Ինչո՞ւ ԱԺ ընտրություններից առաջ մարդիկ կաշառք վերցրին. Հոգեբանը՝ պատճառների մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ԱԺ ընտրություններից առաջ մարդիկ կաշառք վերցրին. Հոգեբանը՝ պատճառների մասին. asekose.am

«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները  ցույց տվեցին՝ արժեքների շատ լուրջ հետընթաց է տեղի ունեցել»,-արձանագրում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ հասարակությունն աղքատ է, իսկ աղքատ մարդու հոգեբանությունը փոխվում է: Նրա համար շատ դժվար է արժանապատիվ կեցվածք ընդունելը:

«Մտածում ես՝ եթե մարդը 10.000 դրամն է վերցնում, ուրեմն կենսական նշանակություն ունի: Պետք է հասկանալ նրանց հոգեվիճակը՝ միևնույն ժամանակ մտածելով, թե  ինչո՞ւ են այդքան խեղճացել նրանք»,-նշում է հոգեբանը:

Հարցին՝ որտե՞ղ ենք սխալվել, գուցե ընտանիքի՞ց, դպրոցի՞ց է գալիս այս ամենը, Կարինե Նալչաջյանը նկատեց.

«Գիտե՞ք, մարդիկ ծնվում են շատ արդար, մաքուր: Մեծերից մեկը մի խոսք ունի՝  «Երեխաներ, իսկ հետո սրիկաներ: Այսինքն, մարդը կարծես թե պատրաստ է դեպի լավը գնալ: Տեսե՛ք, թե հայ երեխաները առավոտից մինչ երեկո ի՞նչ են դիտում հեռուստատեսությամբ: Անհասկանալի  սերիալներ, «զզվելի հումոր»: Այսինքն, կարևոր է՝ ինչի՞ վրա ես ծիծաղում: Հումորը շատ լուրջ է, այն ինտելեկտուալ ապրում է: Իսկապես ծիծաղելի մի բան ստեղծելու համար շատ մեծ խելք է հարկավոր: Եվ նրանք, որոնց ձեռքում դաստիարակությունը, կրթությունը ու մի շարք լծակներ են, ոչ թե պետք է իջնեն, այլ՝ բարձրանան ու բարձրացնեն: Հաճախ լսում եմ՝ մշակույթի ոլորտի պատասխանատուներն ասում են, թե ժողովուրդը դա է պահանջում, դա ենք տալիս: Ներողություն, ուրեմն ձեր գոյությունն իզուր է»:

Հոգեբանը ընդգծում  է՝ արժեքների անկումն ու աղքատացումը մարդու մոտ ստեղծում են ձեռքբերովի անօգնականություն, այն  է՝ մեկից կախման մեջ լինելը, նվաստանալը, որոշում չկայացնելը.

«Ընտրությունների ժամանակ էլ մտածում  են՝ հազիվ պահը եկել է, էկրաններից երևացող մեծ ու կարևոր մարդիկ էլ ասում են՝ «ես քեզ սիրում եմ» ու ասենք կոշիկի գումար են տալիս, վերցնում է: Նրան մեղադրելը սխալ է, պատճառները պետք է հասկանալ»,-ընդգծեց Կարինե Նալչաջյանը:

Անի Կարապետյան

asekose.am