«Դեպի վայրեջք» 25 մասանի ֆիլմում, որը պատմում է թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, նկարահանվում է նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը: Այս անգամ Մերին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դրական հերոսուհու է մարմնավորում, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Նախ պետք է ասեմ, որ Ելենա Արշակյանի հետ արդեն բախտ ունեցել եմ աշխատելու «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Այն ժամանակ բացասական կերպար էի մարմնավորում, բայց այս անգամ առաջարկը եղավ դրական հերոսուհու համար, որը միանգամից ուշադրությունս շեղեց, քանի որ հեռուստադիտողը ինձ դեռ չի տեսել դրական կերպար մարմնավորելիս: Միաժամանակ, պետք է ասեմ, որ սա դրական կերպար է` լի գույներով, նաեւ հոգեբանական շատ բարդ դրսեւորոումներով. մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի այն լինի հետաքրքիր»,- նշեց Մերին:
Դերասանուհին հրաժարվեց մանրամասնել, թե իր հերոսուհին ի՞նչ գործառույթ կունենա ֆիլմում.
«Չեմ ցանկանա պատմել, թե ինչ իրավիճակներում է հայտնվելու հերոսուհիս, միայն կնշեմ, որ այս նախագծում աշխատում եմ տաղանդավոր դերասաններ Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Գրիգորյանի, Էմմա Մանուկյանի եւ այլոց հետ: Սա նորություն է լինելու հայկական կինոինդուստրիայում, համոզված եմ, որ այս նախագիծը մեծ արձագանքն է ունենալու, այն հաստատ հեռուստադիտողի ուշադրությունը կշեղի ու գամված կպահի հեռուստաէկրանների առաջ: Այս պրոեկտը այնքան ինտրիգային է լինելու, որ անակնկալները ավարտից հետո էլ շարունակվելու են, այն աննախադեպ է մեր հեռուստադաշտում, դրա համար չեմ ուզում փակագծերը բացել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Մերին վստահ է` իր կերտած նոր հերոսուհուն հեռուստադիտողը կսիրի, նա բնավ մտավախություն չունի, թե մարդիկ ինչպե՞ս իրեն կընկալեն դրական կերպարով.
«Կարծում եմ` դերասանի համար կարեւոր չէ` դրական, թե բացասական հերոսի ես մարմնավորում: Երկու դեպքում էլ կարելի է հետաքրքիր խաղով ու գույներով ներկայացնել կերպարդ: Համոզված եմ, որ հեռուստադիտողն ինձ ավելի շատ է սիրելու դրական կերպարում, որովհետեւ այն ձանձրացնող չի լինի, ունի ներքին ողբերգություն ու շատ հետաքրքիր երանգներ»,- հավելեց դերասանուհին:
Մերի Հակոբյանի խոսքով` այս ընթացքում ուժերի մեծ մասը կենտրոնացրել է այս ֆիլմաշարի վրա, որից հետո` մայիսին կմասնակցի «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին.
«Զբազվածությունս ահռելի է, ծավալուն աշխատանք ենք տանում ու հիմա ողջ մտքերս կենտրոնացած են այս նախագծի վրա: Միաժամանակ, նկարահանմանս զուգահեռ պատրաստվում եմ մայիսին կայանալիք «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին, որտեղ Հայաստանն եմ ներկայացնելու: Այնպես որ, գրաֆիկս ծանր է, բայց նաեւ այս ամենն ինձ շատ հաճելի է»,- նկատեց Մերին: