Չինաստանի Հեֆեյ քաղաքի գիտատեխնոլոգիական համալսարանի մասնագետները ամերիկացի լրագրող Քևին Քելիի համար հարցազրույց են կազմակերպել Ցզյա Ցզյա մարդանման ռոբոտի հետ: Հումանոիդը չի կարողացել պատասխանել ոչ մի հարցի, ինչի մասին գրել է The South China Morning Post թերթը:
Հարցազրույցը տեղի է ունեցել Skype-ով՝ անգլերեն լեզվով: Հարցին՝ որտեղ է գտնվում Չինական մեծ պատը, Ցզյա Ցզյան պարզապես պատասխանել է՝ «Չինաստան»: Նա նաև չի կարողացել նշել անգլերեն այբուբենի տառերի թվաքանակը, իսկ արհեստական ինտելեկտի շուրջ երկխոսություն վարելու փորձ անելիս անկապ բաներ է ասել: Բոլոր պատասխաններն ուղեկցվել են տևական դադարներով:
Ռոբոտն ստեղծելու համար ինժեներներին պահանջվել է շուրջ երեք տարի: Խմբի ղեկավար Չեն Սյաոպինը վստահ է, որ հարցերից շատերը բավականին բարդ էին և, նրա կարծիքով, Ցզյա Ցզյան «լավ պատասխաններ» էր տալիս: Սակայն հանդիսականները, որոնք հետևում էին լրագրողի հետ հումանոիդի խոսակցությանը, հիասթափություն են հայտնել և զարմացել, որ նա Alexa և Siri ասիստենտներից ավելի վատ է պատասխանել:
«Ռոբոտ աստվածուհի» Ցզյա Ցզյան ներկայացվել է 2016 թվականի ապրիլին: Նա ծրագրավորված է մարդկանց հետ շփվելու համար և պատկառանքով գլուխ է խոնարհում զրուցակիցների առջև: Նույն այդ կոլեկտիվն ավելի վաղ մշակել է Կեցզյա ծառայական ռոբոտին, որն առաջին տեղն է գրավել 2014 թվականի RoboCup-ի առաջնությունում: