Ժամանակակից հայ գրականությունը շարունակում է իր զարգացումը: Շատերը գուցե քիչ են տեղեկացված հայ ժամանակակից գրականությանը, չգիտեն՝ ինչ գործեր են լույս տեսնում, իսկ ոմանք էլ այն համոզմանն են, թե չկա ժամանակակից հայ գրականություն: Նրանց համար, ովքեր չեն ընդունում հայ ժամանակակից գրականության զարգացումը, երիտասարդ գրող Արամ Պաչյանը, համագործակցելով «Դարակ» հրատարակչության հետ, վերահրատարակեց մեծ տարածում գտած իր «Ցտեսություն, Ծիտ» վեպը, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:
Թե ինչո՞ւ նորից հրատարակվեց վեպը, շատ պարզ է. Արամ Պաչյանի ընթերցողները շատ են, իսկ նախորդ տպաքանակն արդեն սպառվել էր։ Ի դեպ, «Դարակ» հրատարակչության վեպի և հեղինակի ընտրությունը կատարվել է անցկացված հարցումների շնորհիվ:
Նշենք, որ «Դարակ» հրատարակչությունը սկիզբ է դրել մի ծրագրի, ըստ որի՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպի վաճառքից ստացված ամբողջ շահույթով կհրատարակվի մեկ այլ երիտասարդ գրողի առաջին ստեղծագործություն: Ի դեպ, «Ցտեսություն, Ծիտ»-ը ևս Արամ Պաչյանի առաջին վեպն է եղել, որն առաջին անգամ լույս է տեսել 2012 թվականին: Հարցին՝ արդյոք փոփոխություններ կատարվե՞լ են գրքում, Արամ Պաչյանը պատասխանեց.
«Երբ վերընթերցեցի վեպը, հասկացա, որ ամեն ինչ վատ էր, բայց նաև հասկացա, որ խորը փոփոխությունների չպետք է գնամ, փոփոխությունները շատ մեծ չեն, մի քանի նախադասություն միայն»:
Նա նաև նշեց, որ վեպը հրատարակվել է հինգ տարի առաջ, բնականաբար, կան բավականին տարբերություններ՝ այն ժամանակվա գրողի և ներկայիս գրողի միջև, ինչը բոլորովին բնական է, որովհետև այն ժամանակ շատ երիտասարդ էր, դեռևս փորձառության շրջանում էր, և ուներ այնպիսի մոտեցումներ, որոնք նա հիմա չի ընդունում։ Գրքում, սակայն ամբողջական փոփոխություններ կատարելը կարող էր դիտվել որպես էթիկայի կանոնների խախտում, այդ իսկ պատճառով գրողը զերծ է մնացել փոփոխություններից:
Գրքի անգլերեն թարգմանությունը կատարել է Նաիրի Հախվերդին:
«Շատ դժվար ընթացք է ունեցել գրքի թարգմանությունը, և չէի կարող դասական ձևով թարգմանել այն, մի նախադասությունը պետք է մոտ մի 10 անգամ կարդայի, որպեսզի հասկանայի: Ա. Պաչյանը սիրում է խաղալ բառերի, նախադասությունների հետ»,-ասաց թարգմանիչը:
Հետագայում ծրագրվում է նաև «Ցտեսություն, Ծիտ» վեպի այլ լեզուներով թարգմանությունը:
Արփինե Հախվերդյան