ՏԵՄՊՈՒՍ ծրագրի «Մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը» (PICASA) նախագծի համակարգող Երևանի պետական համալսարանն ապրիլի 19-ից 20-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «Համալսարանի միջազգայնացում` ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով:
Գիտաժողովի շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկեր հաստատությունները կներկայացնեն ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքները: Նախագծի գործընկեր Մ. Յորիսը (Բելգիա) նաև լսարանին կներկայացնի ծրագրի ընթացքում մշակված միջազգայնացման ձեռնարկը:
Գրանցումը կսկսվի ապրիլի 19-ին ժամը 09:30-ին: Գիտաժողովը կսկսվի ժամը 10:00-ին, ԵՊՀ Գիտխորհրդի դահլիճում:
Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Նախագծի նպատակն է մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը: «ՊԻԿԱՍԱ» նախագծին որպես հիմնական գործընկերներ մասնակցում են բուհեր Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Բելառուսից:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
• Միջազգային բաղադրիչը ներդնել համալսարանների դասավանդման, ուսումնամեթոդական ու գիտական գործառույթներում` համապատասխան ռազմավարությունների ու գործընթացների մշակման և իրականացման հիման վրա,
• մշակել միջազգայնացման տարրեր ուսումնական ծրագրերի գործառնականացման, դասավանդողների ու ուսանողների փոխանակման, համալսարանների տեխնիկական համագործակցության համար,
• ուսանողների, դասավանդողների, վարչական աշխատողների շրջանում նույնականացնել ու զարգացնել նոր հմտություններ` միջազգայնացման խթանման նպատակով,
• նպաստել մշակութային զարգացմանը, որով արժեվորվում են միջմշակութային ու միջազգային հեռանկարները: