Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո-2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել են ամենամյա կինոստուգատեսի կազմակերպիչները:
Փառատոնի ծրագիրը, որը կշարունակվի մինչև մարտի 26-ը, ներառում է ավելի քան 30 ֆիլմ: Իրենց աշխատանքները կներկայացնեն աշխարհին դեռևս անհայտ ռեժիսորներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Թունիսից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բրազիլիայից, Արգենտինայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Հնդկաստանից, Նեպալից և Կամբոջայից:
«Նոր ռեժիսորներ» կինոփառատոնը մարտի 15-ին մեկնարկել է ամերիկացի ռեժիսոր Ջերեմի Ջասփերի «Patti Cake» ֆիլմով:
Փառատոնն անցկացվում է արդեն 46-րդ անգամ: Իր հարուստ, գրեթե կեսդարյա պատմության ընթացքում այն մշտապես լայն լսարանին ծանոթացրել է ավելի վաղ քիչ հայտնի տաղանդների հետ, ինչպիսիք են, օրինակ, Պեդրո Ալմոդովարը, Շանտալ Աքերմանը, Քրիսթոֆեր Նոլանը, Լաուրա Պոյտրասը, Սփայք Լին և Քելլի Ռայհարդտը: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը, ինչպես կարծում են կազմակերպիչները, «ներկայացնում են համաշխարհային կինոյի ներկան և ապագան. նրանք համարձակ ռեժիսորներ են, որոնց աշխատանքները դուրս են գալիս ընդունված շրջանակներից և հակասության մեջ մտնում հանդիսատեսների սպասելիքների հետ»:
«Նոր ռեժիսորներ» փառատոնն անցկացվում է Արդի արվեստի թանգարանի և Նյու Յորքի Լինկոլն-կենտրոնի կինոհանրակցության աջակցությամբ: Այն արտամրցութային բնույթ է կրում: Ցուցադրության են ներկայացված ֆիլմեր, որոնց վրա աշխատանքն ավարտվել է այս կամ անցյալ տարի, ինչպես նաև ոչ մի անգամ չեն ցուցադրվել Նյու Յորքում: