցել: Վախի հետ հանդիպման ճամփաները պիտի կարճենք, ոչ թե վախով սահման գծենք: Նույն կերպ կինը, երբ ծննդաբերում է, հավանականություն կա, որ կմահանա: Պրոցեսը հեշտ չի, բայց եթե կինն ուժ է գտնում նոր կյանք ստեղծելու, իր ներսում իրենից տարբերին ունենալու, ուրեմն մենք չպիտի խղճանք մեզ: Մենք չպիտի մեր խղճահարության օբյեկտը դառնանք:
– Մի անգամ ասել եք, որ «թղթի վրա, բառերի մեջ, երբ թիկունքում տողն է, այո, ուժեղ եմ»: Իսկ բառերի ու տողերի միջավայրից դուրս ի՞նչը կարող է կին գրողին ուժեղ դարձնել:
– Մարդուն մարդն է ուժեղ դարձնում: Իմ դեպքում այդ մարդիկ՝ գրողները, ու իրենց թողած գրքերն են ինձ ուժեղացնում: Օրինակ բերեմ: Քանի օր է՝ մի քիչ վատառողջ եմ ու գնում-գալիս՝ նվնվում եմ: Գիրք նվիրելու օրը «Բյուրոկրատ» գրախանութն իմ սիրած հեղինակի գրքերից մեկն ինձ նվիրեց, որը չունեի և հիմա կարդում եմ: Խոսքը Սյուզան Սոնթագի «Հիվանդությունն իբրև մետաֆոր» էսսեի մասին է: Մեջբերում եմ. «Քաղաքացիությունը ծանր բեռ է: Յուրաքանչյուր ծնվող մարդ երկու անձնագիր է ստանում՝ առողջների թագավորության և հիվանդների: Անշուշտ, ցանկալին առաջինն է, բայց վաղ թե ուշ բոլորս էլ, թեկուզ մի կարճ ժամանակով, ստիպված ենք լինում հայտարարել, որ նաև երկրորդ թագավորության քաղաքացին ենք: …Անհնար է բնակություն հաստատել հիվանդների թագավորությունում՝ չծանրաբեռնելով ինքդ քեզ բոցաշունչ մետաֆորներով, ինչն էլ կազմավորում է լանդշաֆտը»: Նման բաներ կարդալուց հետո կարմրած քթից, արցունքակալող աչքերից, հազից ու գլխացավից նվնվալը ոչ այնքան ծիծաղելի է թվում, որքան ամաչում ես ինքդ քեզնից. ես սկսեցի Սոնթագից ամաչել:
– Հասմիկ, ստեղծագործելիս ի՞նչ հարաբերակցություն ունեն երևակայությունն ու անձնական փորձառությունը՝ հատկապես տղամարդու պատկերման ժամանակ:
– Ինչպես լուսանկարում՝ հիսուն տոկոս լույս, հիսուն տոկոս ստվեր:
– Ֆոտո ասեցիք, հիշեցի. նույն Սոնթագը, իհարկե լուսանկարելու մասին, բայց ասել է. «Լուսանկարել մարդուն, նշանակում է՝ ինչ–որ բռնություն գործադրել, տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նա ինքն իրեն չի տեսնում, իմանալ նրա մասին այն, ինչ ինքը չգիտեր»: Նույնը հնարավո՞ր է վերագրել գրականությանը:
– Իհարկե: Օրինակ՝ երբ ես իմ մասին եմ գրում, բացահայտում եմ բաներ, որ չգիտեի, ու փաստորեն, բանաստեղծությունն ինքս ինձ ճանաչելու շանս է: Եվ ոչ միայն մարդկանց մասին, քաղաքի կամ որևէ դեպքի մասին գրել՝ նշանակում է՝ փորփրել, հետախուզել, արդյունքում՝ բացահայտել ու ճանաչել, օրինակ, այդ մարդկանց ավելի լավ, քան իրենք իրենց գիտեն կամ վախենում են իրենք իրենց խոստովանել, որովհետև հեշտ ճանապարհ էին ի սկզբանե ընտրել: Եվ գրելով գուցե ցավ էլ ես պատճառում, որովհետև խախտում ես սովորական առօրյայի միագիծը, ցույց տալիս մի բան, ինչը խոտոր է ու հետաքրքիր: Հովհաննես Գրիգորյանն իր «Գերեզմանիա» վեպի վրա անընդհատ աշխատում էր, երբ հարցնում էի, թե ինչո՞ւ չի հրապարակում, ասում էր. «Վեպի գործող հերոսների մի մասը դեռ ապրում է, չեմ ուզում իրենց ցավեցնել»:
– Փաստորեն, բանաստեղծելու համար համարձակություն է պետք:
– Համարձակությունն ամեն տեղ է պետք, բայց առաջին հերթին՝ ապրելու համար:
– Վերջին, ավանդական դառնալու պոտենցիալ ունեցող հարցը. Հասմիկ, բանաստեղծուհի՞, թե՞ բանաստեղծ: Ածանցն իրո՞ք այդքան մեծ նշանակություն ունի:
– Կրծքերը կամ առնանդամը չեն բանաստեղծությունը դարձնում բանաստեղծություն: «Ուհի» վերջածանցն ինձ համար սահմանափակում է, ինչ-որ տարածքի մատնանշում, որի հետ ես համաձայն չեմ: Ես ուզում եմ ազատ լինել, սիրել և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և ճանաչելի լինել որպես կին՝ ոչ թե վերջածանցով, որը համահարթեցնում, հավասարեցնում է բոլորին, մտցնում որոշակի համազգեստի մեջ, այլ ուզում եմ ճանաչելի լինել բանաստեղծությամբ, որը միայն ես կարող եմ գրել:
Անի Գաբուզյան