Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ: Մարդն անընդհատ ստիպված է այդ ընդունված կերպարներին նմանվել. ոմանք՝ գիտակցաբար, ոմանք էլ՝ ենթագիտակցաբար, որպեսզի հասարակության մեջ ընդգրկված և ընդունված լինեն: Նմանակելիս մարդն ինքնաբերաբար սկսում է համեմատվել, իսկ համեմատությունը երկու գիտակցման է մատնանշում, կամ կերպարի նման լավն եմ, կամ նրանից վատը: Այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում կերպարի չափանիշերին, աստիճանաբար սկսում են իրենց մեջ թերություններ փնտրել՝ դառնալով անինքնավստահ:
Անինքնավստահության առաջացմանը կարող են հանգեցնել տարբեր պատճառներ՝ ծնողների գենետիկական կոդը, ոչ ճիշտ դաստիարակությունը, շրջապատող միջավայրի բացասական ազդեցությունը, զանգվածային լրատվամիջոցները: Փորձենք հասկանալ դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու ազդեցությունը:
- Ծնողների գենետիկական կոդ: Ինչպես բնավորության մի քանի գծեր, այնպես էլ ինքնավստահության պակասը, կարող է ժառանգվել ծնողներից: Եթե ծնողներից գոնե մեկն ունի անինքնավստահություն, հետևաբար՝ երեխան նույնպես հակված կլինի անինքնավստահության և հասարակության մեջ կլինի պակաս նախաձեռնող ու համարձակ, քան իր հասակակիցները: Սակայն, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակից կա ելք. գենետիկան կարելի է փոխել՝ զարգացնելով ներքին համարձակությունը և անձնային ամրությունը:
- Սխալ դաստիարակություն: Ամենակարևոր նախապայմաններից է, քանի որ ծնողները, անգիտակցաբար կամ գիտակցաբար, երեխայի արարքը գնահատելիս նախատում են՝ ասելով հետևյալ արտահայտությունները՝ «Դու չես կարող», «Միշտ սխալ ես անում», «Չդիպչես», «Հանկարծ չփորձես»: Նմանատիպ անխթան խոսքերը երեխային տալիս են ծրագրավորում, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, և նա անպիտան է, արդյունքը՝ անինքնավստահություն:
- Միջավայրի ներգործություն: Մարդու մոտ անինքնավստահությունը հիմնավորվում է շրջապատի անարդար վերաբերմունքի, կարծիքների, շփման մեջ ոչ խոսքային, բայց բովանդակային միմիկաների հետևանքով: Հետևաբար՝ յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ նա անհատականություն է, տեղի չտա և չինքնակերտվի շրջապատի կարծիքի ներքո, չհամեմատվի և լինի ինքնատիպ:
- ԶԼՄ: Բացասական տեղեկատվությունները ենթագիտակցաբար մեզ անընդհատ դեպի անձնային անկում են տանում, մենք սկսում ենք ընկճվել, վատ զգալ, վախենալ, կասկածամիտ դառնալ, և այս ամենի արդյունքում՝ հոգեբանական, հուզական մակարդակը մեզ սկսում է տանել դեպի անինքնավստահ մարդը:
Հոգեբանի դիտարկում.
Անինքնավստահությունն առաջին հերթին արտահայտվում է շփման վախից, քանի որ անհատը չի կարողանում.
- Արտահայտել իր զգացմունքները
- Պաշտպանել սեփական հետաքրքրությունները
- Հասկանալ մարդկանց
- Հաստատել փոխհարաբերություններ
- Անսահման քաղաքակիրթ է, վախենում է վիրավորել
- Ամաչկոտ և անհամարձակ է:
Որպեսզի հաղթահարվի անհաջողությունների հանգեցնող անինքնավստահությունը, պետք է նկատի ունենալ, որ.
- Ինչքան շատ շփում, այնքան քիչ անինքնավստահություն
- Կենտրոնանալ բուն շփման վրա, այլ ոչ թե՝ վախի կամ դրան բերող մտքերի
- Շփման ժամանակ կենտրոնանալ զրուցակցի, այլ ոչ թե՝ սեփական անձի վրա:
Զրույցի ժամանակ անհրաժեշտ է.
- Խոսել հստակ և բարձր
- Նայել ունկնդրի աչքերին
- Մարմինը թողնել ազատ և ինքնաբուխ
- Բարձրաձայնել սեփական ցանկությունները, պահանջները և զգացմունքները՝ օգտագործելով ԵՍ դերանունը:
- Ինչ-որ բան խնդրելիս ներողություն չհայցել:
10 խորհուրդ հոգեբանից.
- Սիրեք և հարգեք ինքներդ Ձեզ
- Պարբերաբար զգացեք այն դրական կերպարը, որը ցանկանում եք կերտել
- Կենցաղային իրավիճակներում փոխեք ձեր վարքը
- Գովեք Ձեզ ամենափոքր ձեռքբերման ժամանակ
- Շատ շփվեք
- Խուսափեք ինքնաքննադատությունից
- Մի համեմատեք Ձեզ այն անսխալական իդեալի հետ, ում կերտել եք Ձեր պատկերացումներում
- Մի կենտրոնացեք հնարավոր անհաջողությունների վրա, մեղքի զգացումն ու ինքնապախարակումն արդյունքի չեն հանգեցնի
- Մի դրեք Ձեր առաջ գերպահանջներ
- Ամեն օր Ձեր առաջ դրեք խնդիր և լուծեք այն Ձեր հնարավորության սահմաններում:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան