Որոշակի պատկերացումներով մենք կարող ենք բնութագրել, թե ինչպիսին կարող է լինել հոգեբանորեն առողջ մարդը: Ենթադրվում է, որ նրանք չեն տառապում դեպրեսիայով և տագնապայնությամբ, պոռթկուն չեն, ավելի երջանիկ են, գոհունակ և ազատ: Քննարկենք այն հիմնական վարքային, հուզական, մտածողության հատկանիշները, որոնք մարդուն պահում են հոգեբանական առողջ վիճակի մեջ: Դրանք հետևյալն են.
Նրանք ունակ են քննարկել և վերանայել երկու հակառակ տեսակետներ:
Ճիշտ-սխալ, լավ-վատ, հավանել-չհավանել, տաղանդավոր-անտաղանդ: Մեր ուղեղը միշտ ուղղված է՝ ամեն ինչ տեղավորել ըստ դարակների, տարանջատել իրադարձությունները, երևույթները և շրջապատող մարդկանց՝ ըստ իրարամերժ դասակարգումների: Սա արտահայտվում է այն դեպքում, երբ կա իրավիճակ, թե ինչ ենք մտածում մեր և մեր արարքների մասին, և, թե ինչպես ենք դատում մեզ շրջապատող մարդկանց վարքը: Խոսքն այն մասին է, որ անձը չի տեսնում միայն սևն ու սպիտակը, նա կարող է տեսնել նաև մոխրագույնը: Հոգեբանորեն առողջ մարդը բանավեճի ժամանակ զրուցակցին կարող է ասել, որ նրանք միասին և՛ ճիշտ են, և՛ սխալ: Նա կարող է ցանկացած իրավիճակում ընդունել, որ ինչ-որ երևույթ միաժամանակ և՛ հիասքանչ է, և՛ ահավոր, կամ ինչ-որ մեկը կարող է բարին կամենալ, սակայն վնաս հասցնել: Այսինքն՝ յուրաքանչյուր իրավիճակում, ցանկացած իրադարձություն նրանք կարող են ընդունել, որ այդպես էլ կարող է լինել, և դրան համապատասխան արձագանքն արդեն հոգեբանական առողջություն կներշնչի օրգանիզմին: Հակասություններն այդքան էլ անհամատեղելի չեն, որքան թվում են: Եվ այն անհատը, ով ունակ է միաժամանակ դիտարկել երկու տեսակետ, ունակ է առավել օբյեկտիվ դիտարկել ինքն իրեն և շրջապատող մարդկանց ու իրավիճակները, քան նա, ով միայն տեսնում է սև և սպիտակ:
Նրանք կարողանում են շփում հաստատելիս վերահսկել հույզերը:
Հույզերի կառավարումը մի բան է, իսկ շփումը՝ այլ: Երկու ունակություններին տիրապետել միաժամանակ՝ շատ դժվար է: Ունակություն՝ կառավարել սեփական ցավն ու ցասումը, և հավասարակշռված բացատրել դիմացինին այն, ինչ զգում եք: Կառավարել նյարդայնությունը և իրավիճակը բացատրել այնպես, որ զրուցակիցն այն հասկանա: Այս ամենը նույնպես վկայում է առողջ հոգեբանության մասին:
Նրանք շատ լավ ճանաչում են իրենց:
Արդյո՞ք մենք հասկանում ենք սեփական հակազդման պատճառները: Գիտակցո՞ւմ ենք՝ ի՞նչ ենք զգում և ինչո՞ւ: Ինչո՞ւմ են մեր ուժեղ և թույլ կողմերը: Որո՞նք են մեր տաղանդները: Ի՞նչ ենք սիրում: Ի՞նչ է Ձեզ պետք և ի՞նչը Դուք չեք ուզում: Ինչքան լավ մենք գիտենք մեզ, այնքան ավելի կայունորեն կարող ենք հաղթահարել դժվարությունները, առավել լավ կարողանում ենք ներել մեզ մեր սխալների համար և ընդունել ճիշտ որոշումներ:
Նրանց ինքնատիպությունը հարմարավետություն է հաղորդում սեփական անձին:
