Մասնագիտությամբ բանասեր և բանաստեղծ Արամայիս Մնացականյանն արդեն չորս տարի աշխատում է մաշտոցյան այբուբենը խմբագրելու ուղղությամբ: Առաջարկում է պարզեցնել լեզուն, ընդհուպ մինչև խոսել ու գրել ոչ այնպես, ինչպես հիմա` այդ ճանապարհին կրճատելով այբուբենի տառերի քանակը:
Նա կարծում է՝ ոչ ավելի, ոչ պակաս 28 տառը կարող է լիուլի բավական լինել` ներկայիս 39-ի փոխարեն և որ լեզվի ու ժողովրդի շահերից է բխում, որ այբուբենից հանվեն «Ե ե», «Ձ ձ», «Յ յ», «Պ պ», «Ջ ջ», «Ռ ռ», «Տ տ», «Ու ու», «Ք ք», «Եվ և», «Ֆ ֆ» տառերը: Այդ տարբերակի կիրառելիությունն ու արդյունավետությունը բանաստեղծը ստուգել է իր պոեզիայի մեջ:
Ի դեպ, ավելորդ տառերից ձերբազատված լեզուն պետք է կոչվի արերեն, իսկ նորացված այբուբենը «Արէն Աբէն» կամ «Աբէն»: Հենց այդ ավելորդ ու անհիմն տառերն են, ըստ մեր զրուցակցի, արևելահայերենը բերել եռաստիճան բաղաձայնային համակարգի՝ անջրպետելով արևմտահայերենից:
Արամայիս Մնացականյանը, որը նաև արերեն անուն ունի՝ Արակ, համոզված է, որ դարերի ընթացքում զարգացած ու հղկված բանավոր խոսքը ճիշտ կերպով չի արտահայտվել գրավոր խոսքում և դրանք իրարից շատ են հեռացել: «Գրավորը, ի վերջո, ծնվել է բանավորից: Եթե ծնվել ես բանավորից, բարի եղիր հնարավորին չափ հավատարիմ, ճշգրիտ լինել»,- ասում է նա: Ու հիմա բանասեր Մնացականյանը փորձում է մոտեցնել դրանք:
«Այն այբուբենը, որ ի սկզբանե մեզ ներկայացրին որպես մաշտոցյան, արդեն խնդիր ուներ, բոլոր լեզվաբանները դարերի ընթացքում ընդունել են՝ «ու» պարզ ձայնավորը ճիշտ չէ արտահայտված այդ այբուբենում: Իմ առաջարկած այբուբենը այսօր ինձ համար գործածելի և կիրառելի է որպես 28 տառերի համակարգ, չնայած չորս տարվա ընթացքում այն անցել է կրճատվելու մի քանի փուլ և այսօր վերջնական է: 11 տառ պակասել է, և դա ինձ չի խանգարում այս այբուբենով պոեզիա ստեղծել»,- շարունակում է նա:
Արերեն իր բանաստեղծություններում Արակը, օրինակ, «ոսկեփետուր» բառը գրում է «օկսէփէթոր», վերծանելը՝ «վէրծէնոմ», հայրը»՝ «հէր» կամ «աթ», «սրտումը»՝ «սիրթոմ», «մայրակոչը»՝ «մէրակճ»: Ընդ որում, նրա ոտանավորներում շատ քիչ են հանդիպում մեզ ծանոթ ուղղագրությամբ ու հնչողությամբ բառեր:
Արամայիս Մնացականյանը գոհունակությամբ բացատրում է, որ նոր այբուբենի կիրառության ժամանակ նաև մաղվելու է արերեն դարձած հայերենի բառապաշարը: Բայց մի՞թե լեզվի հարստությունը լավ բան չէ: Փոփոխությունների ջատագով բանաստեղծի կարծիքով՝ բնավ էլ չէ: «Մեր բառապաշարը որ հասցրել ենք 127, 130, 270 հազարի, անգլերենի բառարանում ընդամենը 50 հազար բառ կա, ինչպես է, որ անգլերենը 50 հազար բառով աշխարհ է գրավել, մեզ պետք է 270 հազար բառ հորինել, որ լեզուն կոչենք ճոխ»,- չի համաձայնում Արակը:
Ու թեպետ նա, ըստ էության, նոր լեզու է առաջարկում՝ իր բանավոր ու գրավոր դրսևորումներով, իսկ այբուբենը փոփոխելուց հետո էլ ձեռնամուխ պետք է լինել քերականական ու ուղղագրական բազմաթիվ այլ փոփոխությունների, փոխարենը հուսադրում է ֆինանսական միջոցների ու նաև ժամանակի ակնկալվող խնայողությամբ: Նաև պատմում է մի դրվագ՝ Բեռնարդ Շոուի հետ կապված.
