Գիտնականները որոշել են ավելի քան 1 մլրդ աստղերի գտնվելու վայրը
Advertisement 1000 x 90

Գիտնականները որոշել են ավելի քան 1 մլրդ աստղերի գտնվելու վայրը

Գիտնականներն ավելի քան 1 մլրդ աստղերի կատալոգ են ստեղծել այն տվյալների շնորհիվ, որոնք ստացվել են Gaia տիեզերական աստղադիտակի օգնությամբ: Այս մասին հայտնել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ):

«Կազմված կատալոգն ամենախոշորն Է աստղային երկնքի՝ երբեւիցե ստեղծված բոլոր քարտեզներից»,- Մադրիդում ելույթ ունենալով աստղային ատլասի շնորհանդեսին, ընդգծել է Էնթոնի Բրաունը, հետազոտող, որը ԵՏԳ-ի աստղադիտակի օգնությամբ ստացվող տվյալները մշակող գիտնականների խմբի անդամ է:

Ստեղծված քարտեզը ծավալուն է: Դրանում նշված են 1,142 միլիարդ աստղերի գտնվելու վայրը եւ համարները, նրանց շարժման հետագծերը եւ նրանց միջեւ առկա տարբեր հեռավորությունները:

«Gaia աստղադիտակն ամենակատարյալ աստղաչափական գործիքն է, օբյեկտների միջեւ տարածությունը որոշում է այնպիսի ճշտությամբ, որին երբեք ավելի վաղ դեռ չի հաջողվել հասնել»,- ընդգծել է Ալվարո Խիմենեսը, որը ԵՏԳ-ի գիտական բաժնի վարիչն է:

Gaia տիեզերական աստղադիտակը գործարկվել է 2013 թվականին եւ իր գիտահետազոտական առաքելությունն սկսել է 2014 թվականի հուլիսին:

Ներկայացված աստղային ատլասը, որը հետագայում կճշգրտվի եւ կլրացվի, հիմնված է այն տվյալների վրա, որոնք աստղադիտակի օգնությամբ հավաքվել են 2014 թվականի հուլիսից մինչեւ 2015 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am