Վիրաբույժ․ Որպես վիրաբուժական դեպք, Արթուր Սարգսյանի մահը կանխատեսելի էր. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Վիրաբույժ․ Որպես վիրաբուժական դեպք, Արթուր Սարգսյանի մահը կանխատեսելի էր. azatutyun.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առիթով։

Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական գործը հարուցվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ-պատշաճ կատարելու հատկանիշներով: 49-ամյա Արթուր Սարգսյանի եղբայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Մինչ քննությունը կպարզի, թե ինչու մահացավ «Հաց բերողը», «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետեւանքով։

Բժիշկն ասաց, որ իրենք արել են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար․ – «Ինքը ուներ ճողվածք, բարդացավ օղակումով, օղակումը բերեց անանցանելիության, անանցանելիությունը․․․ զարգացավ պերիտենիտ: Պերիտոնիտը արդեն բերում է հարաբերական անդարձելի փոփոխությունների»:

Արսեն Գրիգորյանը պատմեց, որ ճողվածքը Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել էր տասն օր առաջ, երբ նա դատապարտյալների հիվանդանոցից շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր իրենց բժշկական կենտրոն։ Նրան այդ ժամանակ էին առաջարկել վիրահատություն կատարել, բայց նա հրաժարվել էր՝ գրավոր այդ մասին տեղեկացնելով, սակայն պատճառը չր նշել։

Ավելին մարտի 6-ից հիվանդանոց տեղափոխված Սարգսյանը մարտի 10-ին ինքնակամ լքել էր հիվանդանոցը։

Մարտի 15-ին Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց։ Անմիջապես վիրահատություն էր կատարվել, որի արդյունքում, ըստ վիրաբույժ Գրիգորյանի, պարզվել էր, որ պորտի օղակաձեւ ճողվածքի հետևանքով զարգացել է մեկ այլ հիվանդություն, ինչն էլ արդեն թունավորել էր օրգանիզմը․ – «Որպես վիրաբուժական դեպք, մեր համար սա կանխատեսելի էր: Որովհետև մենք, եթե ընդունում ենք հիվանդ, որը ունի օղակված ճողվածք, մենք նախավիրահատական հիմնավորման ժամանակ հարազատներին և հիվանդին բացատրում ենք նրա շանսերը: Մենք ասում ենք, որ ըստ վիճակագրության, կա այսքան տոկոս մահացություն, որովհետև արդեն դուք դիմել եք բարդությունների փուլում: Բայց ինչն էր բերել Արթուր Սարգսյանի մոտ այս վիճակի, դա չեմ կարող ասել: Ասեմ, որ եթե առաջին հոսպիտալացման ժամանակ նա չհրաժարվեր վիրահատությունից, միանշանակ տասը օր հետո նրա մոտ չէր զարգանա այն նույն ճողվածքի օղակումը»: