Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին: Ձևավորվում են արժեքային համակարգի նոր շերտեր, դրսևորվում է նորովի ինքնագիտակցումը, սեփական ԵՍ-ի ձևավորումը մի քանի փուլերով՝ հուզական, սոցիալական, ինտելեկտուալ, գիտակցական: Դեռահասը նման է լինում մի նավի, որը նավարկում է բաց ծովում, սակայն չունի ղեկ: Ինքնափնտրումը հիմնական դրսևորումներից է: Երեխան ցանկանում է հասկանալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ինչպե՞ս ինքնուրույն անել՝ առանց մեծահասակների օգնության, ինքնադրսևորվել: Այս ամենն իրականանում է, բնականաբար, սոցիալական տարբեր փոխհարաբերություններում: Դրանք կարող են արտահայտվել հետևյալ միջավայրերում.
- ընտանեկան՝ ծնող-երեխա-քույր կամ եղբայր
- ուսումնական հաստատություն՝ ուսուցիչ-երեխա-հասակակից
- հասարակական միջավայր՝ երեխա-անծանոթ-մեծահասակ
Այս բոլոր միջավայրերում դեռահասի անձի դրսևորումն ու դրա հետ առաջացող դժվարությունները տարբեր են լինում՝ թե՛ դերային, թե՛ արժեքային տեսանկյուններից:
Դեռահասի անձը
Հարաբերականորեն հանգիստ կրտսեր դպրոցական տարիքից հետո դեռահասության տարիքը չափազանց բարդ է և բուռն։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով, հատկապես շատ փոփոխություններ դիտվում են անձի ձևավորման առումով։ Դեռահասի գլխավոր առանձնահատկությունն անձնական անկայունությունն է։ Հակադիր գծերը, ձգտումները, միտումները գոյակցում են միմյանց հետ՝ պայմանավորելով դեռահասի բնավորության և վարքի հակասականությունը։
Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության» զգացումը և «Ես կոնցեպցիան»։
Երբ ասում են, որ երեխան մեծանում է, նկատի ունեն նրա պատրաստվածության կայացումը կյանքին՝ մեծահասակների հասարակությունում, ընդ որում՝ որպես նրա լիիրավ անդամ։ Իհարկե, դեռահասը հեռու է մեծ լինելուց՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, թե՛ սոցիալապես։ Նա օբյեկտիվորեն չի կարող ներառվել մեծահասակի կյանք, բայց ձգտում է և հավակնում մեծահասակի հետ հավասար իրավունքների։ Նոր դիրքը դրսևորվում է տարբեր ոլորտներում, հաճախ՝ արտաքին տեսքի, շարժուձևի մեջ։ Ֆիզիկական Ես-ի և ինքնագիտակցության վրա ազդում է սեռական հասունացման տեմպը։ Ուշ սեռահասունացմամբ երեխաները հայտնվում են պակաս բարենպաստ պայմաններում. աքսելերացիան առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում անձնային զարգացման համար։ Տղաների համար հասունացման ժամկետները չափազանց կարևոր են։ Ֆիզիկապես առավել զարգացած տղան ուժեղ է, հաջողակ սպորտում և գործունեության այլ տեսակներում։ Նրան վերաբերվում են՝ որպես մեծահասակի։ Ընդհակառակը, ուշ հասունացմամբ տղային հաճախ որպես երեխա են վերաբերվում՝ առաջացնելով նրա դիմադրությունը, գրգռվածությունը։ Այսպիսի տղաները հաճախ փորձում են ուշադրություն գրավել անբնական միջոցներով, նրանց մոտ հաճախ ձևավորվում է ցածր ինքնագնահատական, մերժվածության զգացում։
Հասակակիցների հետ շփում
Դեռահասության տարիքում ոչ միայն բուռն զբաղվում են տարբեր զբաղմունքներով, այլև նույնքան հուզականորեն շփվում են հասակակիցների հետ։ Շփումը ներթափանցում է դեռահասների ամբողջ կյանք՝ հետք թողնելով նրանց ուսման, ոչ ուսումնական զբաղմունքների, ծնողների հետ հարաբերությունների վրա։ Առավել բովանդակալից, խորը շփում հնարավոր է ընկերական հարաբերությունների դեպքում։ Այս տարիքի առաջնային գործունեությունն ինտիմ-անձնային շփումն է։
Դեռահասների ընկերությունը բարդ, հաճախ հակասական երևույթ է։ Դեռահասը ձգտում է մոտ, հավատարիմ ընկերոջ, բայց անընդհատ փոխում է ընկերներին։ Սովորաբար նա ընկերոջ մեջ փնտրում է նմանություն, սեփական ապրումների և դիրքորոշումների ըմբռնում և ընդունում։ Լսելու և ապրումակցելու ունակ ընկերը դառնում է յուրօրինակ հոգեթերապևտ։ Նա կարող է ոչ միայն օգնել լավ հասկանալու ինքդ քեզ, այլև հաղթահարելու սեփական անվստահությունը, բազմաթիվ կասկածները, զգալու ինքդ քեզ՝ որպես լիարժեք անձ։ Եթե ընկերը, զբաղված լինելով իր սեփական գործերով, անուշադրություն դրսևորի կամ այլ կերպ գնահատի իրավիճակը, միանգամայն հնարավոր է հարաբերությունների ընդհատում։ Այս դեպքում դեռահասն իրեն միայնակ զգալով՝ նորից կսկսի փնտրել իդեալ և ձգտել առավել ամբողջական հասկացման. որի դեպքում, չնայած ամեն ինչին, իրեն սիրում են և արժևորում։
Դեռահասության տարիքում մոտ ընկերները, որպես կանոն, հասակակիցներ են, նույն սեռի, սովորում են նույն դասարանում, պատկանում են միևնույն սոցիալական միջավայրին։
Շարունակելի:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան