Ներկայացնում ենք հայտնի հրեա գրող, սցենարիստ, դրամատուրգ և հեռուստահաղորդավար Գրիգորի Օսթերի սրամիտ, իմաստուն և զվարճալի խորհուրդները, որոնք կօգնեն դառնալ ամենահասկացող մայրերն ու հայրերը:
1. Պատասխանելով Ձեր երեխայի հարցերին՝ մի մոռացեք. այն ամենը, ինչ Դուք կասեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ:
2. Հիշեք, որ Դուք ոչ միայն ինքներդ կարող եք լռություն պահպանել, այլ նաև կարող եք երեխային պատվիրել, որ նա նույնպես գոնե մեկ րոպե լռի:
3. Քնելուց առաջ երեխայի համար ոչ թե հեքիաթ կարդացեք, այլ խրատներ: Այդպես նա շատ ավելի շուտ կքնի:
4. Եթե Ձեր պատասխանից հետո երեխան սկսում է կակազել, ասացեք նրան, որ Դուք կատակել եք:
5. Մի պահանջեք երեխայից անհնարինը: Սկզբում ինքներդ փորձեք մինչև վերջ ուտել այդ շիլան:
6. Եթե Ձեր երեխան պահանջում է 2-րդ խմորեղենը, գնեք նրա համար մի ամբողջ տորթ, և դա թող նրա համար դաս լինի:
7. Եթե Դուք երեխաներից թաքցրել եք ինչ-որ բան և ինքներդ չեք կարողանում գտնել, որովհետև մոռացել եք, թե ուր եք դրել, ապա հարցրեք երեխաներին, նրանք անպայման կասեն տեղը:
8. Հիշեք, որ երեխան մեղքեր չունի, որովհետև նա դեռ չի կերել ոչ մի դրախտային խնձոր և չի կարողանում տարբերել բարին չարից:
9. Մի սովորեցրեք Ձեր երեխային այնպիսի բաներ, որոնցից նա հետո ստիպված է լինելու երկար և տանջալից հետ վարժվել:
10. Բացատրեք Ձեր երեխային, որ նա պետք է սովորի իրեն համեստ և պատշաճորեն պահել, որպեսզի ոչ ոք գլխի չընկնի իր իսկական մտադրությունների մասին:
11. Եթե Դուք վստահ եք, որ երեխան ինքը գիտի իր իսկ հարցի պատասխանը, այդպես էլ ասեք նրան: Առաջարկեք նրան, որպեսզի հենց ինքը պատասխանի այդ հարցին և գովեք ճիշտ պատասխանի համար:
12. Նկատի ունեցեք. եթե Ձեր դեռահաս երեխան անպատկառ է, ինքնավստահ, միշտ ինքն իրեն կասկածում է, անխիղճ է և բարեհոգի, ժլատ է և անշահախնդիր, վստահող է և խորամանկ, անհասկացող է և հանճարեղ, նշանակում է, որ Դուք միանգամայն նորմալ երեխա ունեք:
13. Ուղարկեք երեխային մոր մոտ. թող նա պատասխանի նրա հարցերին:
14. Երես տվեք Ձեր երեխային ինչքան հնարավոր է՝ ավելի հաճախ, և նա կմեծանա նրբազգաց, մեղմ ինքն իր նկատմամբ հանդուրժող մարդ:
15. Երբեք մի բղավեք Ձեր երեխայի վրա հյուրերի ներկայությամբ: Սպասեք, մինչև նրանք կգնան: Իսկ եթե երկար են մնում, ապա շշնջացեք նրա ականջին այն ամենը, ինչ Դուք մտածում եք նրա մասին:
16. Պատրաստելով երեխային կյանքի դժվարություններին, տեսեք, հանկարծ չպոկեք նրա ականջները:
17. Բացատրեք երեխային, որ մարդը, ով խախտում է երթևեկության կանոնները, փողոց դուրս գալուց առաջ պետք է ամուր գրկի ծնողներին և հրաժեշտ տա տնային կենդանիներին, որովհետև, ամենայն հավանականությամբ, տեսնում է նրանց վերջին անգամ:
18. Եթե Ձեր երեխան աղջիկ է, մխիթարեք նրան: Ասացեք նրան, որ դա դեռ ամենասարսափելին չէ: Կարող էր նաև ավելի վատ լինել. նա կարող էր տղա ծնվել:
19. Եթե երեխան մտադրված փորձում է Ձեզ հունից հանել՝ հունից դուրս մի եկեք: Փակվեք ներսից, բարիկադ շինեք և օգնության կանչեք Ձեր կնոջը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Հուլիս 1, 2016
168.am