«Սա ազգային մեծ ու պատմական ծրագիր է, որի մի մասը շահավետ բիզնեսի տարր ունի: Ինձ համար բիզնեսը ոչ թե որոշակի գործողություն է, այլ մարդկային մտավոր, հոգևոր և ֆիզիկական պոտենցիալի գործադրում: Հիմա սա ինչքանով է բիզնես ծրագիր. եթե ես գործածում եմ 28 տառով այբուբենը, ես արդեն հրաժարվում եմ 11 տառի ավելորդ գրությունից, համակարգչով ավելորդ տպելուց, իսկ 11 տառի խնայողությունը պայմանականորեն եմ ասում, այսօր մեր ազգին կարող է տալ տարեկան 11 միլիարդ դոլարի խնայողություն: Իսկ ամեն մի տառի գրությունը և արտասանությունն էլ արդեն մեր կյանքի իմաստով կտա խնայողություն, որ մենք ավելորդ հնչյուններ չենք արտաբերի և չենք կիրառի: Կա այսպիսի մի պատմական փաստ, պատերազմից հետո Բեռնարդ Շոուն դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ առաջարկելով պարզեցնել անգլերենը: Եվ հիմնավորումները, իհարկե, կային, բայց ինքը գրեց՝ եթե մենք մեր լեզուն պարզեցնենք ուղղագրության իմաստով, կխնայենք այնքան գումար, ինչքան որ վատնել ենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Մեծ Բրիտանիան, իհարկե, չգնաց այդ քայլին, բայց Արակը կարծում է, որ հայերս կարող ենք լինել առաջինը և օրինակելի դառնալ մյուս ժողովուրդների համար՝ բաբելոնյան աշտարակը նորից միասնաբար կառուցելու ձգտումով: Մեր ժողովրդի ու երկրի ներկայիս տխուր ու անփառունակ վիճակն էլ, ըստ Արամայիս Մնացականյանի, կապված է հենց այբուբենի հետ:
Իր առաջարկները նա ներկայացրել է պետական բոլոր մարմիններին: Վերջիններիս, սակայն, դրանք չեն ոգևորել:
Հ.Գ. Արամայիս Մնացականյանը նաև ամսանուններն ու շաբաթվա օրերի անվանումներըփոխելու ջատագով է: Առաջին դեպքում հռոմեական կայսերի անվանումները գործածելըընդունելի չի համարում, իսկ երկրորդի պարագայում նկատում է, որ ժամանակը շաբաթովչափելը հրեական ծիսակարգին է հատուկ, և պետք է կարևորել օրը: Այսպես, օրինակ, երկուշաբթին արերենով կլինի միօր, այսինքն` առաջին օր, երեքշաբթին` էրօր, այնուհետևհէրօր, արօր, ափօր, շօղօր, ճօթօր:
Իսկ յոթ օրերը միասին` օթօր: Օրինակ, եթե ուզենանքասել` շաբաթվա հինգերորդ օրը, դա կհնչի այսպես` օթօրի ափօր:
«Տոմարագիտությունընույնպես պետք է բխի ազգի լեզվամտածողությունից ու ճիշտ ծառայի բոլորժամանակներում»,- հայտարարում է Արամայիս Մնացականյանը: