Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Հայաստանում գտվող ԱՄՆ-ի ճանաչված հետաքննող լրագրողներից մեկը՝ Սթեֆըն Քյուրքչյանը (Stephen Kurkjian) օրերս հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում խոսեց հետաքննական լրագրության մասին, անդրադարձավ «Օսկարի» նոմինանտ «Spotlight» (Ուշադրության կենտրոնում) ֆիլմին, կիսվեց իր փորձառությամբ ու արժեքավոր խորհուրդներ տվեց լրագրողներին: Սթեֆըն Քյուրքչյանն ավելի քան 40 տարի աշխատել է «Բոսթոն Գլոբ» («Boston Globe») թերթում, եղել է թերթի Վաշինգտոնի բաժնի ղեկավարը և «Spotlight» հետաքննող լրագրողների խմբի հիմնադիրներից մեկը: Քյուրքչյանն արժանացել է ավելի քան 25 ազգային և միջազգային մրցանակների, այդ թվում՝ 3 անգամ՝ Պուլիցերյան մրցանակի:
Հայտնի լրագրողը նախ՝ առանձնացրեց «Spotlight» ֆիլմում իր համար կարևոր երկու գործոնները.
«Առաջինը լրագրության գերազանցության այն ստանդարտն է, որը ցուցադրվեց այդ ֆիլմում. այն չափանիշը, որ այդ հոդվածում գրված ցանկացած մեղադրանք, պնդում շատ ճշգրիտ ու կարևոր էր: Դա այն ստանդարտն է, որը ես ու ևս երկու հիմնադիրներ դրել էինք «Spotlight» թիմի հիմքում, որը հիմնադրեցինք 1976թ.: Այդ ստանդարտը պահպանվել է այն ընթացքում, երբ ես եղել եմ «Spotlight» թիմի սովորական լրագրող, այնուհետև, երբ 6-7 տարի աշխատեցի՝ որպես այդ թիմի ղեկավար: Մեր լրագրության հիմնական էությունն այն էր, որ մենք աշխատել ենք առարկայական կարևոր թեմաների շուրջ: Այնպես չէ, որ մենք ուղղակի քննադատել ենք ղեկավարության, ցածր օղակի որևէ պաշտոնյայի: Փոխարենը՝ մենք անդրադարձել ենք կառավարության կողմից մատուցվող այն ծառայություններին, որոնք առանցքային են հանրության կյանքում: «Boston Globe»-ի թիմը հիմնականում զբաղվել է հանրային տրանսպորտի, հիվանդանոցների, հանրային կրթության, բնապահպանության մասին հարցերով, ու դրանով ձեռք բերել հանրության վստահությունը: Լրագրողների համար կարևոր է հիշել, որ նրանք պետք է անդրադառնան պետության կողմից իրականացվող այն կարևոր ծառայություններին, որոնք տրամադրում են իրենց համայնքի համար»:
Ֆիլմում կարևորված երկրորդ գործոնը, ըստ Ս. Քյուրքչյանի, այն էր, որ հերոսը հայ էր. «Ամբողջ պատմությունը կառուցված էր մի հերոսի շուրջ՝ Միշել Ղարիբյանի: Եվ հերոսը՝ խոսելով «Բոսթոն գլոբի» թղթակցի հետ, ասում է ՝այդ սկանդալը բացահայտողը պետք է լիներ դրսից մեկը, և հայերն այդտեղ, այսպես ասած, մերոնքական չեն: Նա ուղղակի նկատի ուներ, որ ելնելով իր ազգությունից՝ այդ անձը չի հանդիսացել Բոսթոնի ղեկավարության անդամ: Եվ նա հարց է տալիս «Բոսթոն Գլոբի» լրագրողին, թե ուրիշ հայի ճանաչո՞ւմ է, նա պատասխանում է՝ այո՛, Սթիվ Քյուրքչյանին: Եթե ընկերներիցս որևէ մեկն ինձ մեղադրի, որ ես այդ ֆիլմում բավարար դեր չեմ ունեցել, ես իրեն կհիշեցնեմ, որ այդ լրագրողն իմ անունն ավելի լավ է արտաբերում, քան ես ինքս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ բոլորս մեզ տանք այն հարցը, թե ինչո՞վ ենք կարևոր, ինչո՞վ ենք տարբերվում մյուսներից՝ ոչ միայն՝ որպես րագրող, այլև՝ որպես հայ.
«Մեզ մյուսներից տարբերում է մեր հաստատակամությունը. մենք չենք հանձնվում: Մյուս գործոնը, որն ավելի սուբյեկտիվ է՝ այն է, որ մենք քարոզում ենք արդարություն և բարեսրտություն: Եթե գիտականորեն հիմնավորենք՝ ինչո՞ւ է այդպես, ապա դա կապված է նրա հետ, որ մենք ենք առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը: Հարյուրավոր տարիներ առաջ մեր բոլոր սերունդները դաստիարակվել ու մեծացել են տասը պատվիրանների հիման վրա, դաստիարակվել են՝ լինել քարոզիչն այն բանի, որ ամեն ինչ արվի ճիշտ ձևով: Կարծում եմ՝ լրագրողի մասնագիտությունը մեզ համար բնական է. էլ ո՞ր այլ բնագավառում կարելի է քարոզել հանրային բարիքի գաղափարը, քան այս մասնագիտության»:
Բանախոսն ազնիվ լրագրությամբ զբաղվելու կոչ արեց լրագրողներին՝ նկատելով. մեր աշխատանքն է՝ լինելով համակարգից դուրս մարդիկ՝ հանրության ուշադրությունը հրավիրել կառավարության թերությունների վրա.
«Մենք վիպասաններ չենք, ու մեր ասելիքը ձևակերպելու համար մեզ փաստեր են պետք: Եթե դուք ուզում եք ցույց տալ, որ հոգեբուժարաններում պատշաճ բուժում չի իրականացվում, ապա հավաքագրեք անհրաժեշտ փաստեր ու դրանցով ցույց տվեք: Մեր օրերում հնարավոր է փաստեր գտնել բոլոր թեմաների շուրջ: Ես կոչ եմ անում, որ իմ ուսանողները լինեն դիտորդ, հետևեն՝ ինչ է կատարվում աշխարհում, ու շատ-շատ ընթերցեն: Նաև կոչ եմ անում, որ լսեն իրենց սրտի ձայնն ու անդրադառնան այն թեմաներին, որոնք իրենց հարազատ են: Ինձ չեն հետաքրքրում մարդկանց բանկային հաշիվները, բայց եթե գան-ասեն, որ միլիոնավոր դոլարներ լվացվում են, ապա ես այդ պատմությունն էլ կվերցնեմ: Սակայն, եթե մտածելու լինեմ, թե ինչ թեմայի անդրադառնամ, ես ուսումնասիրելու եմ այն թեման, որն իմ սրտին մոտ է: Կոչ եմ անում հնարավորինս շատ փաստաթղթերի հետ աշխատել, որպեսզի այն, ինչ լրագրողները տալու են, քննադատության չենթարկվի: Պետք է լինել ազնիվ, արդարացի ու հնարավորինս ամբողջական»:
Ս. Քյուրքչյանը վստահեցրեց, որ հոդվածների միջոցով լրագրողները պետք է ցույց տան ոչ թե այն, ինչ հայտնի է բոլորին, այլ փաստերով ցույց տան, որ տվյալ գերատեսչությունը չի ապահովում այն ծառայությունները, որոնց համար նախատեսված է.
«Մենք չենք գրում այս կամ այն կառավարության համար: Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի: Եթե ձեր գործում չեք կարող լինել լավատես, ապա այլ գործ գտեք: Այս գործում որքան ձեր միտքն է պետք, այդքան էլ ձեր սիրտն է պետք: Ուզում եմ, որ ձեր սրտում հավատաք, որ փոփոխություն բերելու եք ոչ թե մեկ կամ մի քանի հոդվածներից հետո, այլ, որ ձեր հոդվածներով հանգելու եք մի կետի, որ հանրությունը խոսելու է: Այս պարագայում կարևոր չէ, թե ինչ ազգության է ձեր ընթերցողը: Երբ դուք ձեր լուսաբանմամբ անդրադառնում եք կառավարության գործունեության մեջ տեղ գտած արատներին, հանգեցնում եք նրան, որ հանրությունը կանգնի և խոսի»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Հուլիս 11, 2016
168.am