Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Այս անգամ Instagram-ի իր էջում հետաքրքիր գրառում է կատարել հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեն.
«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին…սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, և երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը, վերջապես, այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարևոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաև հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես, նույնիսկ, նախանձում եմ»,-գրել է նա:
Հավելենք, որ երեկ ֆիլմի մասին գրել է նաև աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու կոչով իր Facebook-ում հանդես էր եկել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը:
«Ուրախ եմ հայտնել, որ շուտով լույս կտեսնի «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է և սխալ: Եկեք չմոռանանք դա և պաշտպանենք մարդու իրավունքները՝ ուր էլ որ լինենք»,-մակագրել է Ջոնը հրապարակած հոլովակը՝ հավելելով, որ ֆիլմից ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:
Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլև համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաև Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը:
Ամբողջությամբ՝ style.news.am