Նման մարդիկ ունակ են լինել ինքնատիպ և լինել երջանիկ: Եթե ցանկանում եք պարզել՝ Դուք նրանց շարքո՞ւմ եք, թե՞ ոչ, տվեք ինքներդ Ձեզ հետևյալ հարցերը. Հարմարավետ զգո՞ւմ եք Ձեզ, երբ մենակ եք՝ առանց զվարճանքների: Ունա՞կ եք գտնվել ներկայում՝ առանց մտահոգվելու անցյալով, ապագայով և չմտածելով ինչ-որ անծանոթ մարդու կամ երևույթի մասին: Կարո՞ղ եք ուղղակիորեն զգալ, ընդունել սեփական զգացմունքները և փորձել հասկանալ դրանք:
Նրանք ունակ են ռիսկի դիմել:
Հարմարավետության սահմաններից դուրս գալը պահանջում է կամքի ուժ և կայունություն: Ինքնաբացահայտեք Ձեզ հետևյալ հարցերի միջոցով: Պատրա՞ստ եք ռիսկի դիմել: Ունա՞կ եք ինքնուրույն հաղթահարել ենթադրվող անհաջողության հետևանքները: Արդյո՞ք բավականին լավ եք ճանաչում ինքներդ Ձեզ, որպեսզի հստակեցնեք, թե հանուն ինչի կարելի է ռիսկի դիմել: Կարո՞ղ եք ինքներդ Ձեզ ներել սեփական անհաջողության համար: Հիշեք, միայն ուժեղ մարդն է ունակ գիտակցված ռիսկի դիմել, իսկ անհաջողության դեպքում հաղթահարել հաջորդող հետևանքները և շարժվել առաջ:
Եթե վերը նշված առանձնահատկությունների և հատկությունների միջև չկարողացաք ընդհանրություններ գտնել Ձեր տեսակի հետ, ապա առավել արդյունավետ կլինի հետևել հոգեբանի մի քանի խորհրդի, որոնք Ձեզ կուղղորդեն դեպի առողջ հոգեբանություն:
Պետք չէ ջանալ անպայման ճիշտ լինել:
Հրաժարվելով անընդհատ ճիշտն ապացուցել՝ Դուք կարող եք իրերը նորովի ընկալել և տեսնել ամբողջական պատկերը, իսկ դա իմաստնության կարևորագույն բաղադրիչներից է: Դուք կդադարեք ամեն ինչ դասակարգել սևի և սպիտակի, ինչը հնարավորություն կտա և ինքներդ Ձեզ, և դիմացինին դիտարկել այլ տեսանկյունից: Ունակ լինել տեսնել հակասությունները, կնշանակի՝ լավ հասկանալ սեփական զգացմունքները, որոնք իրականում հաճախ լինում են իրարամերժ:
Սովորեք գիտակցումը մարզել:
Գիտակցում, նշանակում է՝ ինքդ քեզ զգալ այստեղ և հիմա, կենտրոնացնելով ուշադրությունը դեպի ներաշխարհ, դեպի այն, ինչ անում և զգում ես: Այս ունակությունը կարևոր է՝ ինքդ քեզ հասկանալու և ընդունելու համար: Այդ իսկ պատճառով գիտակցման մարզումը հանգեցնում է հոգեկան և ֆիզիկական առողջության:
Սովորեք անհաջողություններն ընկալել այլ տեսանկյունից:
Անհաջողությունը քաջության նշան է: Դուք անհաջողություն եք արձանագրել, ապա դիմել եք ռիսկի և դուրս եք եկել հարմարավետության սահմաններից: Եթե ճիշտ տեսանկյունից դիտարկենք անհաջողությունը, այն կարող է մեզ շատ բան սովորեցնել:
Ինքնաճանաչումը և ինքնաընդունումը, ինչպես նաև՝ մեր գիտակցումը մարզելն ու շփման մեջ հույզերը ճիշտ արտահայտելը հնարավորություն կտա գնալ խելամիտ ռիսկի և ստանալ դրանից հնարավորինս շատ տեղեկատվություն: Ժամանակի ընթացքում այն Ձեզ կտա փորձ և հաջողությունների արձանագրում, որոնց մասին Դուք միայն երազել եք:
Կամիլա Խաչատրյան
հոգեբան
168.am