Ամերիկացի գրող Սթիվեն Քինգից 500 միլիոն դոլար են պահանջել «Մռայլ աշտարակը» վիպաշարում գրագողության համար, հաղորդում է TMZ-ը:
The Rook կոմիքսների հեղինակ Սթիվեն Գրանտը պնդում է, որ գրքերի գլխավոր գործող անձը՝ Ռոլանդ Դիսքեյնը, պատճենված է իր ստեղծագործության հերոս Ռեսթին Դեյնից: Այսպես, նրանք երկուսն էլ ճանապարհորդում են ժամանակի մեջ, մարտնչում են հրեշների դեմ, չեն ծերանում և սիրում են արկածներ: Նաև նշվում է, որ Դիսքեյնն, ինչպես և Դեյնը, կրում է կովբոյական հագուստ, չնայած ծագումով Վայրի Արևմուտքից չէ:
Գրանտը Քինգին դատի է տվել: Հայցում նշված է, որ «գողացված» գործող անձը պատկերապատումների պրակներում հայտնվում է 1977-ից մինչև 1983 թվականը, իսկ ամերիկացի գրողը հաստատել է, որ ընթերցել է այդ հրատարակությունները:
«Մռայլ աշտարակն» ութ վեպերից բաղկացած մատենաշար է: Շարքը պատմում է հրաձիգ Ռոլանդ Դիսքեյնի թափառումների մասին՝ փնտրելով Մռայլ աշտարակը: Առաջին գիրքը հրատարակվել էԷ 1982 թվականին, վերջինը՝ 2012-ին: Հուլիսին վարձույթ է դուրս գալու վիպաշարի էկրանավորումը՝ Մեթյու Մակքոնահիի և Իդրիս էլբայի մասնակցությամբ: